«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին
Thu, 05 Nov 2026 15:19:26 +0400

«ՀայԷկոնոմԲանկ»-ը երգիչ Մհեր Արմենիայի հայտարարությունների հետ կապված հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Սնանկության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ի վճռով Մհեր Անդրանիկի Մեսրոպյանը ճանաչվել է սնանկ։ Վերջինս «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ ունեցել է չկատարված պարտավորություններ, որոնց ապահովման միջոց է հանդիսացել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/5 շենքի թիվ 13 բնակարանի անշարժ գույքը։ Օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում Բանկը ներկայացրել է իր պահանջը, իսկ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Սնանկության դատարանը թույլատրել է գրավադրված գույքն իրացնել աճուրդով։
Քանի որ կազմակերպված աճուրդների ընթացքում գնորդներ չեն գտնվել, Բանկի դիմումի հիման վրա Դատարանը 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ թույլատրել է գույքը պարտքի մի մասի դիմաց փոխանցել Բանկի սեփականությանը։ Նույն թվականի հոկտեմբերի 18-ին գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է օրենքով սահմանված կարգով, ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել է նաև Մհեր Մեսրոպյանը։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ Բանկի նպատակը երբևէ չի եղել ստեղծված իրավիճակը սրելը կամ այն հարկադրանքի միջոցով լուծելը։ Հակառակը՝ սնանկության գործընթացի սկզբից ի վեր Բանկը բազմիցս հնարավորություն է տվել Մհեր Մեսրոպյանին կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը։
Ավելին, նույնիսկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո Բանկը պատրաստակամություն է հայտնել այն վերադարձնելու՝ պարտավորությունների կատարման պայմանով և նշված ժամանակահատվածում հարկադրանքի որևէ գործողություն չի իրականացրել, և Մհեր Մեսրոպյանը շարունակել է բնակվել նշված բնակարանում։ Սակայն այդ հնարավորությունները չեն հանգեցրել ակնկալվող արդյունքին, և պարտավորությունները շարունակել են մնալ չկատարված։
Այսպիսով, շուրջ հինգ տարի Բանկը ցուցաբերել է համբերատար և կառուցողական մոտեցում՝ փորձելով հարցը լուծել փոխըմբռնման և պարտավորությունների կամավոր կատարման ճանապարհով։
Ցավոք, խնդրի լուծմանն ուղղված այս հնարավորությունները չեն օգտագործվել, իսկ գույքն արդեն շուրջ երեք տարի շարունակում է զբաղեցնել Մհեր Մեսրոպյանը՝ չնայած դրա նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցմանը։
Ստեղծված իրավիճակում, երբ խնդրի խաղաղ և կամավոր կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, Բանկը շուրջ 3 տարի հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին՝ իր օրինական իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի վերականգնման նպատակով։
Բանկը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը, սակայն միաժամանակ կարևորում է, որ պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և դատարանի օրինական ակտերը հարգվեն ու կատարվեն։
Այժմ էլ Բանկը պատրաստակամ է վերադարձնելու գույքը Մհեր Մեսրոպյանին Բանկի հանդեպ չկատարված պարտավորությունների կատարման պարագայում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր