Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին
Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400

Աշխարհը փոխվում է` անգամ ամենապահպանողական երկրներն ու ազգերը, այդ թվում` Հայաստանն ու հայերն են փոխվում, միայն Նիկոլ Փաշինյանի գործիքակազմն ու հռետորաբանությունը չի փոխվում:
Հիշում եք, չէ՞, ինչպես էր 2018-ի մայիսի 1-ին տեռորի ենթարկում ԱԺ պատգամավորներին, սպառնում, մատ թափ տալիս, պատգամավորների հեռախոսահամարները հրապարակում, որ մարդիկ զանգեն` ճնշեն, իրեն ձայն տան: Եւ քանի որ փողոցում բազմություն կար հավաքված` խորհրդարանի մի մասին սարսափ ներշնչեց, մյուս մասին` պաշտոններ խոստացավ, եւ ԱԺ-ն 7 հոգանոց խմբակցության ղեկավարին ընտրեց վարչապետ: Ընդ որում, ճիշտ նույն սխեմայով, ինչը հիմա է ուզում անել ալիեւյան սահմանադրությունն անցկացնելու համար… ՀՀԿ-ն այն ժամանակ պակասող ձայները տվեց, հիմա հույս ունի այսօրվա ընդդիմադիրները կտան:
Հետո, ոնց ասում են` ոտքը տեղ արեց ու որոշեց, որ պետք է շուտափույթ արտահերթ ընտրություններ անել, որովհետեւ հասկանում էր` ժամանակն իր օգտին չի աշխատում, ամիսներ անց շատերի համար է պարզ դառնալու, որ «արքան մերկ» է` փողոցով իշխանության եկածն ունակ չի երկիր կառավարելու եւ մեկ տարի անց այդքան ձայն չի ստանալու, որքան կստանա 18-ին: Հոկտեմբերի 2-ին` կեսգիշերին մոտ, կոչ արեց մարդկանց հավաքվել խորհրդարանի մոտ եւ հեղափոխական էյֆորիան չհաղթահարած զանգվածը վազեց Բաղրամյան փողոց: Հակասահմանադրական առաջին քայլն էր երեւի` հենց ԱԺ բակում նախարարներ ազատեց, նորից սարսափ ներշնչեց պատգամավորներին եւ հասավ նրան, որ խորհրդարանը լուծարվեց ու գնաց արտահերթ ընտրությունների: (Տեսնես էս տողերը կարդացողների մեջ կա՞ն այդ օրը կեսգիշերին ԱԺ վազողներից)…
Հաջորդ հիստերիայի նոպան ու հակասահմանադրական քայլը դատարանները շրջափակելու կոչն էր` 19-ի մայիսի 20-ին, որին արդեն շատ քիչ մարդ արձագանքեց, որովհետեւ դեռ ուժայիններով ու ադմինիստրատիվ լծակներով մարդ չէր հավաքում, հույս ուներ, որ մարդիկ կամովին կգան` չեկան…երեւի հենց այդ օրը հասկացավ, որ դեմոկրատիայի քողը պետք է դեն նետել ու ավտոկրատ կառավարման անցնել:
Այս ցիկլը փակվեց 2020-ի պատերազմից հետո` երբ կառավարության անդամներին սկսեցին ստիպել, որ երբ վարչապետը ներս է մտնում` ոտքի կանգնեն: Իր շարասյունը սկսեց սուրալ Երեւանի փողոցներով` առանց կարմիր-կանաչ լույսին նայելու: Արգելեցին հրավառություններ անելը, որովհետեւ ամեն տրաքոց իրեն տեռակտ էր հիշեցնում: Թիկնազորը կրկնապատկվեց- եռապատկվեց: ՊՊԾ-ն ԱԱԾ-ից անցավ վարչապետի ուղիղ ենթակայության տակ: Բազմապատկվեցին ուժայինները: Ոստիկանություն, ԱԱԾ, Քննչական, Հակակառուպցիոն, դատախազ, արդարադատության նախարար, անգամ Միջազգային ատյաններում ՀՀ ներկայացուցիչ… կարգվեցին անկամ ու անողնաշար, միանգամայն անսկզբունք եւ ոչ մի սրբություն չունեցող մարդիկ:
Այս շրջանում արդեն ընդդիմության եւ ընդդիմադիր հատվածի ինադու քայլեր սկսեց անել: 20-ի նոյեմբերին «Հեղափոխության պահապաններ» հայտնվեցին, որոնք կառավարական դաչաների տարածքում էին գիշերում, զենք էին կրում եւ պատրաստ էին «մարդ ուտել»` հանուն Փաշինյանի: Ընդդիմության հանրահավաքներից հետ չմնալու համար ինքն էլ սկսեց հանրահավաքներ ու երթեր անել` ծիգրովկա հագած կանանց եւ կեղծ կռվածների հետ: Երթերը երբեմն անցնում էին ընդդիմության հանրահավաքների հարակից փողոցներով, ինչը քաղաքացիական բախումների վտանգով էր հղի: Ոստիկանական ուժերով Եռաբլուրն էին գրավում` չնայած զոհվածների ծնողներն արգելել էին «պատերազմի հրձիգներին»` պանթեոն բարձրանալ: Այդ շրջանում բախումներից ու արյունահեղությունից հնարավոր եղավ խուսափել բացառապես ընդդիմության զսպվածության եւ մեր ժողովրդի խոհեմության շնորհիվ:
Բայց մարդը, փաստորեն, չի հանգստացել, չի բավարարվել, չի հասունացել… նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին` սպառնում է հանրային ճնշումներով հասնել նրան, որ ալիեւյան սահմանադրությունն ընդունվի, ընդդիմությունը նահանջի: Հույսի ունի, որ անթասիբ, անուղեղ, անհայրենիք զանգվածն այնքան շատ է երկրում, որ իր ադմինիստրատիվ ռեսուրսի հետ միասին կկարողանա փողոց հանել, ճնշում գործադրել ու հասնել իր ուզածին` ինչպես արեց 2018-ին..
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր