Դատախազություն, տոհմածառ կազմո՞ղ ես, թե՞ քաղաքական հետապնդման գործիք
Tue, 03 Nov 2026 16:47:40 +0400

Դատախազությունը լավ տոհմածառ կկազմեր, կամ` ժամանակակից լրատվամիջոց կլիներ, այն էլ` ընթերցողների կենցաղային հետաքրքրություն ները բավարարող լրատվամիջոց: Այսօր դատախազությունը մի հաղորդագրություն է տարածել, որտեղ հպարտացել է, որ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն: Ապա ներկայացրել է ապամոնտաժված շենքերի ցանկը, որտեղ բոլոր սեփականատերերի ազգակցական կապերը թվարկված են: Այսինքն, խնդիրը ոչ թե Սեւանի ափը մաքրելն է` ջրի բարձրացման համար ճանապարհ հարթելը, այլ ոմանց անունը շահարկելը, քաղաքական նկատառումներից ելնելով` նրանց ազգակցական կապերը ներկայացնելը, թերեւս` նաեւ չքավոր զանգվածին հրահրելը, թե տեսեք` Սեւանի ափին այս մարդիկ տներ ունեն:
Գրել են, որ դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպները և թեքահարթակը։ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու կողմից ապօրինի կառուցված առանձնատունը։ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից ապօրինի կառուցված քոթեջը։ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը։ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը): Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը։ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը։
Բացի այդ` դատարան հայցեր են տարել այս անձանց պատկանող շենքերն ու շինությունները բռնագրավելու մասին:
Դեռ մի կողմ թողնենք այն, որ դատախազությունը վերածվել է քաղաքական գործիքի` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի թիրախների եւ մասնակցում է նրա սանձազերծած քաղաքական հետապնդումներին: Չենք քննարկում նաեւ այն, որ Արցախը ու հազարավոր շենքեր, շինություններ, կառույցներ, ճանապարհներ, դիրքեր թշնամուն հանձնած իշխանությունը մեծ եռանդով ավերում-քանդում է նաեւ Հայաստանում կառուցված տարբեր շենքեր-շինություններ, եւ ոչ միայն Սեւանի ափին: Մի պարզ հարց տանք քաղաքական հետապնդման գործիք դարձած դատախազությանը` ինչո՞ւ եք նշում ինչ որ քոլիկի, քոթեջի սեփականատիրոջ եղբորը կամ հորը: Նպատակը ո՞րն է` քանդում-ավերում եք իբրեւ թե ափն ազատագրելու համար, դրա հետ ի՞նչ կապ ունի, թե այդ պարիսպի տիրոջ եղբայրը կամ հայրն ով է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր