«Սան Սիրոյի» վերջը մոտենում է․ Միլանի երկու գրանդները ներկայացրել են նոր՝ շքեղ մարզադաշտը
Fri, 30 Oct 2026 20:45:51 +0400

Միլանի ֆուտբոլային երկու գրանդները՝ «Միլանն» ու «Ինտերը», նոր էջ են բացում իրենց պատմության մեջ։ Հոկտեմբերի 29-ին ակումբները պաշտոնապես ներկայացրել են Միլանի նոր մարզադաշտի նախագիծը, որը կոչվելու է Generali Stadium։ Այն նախատեսված է փոխարինելու լեգենդար «Սան Սիրոյին»՝ դառնալով երկու թիմերի նոր տնային մարզադաշտը։
Նախագիծը ներկայացվել է հոկտեմբերի 29-ին՝ Միլանի պատմական Կաստելո Սֆորցեսկո ամրոցում (Castello Sforzesco) կազմակերպված միջոցառման ընթացքում։ Նոր մարզադաշտի անվանումը կապված է իտալական Generali ապահովագրական ընկերության հետ, որը դարձել է կառույցի գլխավոր անվանակոչման գործընկերը։
Նոր մարզադաշտը կառուցվելու է Սան Սիրոյի շրջանում՝ ներկայիս Ջուզեպե Մեացա մարզադաշտի հարակից տարածքում։ Այսինքն՝ խոսքը ոչ թե Միլանի մեկ այլ հատվածում նոր մարզադաշտ կառուցելու, այլ պատմական մարզական համալիրի տարածքի ամբողջական վերափոխման մասին է։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներառում է 281 հազար քառակուսի մետր տարածքի վերակառուցում՝ մարզադաշտից բացի նախատեսելով նաև կանաչ գոտիներ, հասարակական տարածքներ, ժամանցի և առևտրի կենտրոններ։
Նախագծի հեղինակներն են աշխարհահռչակ Foster + Partners ճարտարապետական ընկերությունը և մարզական կառույցների նախագծման մասնագիտացված MANICA ընկերությունը։ Աշխատանքները ղեկավարում են ճարտարապետներ Նորման Ֆոսթերն ու Դեյվիդ Մանիկան, որոնք նախկինում համագործակցել են նաև Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի նախագծման շուրջ։
Նախագծի համաձայն՝ նոր մարզադաշտը կունենա շուրջ 71 500 հանդիսականի տարողություն։ Այն առանձնանալու է X-աձև կոնստրուկցիայով, կրկնակի կորությամբ տանիքով և երկու հարկով տրիբունաներով։ Նախագծողները հատուկ ուշադրություն են դարձրել երկրպագուների՝ խաղադաշտին հնարավորինս մոտ գտնվելուն, տեսանելիությանը և մարզադաշտում մթնոլորտի ապահովմանը։ Նախատեսվում է նաև արևային էներգիայի օգտագործում, բնական օդափոխության համակարգ և ակուստիկ լուծումներ։
Ինչ վերաբերում է շինարարության ժամկետներին, ապա ակումբների պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ աշխատանքները նախատեսվում է սկսել 2028 թվականին, իսկ նոր մարզադաշտում առաջին հանդիպումը նախատեսված է անցկացնել 2031/32 մրցաշրջանում։ Այս ժամկետները, սակայն, կախված են անհրաժեշտ նախագծային և վարչական թույլտվությունների ստացումից։ Հատկանշական է, որ ավելի վաղ Միլանի քաղաքապետարանն ու Լոմբարդիայի մարզային իշխանությունները նպատակ էին դրել թույլտվությունների գործընթացն ավարտել մինչև 2027 թվականի ամառը՝ հնարավորություն ստեղծելով շինարարությունը սկսելու նույն տարվա երկրորդ կեսին։ Սակայն հոկտեմբերի 29-ին ներկայացված ակումբների վերջնական հաղորդագրությունում արդեն նշվում է 2028 թվականը։
Ի՞նչ է լինելու լեգենդար «Սան Սիրոյի» ճակատագիրը։
Նոր մարզադաշտի կառուցման ծրագրի ամենաքննարկվող հատվածներից մեկը ներկայիս Ջուզեպե Մեացա մարզադաշտի ապագան է։ Տարիներ շարունակ քննարկվող քանդման հարցն այժմ արդեն անցել է գործնական փուլ։
2025 թվականի նոյեմբերի 5-ին «Միլանն» ու «Ինտերը» պաշտոնապես ձեռք են բերել Միլանի քաղաքապետարանին պատկանող Սան Սիրոյի մարզական համալիրն ու հարակից տարածքները։ Գործարքի շրջանակում ստեղծվել է Stadio San Siro S.p.A. ընկերությունը, որի միջոցով էլ իրականացվում է նախագիծը։
Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ նախատեսված չէ մարզադաշտի ամբողջական քանդումը։ Միլանի քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ նոր մարզադաշտի կառուցումից հետո ներկայիս Ջուզեպե Մեացան ենթարկվելու է մասնակի ապամոնտաժման։ Պահպանվող հատվածը նախատեսվում է վերափոխել և օգտագործել այլ նպատակներով։ Այսպիսով, Սան Սիրոյի որոշ հատվածներ կշարունակեն գոյություն ունենալ նաև նոր մարզադաշտի կառուցումից հետո։
«Սան Սիրո»․ գրեթե մեկդարյա ֆուտբոլային պատմություն
Նոր մարզադաշտի կառուցման ծրագիրը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն Միլանի երկու ակումբների, այլև համաշխարհային ֆուտբոլի համար։ Չէ որ խոսքը մարզադաշտի մասին է, որն արդեն շուրջ մեկ դար համարվում է ֆուտբոլային աշխարհի ամենահայտնի ու խորհրդանշական կառույցներից մեկը։
«Սան Սիրոն» պաշտոնապես բացվել է 1926 թվականի սեպտեմբերի 19-ին։ Առաջին հանդիպումը կայացել է «Միլանի» և «Ինտերի» միջև․ այն ավարտվել է միլանյան թիմի 3։6 հաշվով պարտությամբ։ Սկզբնական շրջանում մարզադաշտը նախատեսված էր բացառապես «Միլանի» համար, իսկ «Ինտերը» այնտեղ իր հանդիպումներն անցկացնելու հնարավորություն է ստացել 1947 թվականից։
1980 թվականին մարզադաշտը պաշտոնապես անվանակոչվել է իտալական ֆուտբոլի լեգենդ Ջուզեպե Մեացայի պատվին։ Նա հանդես է եկել երկու միլանյան ակումբներում և Իտալիայի հավաքականի կազմում երկու անգամ դարձել աշխարհի չեմպիոն՝ 1934 և 1938 թվականներին։
«Սան Սիրոն» ընդունել է ֆուտբոլի պատմության ամենակարևոր հանդիպումներից մի քանիսը։ Այն հյուրընկալել է 1980 թվականի Եվրոպայի առաջնության, ինչպես նաև 1990 թվականի աշխարհի առաջնության խաղերը։ Վերջինիս ընթացքում մարզադաշտը ենթարկվել է խոշոր վերակառուցման՝ ստանալով իր այժմյան ճանաչելի տեսքը՝ երեք հարկանի տրիբունաներով և արտաքին հսկայական հենասյուներով։
Մարզադաշտի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչները։ «Սան Սիրոն» այդպիսի հանդիպումներ է ընդունել չորս անգամ՝ 1965, 1970, 2001 և 2016 թվականներին։
1965 թվականին այստեղ «Ինտերը» 1։0 հաշվով հաղթել է պորտուգալական «Բենֆիկային»՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնների գավաթը։ 1970 թվականին եզրափակչում «Ֆեյենորդը» լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով առավելության է հասել «Սելթիկի» նկատմամբ։ 2001 թվականին Մյունխենի «Բավարիան» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Վալենսիային», իսկ 2016-ին մարզադաշտը դարձել է Մադրիդի երկու գրանդների՝ «Ռեալի» և «Ատլետիկոյի» պատմական դիմակայության թատերաբեմը։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ 11-մետրանոցներով հաղթել էր «Ռեալը»՝ նվաճելով իր պատմության 11-րդ Չեմպիոնների լիգայի գավաթը։
Այսպիսով, գրեթե 100 տարվա պատմություն ունեցող մարզադաշտը, որը եղել է համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ պատմական իրադարձությունների կենտրոնում, աստիճանաբար զիջելու է իր տեղը նորագույն մարզական կառույցին։ Սակայն «Սան Սիրոյի» պատմությունը, անկասկած, կմնա ֆուտբոլային աշխարհի հիշողության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր