Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ

Tue, 03 Nov 2026 13:45:01 +0400


Հոկտեմբերի 25-ին Արթիկ խոշորացված համայնքում կայացան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ինչպես հայտնի է, ընտրությունների նախօրեին՝ «լռության օրը», անցավ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված ռեպրեսիաների ֆոնին։ Ընդդիմության քաղաքապետի և ավագանու թեկնածուները բերման ենթարկվեցին, ողջ օրը գտնվում էին իրավապահների ճնշման տակ, քննարկվում էր նրանց կալանավորման հարցը։ Բերման էին ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների թեկնածուները, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն։
Այդ գործողություններն ունեին մեկ հստակ նպատակ. քվեարկությունից առաջ հոգեբանական ճնշում գործադրել ընդդիմադիր թևի վրա, ընտրողների շրջանում հիասթափություն առաջացնել ընդդիմության նկատմամբ եւ նվազեցնել նրանց քվեները, ինչը մասամբ հաջողվեց իշխանություններին։ Այնուամենայնիվ, ընտրությունները կայացան, թեպետ բուն քվեարկության օրը նույնպես արձանագրվեցին բազմաթիվ խախտումներ։ Չնայած դրան՝ ձայների նախնական հաշվարկից անմիջապես հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Անանիկ Ոսկանյանն ու նրա թիմակիցներն արդեն իսկ բարձր տրամադրությամբ տոնում էին իրենց «հաղթանակը»` հավաքել էին ձայների մոտ 75 տոկոսը։

Քվեարկության նախնական տվյալներով՝ Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է քվեների 10,53%-ը (1840 ձայն)։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակն առաջնորդում է գործարար Արթուր Աստոյանը, հավաքել է 8,84% (1545 ձայն), Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը ստացել է 5,82% (1017 ձայն)։ Արթիկի համայնքապետարանի ավագանին բաղկացած է 27 մանդատից։ Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի կարգավորումների՝ եթե նախնական արդյունքները պահպանվեն, ընտրություններին մասնակցած բոլոր 4 քաղաքական ուժերն էլ կհաղթահարեն անցողիկ շեմը և կմտնեն նորընտիր ավագանու կազմ։
Նախնական հաշվարկներով մանդատները կբաշխվեն հետևյալ համամասնությամբ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 20 մանդատ, «Ազատ դեմոկրատները»՝ 3 մանդատ, իսկ «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ Փորձեցինք զրուցել ընդդիմադիր թեկնածուների և հետ՝ հասկանալու համար նրանց տրամադրվածությունն ու պարզելու՝ պատրաստվո՞ւմ են արդյոք վերցնել ավագանու մանդատները։

«Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը, որի գլխավորած ուժը ստացել է 2 մանդատ, «Հրապարակ»-ին ասաց, որ մեծ հավանականությամբ վերցնելու են մանդատները, քանի որ ժողովուրդն իրենց վստահել է և քվե տվել։ Հարցին՝ արդյոք հանդես են գալու ընդդիմադի՞ր դիրքերից, Վահրադյանն ասաց. «Մենք մեր դիրքերը չենք զիջելու, վերջիվերջո մեզ ձայն են տվել, վստահել են, փորձելու ենք թեկուզ այդ երկու մանդատով քաղաքի համար հնարավորինս անել»։ Իսկ գո՞հ են արդյունքներից և արդյո՞ք նախընտրական ռեպրեսիաները չեն ազդել ընտրության ելքի վրա, ասաց. «Բա ո՞նց չազդեցին, իհարկե ազդեցին»։
Ի տարբերություն Վահրադյանի՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը հրաժարվեց խոսելուց, միայն նշեց, թե հստակ որոշում կայացնելուն պես իրենք նախապես հանդես կգան հայտարարությամբ։ Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու, Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանն էլ պատճառաբանեց, թե իր հետ կապ հաստատելու համար շատ անհարմար պահ ենք ընտրել. «Չեմ խոսելու, շատ անհարմար է, ես զբաղված եմ, այս պահին չեմ կարող ոչինչ ասել»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Tue, 03 Nov 2026 11:01:00 +0400 «Բարգավաճ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով