Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Եզակի ժառանգություն եւ ողբերգական ճակատագիր

Եզակի ժառանգություն եւ ողբերգական ճակատագիր

Wed, 04 Nov 2026 22:00:31 +0400


Նիկոլայ Գավրիլիի Բունիաթյանը (1878-1943) հատուկ տեղ ունի հայկական ճարտարապետության պատմության մեջ։ Նա եղել է խորհրդային Երեւանի առաջին ճարտարապետը, միջազգային հուշարձանների հետազոտությամբ է զբաղվել ու հանդիսացել է մեկն այն մասնագետներից, որոնք դրել են Հայաստանի նորացված մայրաքաղաքի ճարտարապետության հիմքերը։ Բունիաթյանի մասնագիտական ճանապարհը կարելի է բնութագրել որպես հին ժառանգության եւ ժամանակակից քաղաքային միջավայրի համադրության ճանապարհ։

Մասնագիտական ճարտարապետական կրթությունը Բունիաթյանը ստացել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսման շրջանում զբաղվել է պատմական կառույցների չափագրմամբ եւ ուսումնասիրմամբ, հետազոտել է դրանց կոնստրուկտիվ առանձնահատկությունները։ 1914 թվականին՝ ակադեմիան ավարտելուց հետո, միացել է Նիկողայոս Մառի՝ Անիի հետազոտական արշավախմբին։ Այդ պատմական արշավի ժամանակ ուսումնասիրել է Պալատական եկեղեցին, աշխատել է Շիրակավանի եւ Երերույքի տաճարների վրա։ 1915 թվականին լույս է տեսել Անիի Պալատական տաճարի մասին նրա գիտական աշխատությունը։ Հետագայում էլ Բունիաթյանը շարունակել է ուսումնասիրել հայկական ճարտարապետության պատմական կոթողները, հատկապես՝ Գառնու տաճարը։ 1933 թվականին Գառնու տաճարի մասին առանձին աշխատություն է հրատարակել՝ եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Ճարտարապետական անալիզ է արել, ներկայացրել վերականգնման տարբերակները։

1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի հրավերով Բունիաթյանը տեղափոխվել է Երեւան։ Նրա առաջ մեծածավալ խնդիր է դրվել՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի գլխավոր հատակագիծը մշակել այնպես, որ դառնա իրական լիարյուն կյանքով ապրող քաղաք՝ իր փողոցներով, բնակելի թաղամասերով, հանրային կառույցներով, ենթակառուցվածքներով։ Թամանյանը մշակել է քաղաքաշինական հիմնական սկզբունքները, իսկ Բունիաթյանը կազմակերպել է քաղաքային խորհրդին կից ճարտարապետական պլանավորման արհեստանոցի աշխատանքները՝ անմիջականորեն մասնակցելով գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին։

Բունիաթյանի ճարտարապետական ժառանգությունը ներառում են հյուրանոցներ, բանկեր, դպրոցներ, հանրակացարաններ, բնակելի տներ, արդյունաբերական շենքեր, հանրային շինություններ Երեւանում։ Բունիաթյանի ստեղծագործական ձեռագրի հիմնական առանձնահատկությունն ազգային ճարտարապետության ավանդույթների համադրումն է ժամանակակից կոնստրուկցիաների հետ։ 1926 թվականի Լենինականի երկրաշարժից հետո նա ուսումնասիրել է շենքերի վնասվածքները եւ կազմել խորհրդատվական ցուցումներ՝ սեյսմիկ վտանգավոր գոտիներում գտնվող շենքերի կառուցման համար։ Ճարտարապետը նաեւ զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Մասնակցել է Հայաստանում ճարտարապետական կրթության ձեւավորման եւ զարգացման աշխատանքներին, 36 թվականին գլխավորել է պրոֆիլային ամբիոնը։ 1930-ականների ստալինյան հալածանքները չեն շրջանցել նաեւ Բունիաթյանին։ Նա ձերբակալվել է, աքսորվել։ Վերադարձից հետո՝ կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում, զբաղվել հայկական ճարտարապետության հետազոտություններով։ Մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 13-ին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օսիպ Մանդելշտամ՝ «Ճամփորդություն դեպի Հայաստան»

Օսիպ Մանդելշտամ՝ «Ճամփորդություն դեպի Հայաստան» Wed, 28 Oct 2026 21:00:46 +0400 Ռուս հայտնի գրող Օսիպ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով