Ծխի օգնությամբ նկարող նկարիչը
Fri, 06 Nov 2026 21:00:15 +0400

Հայազգի նկարիչ Մհեր Խաչատրյանը` he Smoke Artist ստեղծագործական անունով, ստեղծել է իր եզակի գեղարվեստական ոճը, որում ծուխն է հիմնական արտահայտչամիջոցը։ Անսովոր տեխնիկայի օգնությամբ՝ նա մարդկային կյանքի, հիշողության եւ պատերազմի, մահվան, սիրո եւ հույսի թեմաներն է արծարծում։ Նրա նկարներում ֆանտաստիկ աշխարհներ են, պատմական իրադարձություններ, մարդիկ, ովքեր զոհվել են ռազմական հակամարտությունների ժամանակ։
Մհերը ծնվել է Երեւանում՝ 1983-ին, նկարել սկսել է հինգ տարեկանից։ Հետաքրքրությունն արվեստի հանդեպ պայմանավորված է եղել հորեղբոր ազդեցությամբ։ Ավարտել է Կոջոյանի անվան նկարչական դպրոցը, ապա՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երեւանի գեղարվեստի ակադեմիան։ Ժամանակի հետ մշակել է իր եզակի տեխնիկան՝ օգտագործելով յուղաներկերը կտավի վրա, վերարտադրելով հոսունությունը, թափանցիկությունն ու ծխի անկանխատեսելի ձեւերը։ Նա մուգ ֆոնին աստիճանաբար ստեղծել է սիլուետներ, մարդկային դեմքեր եւ ֆիգուրներ, ասես դրանք առաջացած լինեն ծխի ամպից։ Նրա համար ծուխը յուրահատուկ գեղարվեստական էֆեկտ է, էներգիայի սիմվոլ եւ մշտապես փոփոխվող մատերիա։ Նա ընկալում է ծուխը որպես յուրատեսակ վերափոխում, գոյության տարբեր ձեւերի միջեւ անցման կերպ։ Մհեր Խաչատրյանը համոզված է, որ ամեն բան, որ կենդանի է, գտնվում է անդադար շարժման մեջ, իսկ մարդկային ճակատագրերն իրականում շատ ավելի են կապված մեկմեկու հետ, քան թվում է։ Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատերազմներն ու անմեղ զոհերը։ Մանուկ հասակում զգացել է Արցախյան պատերազմի զրկանքները։ Հատկապես՝ պատերազմի հետեւանքով զոհված երեխաները խոր ազդեցություն են թողել նրա վրա։
2015-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, ներկայացրել է թեմատիկ ցուցադրություն։ 2024-ին Միացյալ Նահանգներում ներկայացրել է պատերազմների պատճառով զոհված 6 երեխայի՝ Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Պաղեստինից եւ Իսրայելից, ցույց տալով, որ, անկախ ազգությունից, քաղաքացիությունից եւ ծագումից, յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք։ Նպատակն այն է, որ պատերազմի զոհերը չմնան որպես լրատվական հաղորդումներում անդեմ թվեր, եւ պահպանվեն այդ մարդկանց մասին հիշողությունն ու հարգանքը։
Նա անդրադարձել է նաեւ Նյու Յորքի 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը։ Զբաղվում է մանկավարժությամբ՝ Նյու Ջերսիում հիմնադրել է իր գեղարվեստական դպրոցը, որտեղ հաճախողներն ուսումնասիրում են նկարչություն, քանդակագործություն։ Հաճախ է մասնակցում միջազգային տարբեր ցուցահանդեսների, արվեստի տոնավաճառների։ Նրա գործերը ներկայացված են ԱՄՆ-ում եւ Հայաստանում։ Մհեր Խաչատրյանի արվեստն անսովոր մի էքսպերիմենտ է, որտեղ համադրված են կյանքի իմաստի որոնումների փիլիսոփայությունը, գեղարվեստական փորձարարությունը եւ սոցիալական պատասխանատվությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր