Ոչ դու ես 2018-ի Նիկոլը, ոչ ժողովուրդը․ խելքդ գլուխդ հավաքիր
Wed, 04 Nov 2026 14:15:40 +0400

Ընդդիմության ղեկավարները ձերբակալված են, բայց դա, ինչպես տեսնում ենք, չի հանգստացնում Փաշինյանին։ Սահմանադրական փոփոխություններն օրակարգ բերելը նրա համար այնքան կարևոր է, որ նախապես փորձում է վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։ Ամայացնում է քաղաքական դաշտը՝ կարծելով, թե եթե ընդդիմության ղեկավարներին մեկուսացնի, ապա դիմադրող այլևս չի լինի։
Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի անդամների անձնական բնակարաններում, Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։ Խուզարկություններ են կատարվում նաև նրանց մերձավորների բնակության վայրերում։ Միաժամանակյա խուզարկություններ են ընթանում 65 հասցեներում։ Քննչական վարույթն իրականացնում է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գործն առնչվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, ինչով էլ պայմանավորված է ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում, գրասենյակներում և ընկերության հետ առնչվող անձանց հասցեներում իրականացվող գործողությունների ծավալը։
Այնպիսի տպավորություն է, ասես Փաշինյանը կարծում է, թե ընդդիմության բոլոր ղեկավարներին ձերբակալելով՝ վերջնականապես կվերացնի քաղաքական դիմադրությունը։ Այլևս ոչ ոք չի խանգարի իրեն, ոչ ոք չի հակադրվի, ոչ ոք չի համարձակվի հարցեր տալ։ Կմնա ինքը՝ իր ծրագրերով, իր որոշումներով ու իր պատկերացրած քաղաքական դաշտով։
Բայց մի կարևոր հանգամանք մոռանում է՝ ընդդիմության ղեկավարներից բացի՝ ժողովուրդ էլ կա։ Եվ այդ ժողովուրդը դեռ իր խոսքը չի ասել, դեռ ոտքի չի ելել։ Քաղաքական դաշտը կարելի է ամայացնել, քաղաքական գործիչներին՝ մեկուսացնել, կազմակերպություններին՝ ճնշել, բայց հասարակության դժգոհությունը ձերբակալել հնարավոր չէ։
Ավելին՝ որքան իշխանությունը փորձում է վերացնել քաղաքական դիմադրությունը վարչական ու ուժային միջոցներով, այնքան ավելի է ընդգծվում, որ նա քաղաքական մրցակցության փոխարեն նախընտրում է քաղաքական դաշտի վերահսկողությունը։ Բայց վերահսկելի քաղաքական դաշտը դեռ վերահսկելի հասարակություն չէ։
Փաշինյանին թվում է, թե ազատվելով ընդդիմության ղեկավարներից՝ ազատվում է նաև ժողովրդի հնարավոր ընդվզումից։ Մոռանում է, որ ընդդիմության ղեկավարները ոչ թե ժողովրդի դժգոհության հեղինակներն են, այլ ընդամենը կարող են կազմակերպել, ուղղորդել և վերահսկելի դարձնել այդ դժգոհությունը։ Իսկ երբ դժգոհությունը կուտակվում է, այն այլևս միայն քաղաքական ղեկավարների ներկայությամբ կամ բացակայությամբ չի պայմանավորվում։
Եվ եթե նրան թվում է, թե ժողովուրդը դեռ 2018-ի այն ժողովուրդն է, որին կարելի էր առաջնորդել խոստումներով, հույսերով ու մեծ սպասումներով, ապա չարաչար սխալվում է։ Վեց-յոթ տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են մարդկանց սպասումները, պատկերացումները, վերաբերմունքը։
Սոցիալական ցանցերում մի արտահայտություն է շրջանառվում, որը, կարծես, հենց այս իրավիճակին է վերաբերում.
«Ոչ դու ես 2018-ի Նիկոլը, ոչ ժողովուրդը․ խելքդ գլուխդ հավաքիր»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր