«Հրապարակ». Բաքվում պահվող քաղաքական պատանդների համար ՄԻՊ այցելությունը մեծ հոգեբանական աջակցություն կլինի
Thu, 12 Nov 2026 11:45:53 +0400

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը, գործընկերային էթիկայից ելնելով, չի սիրում քննադատել օմբուդսմեններին:
Բայց չկարողացավ չանդրադառնալ Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ելույթին, պատգամավորների հարցերին տրված նրա պատասխաններին` դրանք չէր կարող անարձագանք թողնել: Մինչ Մանասյանի հայտարարություններին անդրադառնալը, մեր առաջին հարցը տիկին Ալավերդյանին վերաբերում էր օրվա ամենացավոտ թեմային՝ քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գեւորգյանի հանկարծամահության ողբերգական դեպքին։
– Կալանավայրում մահացել է Արսեն Գեւորգյանը, որը Ստեփանավանում մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին` համայնքապետի թեկնածու էր, կալանավորվեց հոկտեմբերի 25-ի ընտրությունից մի քանի օր առաջ՝ ինչ-որ կոռուպցիոն մեղադրանքով: 20 օր անց նա մահացավ բանտում` սրտի կաթվածից, ինչպես հայտարարում են: Եթե Դուք լինեիք ՄԻՊ-ը, չէի՞ք այցելի կալանավայր՝ անձամբ հասկանալու, թե ինչ է կատարվել:
– Անկասկած: Անկախ նրանից՝ անձը կաթվածից է մահացել, խոշտանգումից, թե հոգեբանական ճնշվածությունից՝ որովհետեւ հոգեբանորեն ծանր է, երբ մարդուն ձերբակալում են ու մեղադրանք են առաջադրում, անկախ նրանից՝ նրա մեղքն ապացուցված է, թե ոչ, անկախ ամեն ինչից, ՄԻԵԴ-ը հստակեցրել է ժամանակին իր մոտեցումը: Այն պետական մարմնի ներկայացուցիչները, որտեղ գտնվում էր այդ անձը, պետք է կրեն պատասխանատվություն։ Սա՝ մեկ: Երկրորդ․ պետք է մարդու կյանքի կորստի համար փոխհատուցեն ազգակիցներին: Եվ, այո, դեպքն ամբողջովին ՄԻՊ-ի ռազմավարական հետազոտության տիրույթում է եւ բոլոր պատասխանատուներին նրա կողմից հարցեր տալու առիթ է: Ես չեմ միջամտում այս պաշտպանի աշխատանքին, այլ ասում եմ՝ դա ուղղակի ճչացող, Հայաստանի համար խայտառակ վիճակ է, եւ այս մահը խարան է այս իշխանության ճակատին:
– Այսինքն, Ձեր նախաձեռնությամբ վարույթ կհարուցեիք այս գործով, եթե Դուք լինեիք օմբուդսմենը:
– Անշուշտ: Զանգվածային ձերբակալումները, որոնց վրա արդեն ուշադրություն են դարձրել միջազգային իրավապաշտպան ՀԿ-ները, ինքնին պատճառ է սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու, ոչ թե առանձին հայտարարություններով, որի մասին խոսում է ՄԻՊ-ը: Դրանք առանձնահատուկ, արտահերթ ու հատուկ զեկույցի նյութ են:
– Նախօրեին ԱԺ հանձնաժողովում քննարկվում էր ՄԻՊ գրասենյակի 2027թ․ ֆինանսավորումը։ Մանասյանին հարց ուղղվեց նրա արտասահմանյան գործուղումների մասին: Ձեր կարծիքով, այդքան շատ գործուղումներն անհրաժե՞շտ են, եթե նրա հիմնական աշխատանքը ներսում է` պետությունից տուժած քաղաքացիներին լսելն է: Ի՞նչ է նշանակում՝ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պաշտպանությունն է տանում տիկին Մանասյանը: Դա նրա գործառույթների մեջ մտնո՞ւմ է:
– Ընդհանրապես, կա այդպիսի մոտեցում եւ հատուկ փաստաթուղթ՝ ՄԻՊ-երի պաշտպանության վերաբերյալ, եւ կան այդպիսի քննարկումներ: ՄԻՊ-երը նույնկերպ, ինչպես ԶԼՄ-ները, ունեն պաշտպանության կարիք, եւ կան այդպիսի հարթակներ: Բայց չեմ հասկանում, թե ինչու է նա հայտարարում պաշտպանների ինստիտուտի պաշտպանության մասին: Նրան ուղղված հարցն այն էր, որ մեկ ամիս շարունակ չի կարող իրեն հանդիպել պատգամավորը, եւ բերել միայն այս օրինակը՝ ինձ համար անհասկանալի է:
– Հայաստանի օմբուդսմենը չի ուզում մեկնել Բաքու՝ տեսնելու մեր գերիներին, որովհետեւ, ըստ նրա, այնտեղ ցույց կտան, թե ամեն ինչ լավ է: Նա չունի՞ հնարավորություն՝ օգնելու մեր գերիներին Բաքվի բերդերում, թե՞ չի ուզում դա անել:
– Ես չեմ սիրում քննադատել ՄԻՊ-երին, բայց իրական վիճակն այսպիսին է: ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետը պարտադրում է ՀՀ բոլոր մարմիններին՝ պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքներն այլ երկրներում: Այդ դրույթն ասում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են»։ Սա նշանակում է, որ բոլոր մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով, եւ ես ավելորդ չեմ համարի հիշեցնելու, որ ՄԻՊ եղած տարիներին մենք շատ ակտիվ դիրքորոշում ենք ունեցել եւ գործողություններ ենք արել: Գուրգեն Մարգարյանի սպանության հարցով մենք ուղարկել ենք մեր ներկայացուցչին Հունգարիա, որ նա դիտարկի դատական գործընթացը, անի միջամտություն՝ որքան հնարավոր է: Մենք կապի մեջ էինք Վրաստանի պաշտպանի հետ, որտեղ մեր համերկրացիների, ոչ ՀՀ քաղաքացիների կողմից որոշ հարցեր էին բարձրացվում: ՄԻՊ-երի համագործակցությունը ոչ միայն թույլատրելի է, այլեւ խրախուսվում է, օգնում է, որ հարցերը լուծվեն տեղում: ՄԻՊ-ն ունի մի լավ հնարավորություն՝ սեփական նախաձեռնությամբ որեւէ գործ սկսելը ՀՀ-ի ներսում եւ ոչ միայն: Մենք Ռուսաստանի ՄԻՊ-ի հետ մի շարք հարցերի շուրջ կարողացել ենք համագործակցել: Ինչո՞ւ են ՄԻՊ պաշտպանները գնում արտասահման գործուղումների՝ որպեսզի ոչ միայն այնտեղ բան սովորեն, այլ նաեւ համագործակցության նպատակով, եւ պատահական չէ, որ ե՛ւ ՄԱԿ-ն ունի միավոր, որտեղ գնահատվում է ՄԻՊ-երի աշխատանքը, ե՛ւ կա եվրոպական ինստիտուտ: Մարդու իրավունքների պաշտպանների եւ համայնքի համագործակցությունը խրախուսվում է, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանությունն ունիվերսալ, համաշխարհային բնույթ ունի: Եվ բոլոր կոնֆերանսները, միջազգային հավաքները ձգտում են նրան, որ լինի ՄԻՊ-երի համագործակցություն, որ կարողանան ե՛ւ միասնական դիրքորոշում ձեւավորել, ե՛ւ միասնական գործողություններ անել:
– Ասացիք, որ գնացել եք Վրաստան, ՌԴ-ի հետ եք համագործակցել, բայց այս ՄԻՊ-ն ասում է, որ եթե գնա Ադրբեջան, Բաքու ու հանդիպի հայ գերիների հետ, ապա իրեն կներկայացնեն, որ ամեն ինչ շատ լավ է, ու ինքը ոչինչ չի տեսնի: Ադրբեջանի իր գործընկերոջ հետ համագործակցելու մասին ընդհանրապես խոսք չկա:
– Ես ուշադիր կարդացել եմ, մանավանդ՝ այն մասը, թե ինչ պետք է անի պաշտպանը, եթե գնա Ադրբեջան: Ես չեմ ուզում անդրադառնալ նրան, բայց ասեմ, թե որն է հարցը: Այնպես չէ, որ նրանք կարողանալու են ամեն ինչ քողարկել, դա հնարավոր չէ: ՄԻՊ այցելությունը մասնագետի համար հրաշալի հնարավորություն է՝ սեփական աչքով տեսնելու վիճակը: Դա երկուստեք հնարավորություն է, ե՛ւ տուժած անձանց համար մեծ նշանակություն ունի, ե՛ւ իրական պատկերը տեսնելու առումով: Ես, օրինակ, գնում էի ՔԿՀ-ներ, երբ ասում էին, որ մարդուն ոչ թե ծեծել են, այլ նա անհաջող ընկել է մահճակալից: Կան մասնագիտական մոտեցումներ, վնասվածքը, հետքերը, կապտուկները տեսնելուց հետո, դրանց տեսքը, տեսակը, կարող ես տարբերել խոշտանգումը: ՄԻՊ-ը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի առ այն, ինչ ինքը տեսնում է: Եվ չմոռանանք այն հոգեբանական օգնությունը, որը կստանան Բաքվում պահվող մեր քաղաքական պատանդները ՄԻՊ այցելության ժամանակ: Իհարկե, եթե մարդն ուզում է գնալ ու տեսնել միայն այն, ինչ իրեն ցույց են տալիս, իրոք, չարժե գնալ:
– Անահիտ Մանասյանն անդրադարձել է Անկախության հռչակագրին, բնութագրել է այն որպես «սիմվոլիկ փաստաթուղթ»: «Մեր Սահմանադրության նախաբանը հղում չի պարունակում Անկախության հռչակագրին»: Եվ այդ թեմայով ծավալվող ողջ քննարկումը որակել է որպես «անբովանդակ բանավեճ», հայտարարել է, որ ինքն ընդհանրապես «չի հասկանում» այդ հարցի շուրջ ծավալվող քննարկումները: Ինչպե՞ս եք սա գնահատում եւ ի՞նչ եք կարծում՝ ՄԻՊ-ը կապ չունի՞ սահմանադրական փոփոխության վերաբերյալ հանրային տիրույթում ծավալվող վեճի հետ, որը հազարավոր քաղաքացիների է հուզում:
– Անկախության հռչակագիրը որակել որպես սիմվոլիկ փաստաթուղթ՝ վիրավորական է: Այն ունի պատմաքաղաքական եւ հիմնադիր սահմանադրաիրավական բնույթ, ազդարարել է մեր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Այսպես է բնորոշել Հռչակագիրը ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ: Տիկին Մանասյանն իրոք չի հասկանում այդ հարցը: Նա ասում է, որ Սահմանադրության մեջ չկա հղում Անկախության հռչակագրին: Նախաբանում գրված է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները…»՝ սա հղում չէ՞: Ես էլ պետք է խոստովանեմ, որ չեմ հասկանում նման խոսքը: Ցավով նշում եմ ու հավատում եմ նրան, որ տիկին Մանասյանն ամբողջովին չի հասկանում, չի տեսնում ո՛չ այդ վեճի էությունը, ո՛չ էլ հանրային դիմադրությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր