Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Փաշինյանի դերը երկրորդական է` ինչ որոշեն, այն էլ կանի

Փաշինյանի դերը երկրորդական է` ինչ որոշեն, այն էլ կանի

Wed, 11 Nov 2026 21:15:26 +0400


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարեց, որ Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ հարաբերությունները հատկապես լարվեցին այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի՝ կառույցին իր անդամակցությունը սառեցնելու մասին: Չնայած ՀԱՊԿ-ն հատուկ կետ ունի, որով անդամ պետությունն իր ցանկությամբ կարող է դադարեցնել իր մասնակցությունը կառույցին, ամեն պատեհ-անպատեհ առիթով ՀԱՊԿ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցնող Փաշինյանը դեռևս այդ քայլին չի դիմել ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին դիմում չի ներկայացրել: Փոխարենը ՀԱՊԿ-ն, ինչպես ավելի վաղ գրել էր «Հրապարակ» օրաթերթը, կոնտրքայլ արեց ու կառույցից դուրս գալու որոշումը թողեց Փաշինյանի վրա:

Քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Պեսկովի հայտարարությանն ասաց, որ այստեղ Փաշինյանը երկրորդական դեր է կատարում: «Կա երկու տարբերակ՝ կամ Հայաստանին ձայնից զրկել կամ որևէ այլ տարբերակ ընտրել, ընդհուպ մինչև ՀԱՊԿ-ից հեռացումը, որի իրավական ձևակերպումը կգտնվեր՝ դա խնդիր չի: Ինչ վերաբերում է ձայնից զրկելուն, Հայաստանի այսօրվա ղեկավարությունն իրենք իրենց են ձայնից զրկել: Սա որևէ լուծում չի, խնդիրն այն է, որ ընդհանրապես աշխարհում այնպիսի իրադարձություններ են կատարվում, որ այստեղ ռադիկալ որոշումների ոչ ոք պատրաստ չի»,-ասաց Դանիելյանը:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ քաղաքականություն է վարելու Հարավային Կովկասում և ԱՊՀ նախկին երկրներում, կարծում է քաղաքագետն ու հավելում, որ ամեն ինչ կախված է Ուկրաինայի զրագացումներից: «Հիմա բանակցություններ են գնում և կարծես թե մի քանի ամիս հետո՝ ձմեռվանից հետո երևի ինչ-որ լուծում կինի ժամանակավոր կամ վերջնական, որը կապված կլինի նաև Եվրոպայի անվտանգության հարցի հետ, որովհետև Ուկրաինայի հարցը Եվրոպայի անվտանգության հարցն է, միաժամանակ նաև Ռուսաստանի անվտանգության հարցը: Եվրոպայում էլ ընտրություններ են լինելու, հատկապես Ֆրանսիայի ընտրությունները` տարվա առաջին հատվածում: Ինձ թվում է, մինչև այդ հարցերում որոշակիություն չլինի, Ռուսաստանը մյուս հարցերում ոնց որ սառեցված վիճակում է, այսինքն, ակտիվ քաղաքականություն չի վարում: Եվ դրա համար էլ Հայաստանին ձայնից զրկելը ստեղծված իրավիճակում և Ռուսաստանի համար, և Հայաստանի, և ՀԱՊԿ-ի համար դեմքը փրկելու ոչինչ չնշանակող որոշում է: Հիմնական իրադարձությունները ոչ միայն Հայաստանի, այլև այլ մասերով որոշիչ կլինի գարնանը»,-ասաց քաղաքագետը:

Մեր հարցին` կողմնորոշվելուց հետո Ռուսաստա՞նն է թելադրելու Փաշինյանին, թե ինչ դիրքորոշում որդեգրել, ասաց, որ Փաշինյանին ոչ ոք չի հարցնելու՝ ինքն ինչ է ընդունելու կամ ինչ չի ընդունելու, որովհետև Հայաստանի շուրջ որոշումները կայացնելու են ավելի մեծ երկրները և այդ որոշումները միմյանց նկատմամբ հարաբերությունների որոշումն է, որի մեջ կտեղավորվի նաև Հայաստանը:
«Ռուսաստան-ԱՄՆ, Եւրոպայում ինչպիսի հարաբերություններ կլինեն, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ինչով կավարտվի, այնտեղ նաև կոմունիկացիաների, ճանապարհների հարցը կլինի, ինչ-որ իրենք որոշեն, Հայաստանն այդ որոշման մեջ կտեղավորվի, որովհետև, այսպես կոչված, փաստացի վարչապետի շնորհիվ Հայաստանի ինքնուրույնության, սուվերենության աստիճանը չափազանց ցածր է, մյուսներն են որոշելու Հայաստանի ճակատագիրը: Ինչ որոշեն` այն էլ կանի, Փաշինյանին պետք չի այդքան լուրջ ընդունել, որ իրենից կարծիք են հարցնելու, թե ինչ անեն, ինչպես անեն»,-եզրափակեց Ստեփան Դանիելյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Wed, 11 Nov 2026 18:55:59 +0400 ՀԱՊԿ Հավաքական անվտանգության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով