«Հրապարակ». Մեր սահմանին չենք հանդուրժի գեթ մեկ ամերիկացի զինվոր
Tue, 03 Nov 2026 11:45:54 +0400

ՀՀ Աժ-ն 2026 թ. հոկտեմբերի 28-ին վավերացրեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» ռազմավարական ենթակառուցվածքների եւ տարանցման համաձայնագիրը։ TRIPP-ի վերաբերյալ մտահոգությունների մասին Իրանի ռազմաքաղաքական վերնախավը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, սակայն նաեւ նշում են, որ ՀՀ ներկայիս իշխանությունները վստահեցրել են, որ ԹՐԻՓՓ-ը չի լինելու Իրանի դեմ գործիք, եւ իրենք հավատում են դրան: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին, օրերս անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի համաձայնագրին, ասաց, որ Հայաստանում այս նախագծի վերաբերյալ տարբեր տեսակետներ են հնչում, ինքը չի ուզում այս հարցի մեջ խորանալ, քանի որ սա Հայաստանի ներքաղաքական հարցն է:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք արդեն իսկ շատ թափանցիկ, հստակ ձեւով ներկայացրել ենք մեր ունեցած մտահոգությունները տվյալ պրոյեկտի շուրջ որոշակի հավանական սցենարների վերաբերյալ, այդուհանդերձ, վստահ ենք, որ երկու երկրների դրական եւ կառուցողական հարաբերությունների մթնոլորտում կկարողանանք ցանկացած մարտահրավեր, որ կարող է առաջանալ այս ճանապարհին, միմյանց հետ կառավարել: Այն, ինչ մեզ համար կարեւոր է, թե՛ ԹՐԻՓՓ պրոյեկտի, թե՛ ցանկացած այլ հարցի քննարկման ժամանակ, այն է, որ պետք է պահպանվեն, հարգվեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը․․․ եւ որեւէ երրորդ կողմ երբեք չպիտի կարողանա որեւէ հարց կամ որեւէ մարտահրավեր ստեղծել երկու երկրների խոր եւ ռազմավարական հարաբերություններում»,- ասաց դեսպանը: Խալիլ Շիրղոլամին շեշտեց, որ իրենց այս մոտեցումը երկու երկրների կառավարությունների եւ պաշտոնյաների միջեւ խորհրդակցությունների եւ քննարկումների ժամանակ կիրառվելու է, եւ վստահ է, որ կկարողանան համագործակցության եւ մշտական կապի արդյունքում լուծել ցանկացած հարց:
Իրանական կողմը ցանկանում է քննարկումների կայուն եւ ստաբիլ որեւէ ձեւաչափ ունենալ, որը կօգնի՝ քննարկելու այս նախագծի շրջանակներում առաջացող ցանկացած հարց, եւ կկարողանան խնդիր առաջանալու դեպքում արագ հարթել: «Այս հարցում մեր մոտեցումը կանխակալ չէ, մենք ունենք լուրջ մտահոգություններ եւ Հայաստանի Հանրապետությունից ակնկալում ենք, որ մեզ տրվի այն վստահեցումը, որ Հայաստանի եւ Իրանի սահմանին որեւէ այլ օտար ուժի ներկայություն չի լինելու, եւ որեւէ կերպ որեւէ մեկը հայ-իրանական սահմանին եւ դրան հարակից շրջանում չի կարողանա վտանգ ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության համար: ՀՀ պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակում եւս բազմիցս հաստատել են այդ վստահությունը, հաստատել են, որ նմանօրինակ որեւէ նախադեպ չի լինի: Հենց այդ փոխադարձ վստահությունն էլ տվյալ հարցում մենք ընդունում ենք որպես երաշխիք, որ երբեք այս նախագիծը չի շեղվի իր ճանապարհից եւ որեւէ վտանգ Իրանի համար չի ստեղծի: Բնականաբար, պետք է արդեն սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանն ու տեսնենք, թե գործընթացն ինչպես է ընթանում: Ցանկացած պահի էլ, ըստ տեղի ունեցող զարգացումների ու պայմանների, մենք մեր դիրքորոշման մասին կհայտնենք»,- ասաց Իրանի դեսպանը:
Մեր հարցին, որ ԹՐԻՓՓ-ի առյուծի բաժինը փաստացի ԱՄՆ-ին է պատկանում, եւ այնպիսի արտոնություններ են տվել ամերիկյան կողմին, որ դա ավելի շատ արտատարածքային միջանցքի կարգավիճակ է հիշեցնում, իսկ ՀՀ ԱԳ նախարարն էլ նշել է, որ չգիտի, թե միջանցքն ինչ տարածքներ է ընդգրկելու, հետեւաբար՝ կա՞ հավանականություն, որ հայ-իրանական սահմանը կարող է չլինել, իրանական կողմն այս սցենարին պատրա՞ստ է, Շիրղոլամին ասաց, որ այս պրոյեկտի տեխնիկական մասշտաբները դեռ քննարկման փուլում են: «Կարծում եմ, որ այս հարցում պրոյեկտի իրականացման մեխանիզմները հենց պրոյեկտի չափ կարեւորություն ունեն, այսինքն՝ կարեւոր է, թե ինչ մեխանիզմով է այն իրականացվելու: Ինչո՞ւ են դրանք կարեւոր, քանի որ նախեւառաջ հենց այդ մեխանիզմների հիման վրա են ստեղծվում այն երաշխիքները, որ այս պրոյեկտի շրջանակներում պահպանվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը: Եվ հենց դրանք են, որ պետք է ստեղծեն այն երաշխիքները, որ որեւէ միջանցք չստեղծվի, որը տվյալ երկրի ինքնիշխանությունից դուրս օրենքներով է եւ տվյալ երկրի ինքնիշխանության տիրույթից դուրս է գործում: Եվ, իհարկե, նաեւ կարեւոր է, որ տրվեն երաշխիքներ, որ օտար որեւէ ռազմական ուժ տվյալ պրոյեկտի շրջանակներում չի լինի: Նմանօրինակ տեխնիկական հարցերը ՀՀ կառավարությունն իր գործընկերների հետ մշակում եւ աշխատում է, մենք էլ մեր հայ գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք: Եվ մենք հուսով ենք, որ ՀՀ կառավարությունն այս մեխանիզմների նախագծման, նախապատրաստման աշխատանքներում կունենա ճշգրիտ, զգույշ մոտեցում, եւ հուսով ենք, որ այս մեխանիզմները Հայաստանի համար լավագույնս կմշակվեն ու կնախագծվեն»,- շեշտեց դեսպանը: Շիրլողամին հավելեց, որ ցանկացած իրավիճակում ըստ առկա իրականության են որոշումները կայացնում եւ դրանց վերաբերյալ իրենց տեսակետներն ու դիրքորոշումը հայտնում: Իսկ հայ-իրանական սահմանին կհանդուրժե՞ն թեկուզ միջազգային կազմակերպության անվան տակ, բայց փաստացի ամերիկյան ազդեցության տակ գտնվող որեւէ ուժի, Շիրղոլամին ասաց․ «Մենք մեր որեւէ սահմանի մոտ ամերիկյան որեւէ ռազմական ներկայություն չենք հանդուրժի: Ընդհանրապես կարեւոր չէ, թե որ սահմանը դա կլինի: Ամերիկան եւ հատկապես Թրամփի կառավարությունն արդեն լավագույնս ապացուցել են իրենց խոր թշնամանքն Իրանի հանդեպ: Ուստի, նույնիսկ մեկ ամերիկացի զինվորի ներկայությունն Իրանի որեւէ սահմանի մոտ մենք համարում ենք անմիջական վտանգ եւ դա չենք հանդուրժի»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր