Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Երգիչ Մհեր Արմենիային վտարել են բնակարանից. Բանկը պատրաստ է վերադարձնել, եթե նա վարկը վճարի

Երգիչ Մհեր Արմենիային վտարել են բնակարանից. Բանկը պատրաստ է վերադարձնել, եթե նա վարկը վճարի

Thu, 05 Nov 2026 16:25:09 +0400


Երգիչ Մհեր Արմենիան, որը մի քանի օր առաջ էր հորը հողին հանձնել, երեկ ահազանգել էր, որ «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ փորձում են իրեն, կնոջն ու անչափահաս երեխային վտարել բնակարանից։ Երգիչը հայտարարել էր, որ դա անօրինական է, խախտում են իր ընտանիքի իրավունքները եւ այլն։ Մհեր Արմենիայի խոսքով՝ այդ բնակարանը ձեռք է բերել 2014 թվականին՝ հիփոթեքային վարկավորմամբ։ Մինչև 2020 թվականը վարկի վճարումները կատարել է, 2020 -ից՝ կորոնավիրուսի համավարակի և պատերազմական իրադարձությունների հետևանքով, մշակութային գործունեությունը դադարել է, ինչի հետևանքով ֆինանսական դժվարություններ են առաջացել եւ վարկը չի փակել։ Երգիչը նշում է, որ 2021-2022 թվականներին ինքը սնանկ է ճանաչվել, իսկ բնակարանի սեփականության իրավունքն անցել է «Հայէկոնոմբանկին»։

Մհեր Արմենիայի փոխանցմամբ՝ բանկի ներկայացուցիչները պնդում են, որ ինքը ապօրինի ներխուժել է բանկին պատկանող բնակարան, մինչդեռ ինքը բանկի ղեկավարության հետ ունեցել է բանավոր պայմանավորվածություն, իսկ բնակարանի բանալիներն իրեն տրամադրել են հենց բանկի ներկայացուցիչները։ Ինքը փորձել է բանակցել վարկային պարտավորությունները մեկ այլ բանկ տեղափոխելու և վերավարկավորման շուրջ, սակայն սնանկության կարգավիճակը բարդացրել է դա։ Երգիչը վիճարկում է բանկի պահանջած գումարի չափը, ասում է, որ սնանկության գործընթացում հաստատված պարտքը կազմել է 183 հազար դոլար, մինչդեռ այժմ բանկը պահանջում է 245 հազար դոլար։ Մհեր Արմենիան ասել է, որ չի պատրաստվում ինքնակամ լքել բնակարանը. «Ես վշտի մեջ եմ, իրենք ասում են՝ դուրս արի։ Անչափահաս երեխաս, կինս․․․ ո՞ւր գնանք հիմա։ Երեխան վախեցել է այսքան անծանոթ մարդկանց ներկայությունից»։

Երգիչը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ի վերջո իրեն վտարել են տնից. «Քովիդից հետո էլ վճարումներ չկատարեցի, քանի որ սնանկի գործը սկսվեց, հետո դատական պրոցեսներ, և այլն: Ես այդպես էլ չեմ կարողացել հանդիպել Խաչատուր Սուքիասյանի հետ, նա երկրում չէ: Մեզ հանեցին, վտարեցին բնակարանից: Հիմա բարեկամի տանն ենք ապրում»: Հարցրեցինք` մարդիկ ասում են, որ Դուք բնակարանի համար էիք անցել Փաշինյանի իշխանության կողմը, որպեսզի աջակցեն ձեզ, երգիչն ասաց. «Աբսուրդ է: Մարդկանց անհեթեթ մեկնաբանություններն են դրանք: Ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ես հիմա փորձում եմ այլ բանկի միջոցով համագործակցեմ, և բնակարանիս հարցը լուծեմ` վերավարկավորվեմ այլ բանկով»:

Բարձրացած աղմուկի առիթով հայտարարություն է տարածել նաեւ «Հայէկոնոմբանկը».
«Սնանկության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ի վճռով Մհեր Անդրանիկի Մեսրոպյանը ճանաչվել է սնանկ։ Վերջինս «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ ունեցել է չկատարված պարտավորություններ, որոնց ապահովման միջոց է հանդիսացել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/5 շենքի թիվ 13 բնակարանի անշարժ գույքը։ Օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում Բանկը ներկայացրել է իր պահանջը, իսկ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Սնանկության դատարանը թույլատրել է գրավադրված գույքն իրացնել աճուրդով։

Քանի որ կազմակերպված աճուրդների ընթացքում գնորդներ չեն գտնվել, Բանկի դիմումի հիման վրա Դատարանը 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ թույլատրել է գույքը պարտքի մի մասի դիմաց փոխանցել Բանկի սեփականությանը։ Նույն թվականի հոկտեմբերի 18-ին գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է օրենքով սահմանված կարգով, ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել է նաև Մհեր Մեսրոպյանը։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ Բանկի նպատակը երբևէ չի եղել ստեղծված իրավիճակը սրելը կամ այն հարկադրանքի միջոցով լուծելը։ Հակառակը՝ սնանկության գործընթացի սկզբից ի վեր Բանկը բազմիցս հնարավորություն է տվել Մհեր Մեսրոպյանին կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը։

Ավելին, նույնիսկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո Բանկը պատրաստակամություն է հայտնել այն վերադարձնելու՝ պարտավորությունների կատարման պայմանով և նշված ժամանակահատվածում հարկադրանքի որևէ գործողություն չի իրականացրել, և Մհեր Մեսրոպյանը շարունակել է բնակվել նշված բնակարանում։ Սակայն այդ հնարավորությունները չեն հանգեցրել ակնկալվող արդյունքին, և պարտավորությունները շարունակել են մնալ չկատարված։

Այսպիսով, շուրջ հինգ տարի Բանկը ցուցաբերել է համբերատար և կառուցողական մոտեցում՝ փորձելով հարցը լուծել փոխըմբռնման և պարտավորությունների կամավոր կատարման ճանապարհով։ Ցավոք, խնդրի լուծմանն ուղղված այս հնարավորությունները չեն օգտագործվել, իսկ գույքն արդեն շուրջ երեք տարի շարունակում է զբաղեցնել Մհեր Մեսրոպյանը՝ չնայած դրա նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցմանը։

Ստեղծված իրավիճակում, երբ խնդրի խաղաղ և կամավոր կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, Բանկը շուրջ 3 տարի հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին՝ իր օրինական իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի վերականգնման նպատակով։

Բանկը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը, սակայն միաժամանակ կարևորում է, որ պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և դատարանի օրինական ակտերը հարգվեն ու կատարվեն։
Այժմ էլ Բանկը պատրաստակամ է վերադարձնելու գույքը Մհեր Մեսրոպյանին Բանկի հանդեպ չկատարված պարտավորությունների կատարման պարագայում»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական կտա

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական կտա Fri, 30 Oct 2026 19:00:29 +0400 Եվրոպական Կենտրոնական բանկի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով