«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել
Fri, 13 Nov 2026 08:45:12 +0400

Երկու օր է՝ քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն ակտիվ քննարկում են Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» վերտառությամբ։ Գլխավոր միտքն այն է, որ ԵՄ-ն եւ Հայաստանի եվրոպական ապագան պատրանք են, եւ այդ ճանապարհը Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ոչ թե նվազեցնելու է, այլ՝ մեծացնելու։ Ոմանք տարակուսել են նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նման դիրքորոշման առումով, քանի որ նրա անմիջական մասնակցությամբ է կառուցվել վերջին տարիների ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ ընդունվել ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքը: Եվ բնական հարց են տալիս` ինչու այն ժամանակ չի խոսել այդ մասին եւ ինչու չի փորձել կասեցնել այդ օրենքի ընդունումը։ Ոմանք էլ կասկածներ ունեն, որ որոշ կենտրոններ Արմեն Գրիգորյանից փորձում են ընդդիմություն կերտել եւ խաղարկել հաջորդ ընտրություններին: Ոմանք ուղղակի դատափետում են նրան, թե քննադատող էր՝ թող Փաշինյանին քննադատեր իր հայրենիքը՝ Արցախը հանձնելու ժամանակ: Ինչպես հայտնի է, Արմեն Գրիգորյանը ծնվել, մեծացել է Արցախի Մարտունու շրջանում, անգամ իր հարսանիքը՝ իշխանափոխությունից հետո, արել է Շուշիում, հետո սառնասրտորեն հետեւել, թե ինչպես է Արցախը դատարկվում։
Բայց «Հրապարակը» դեռ 2 տարի առաջ գրել էր, որ Արմեն Գրիգորյանը ներքին քննարկումների ժամանակ դեմ է արտահայտվել Հայաստանի եվրաանդամակցության գործընթացին՝ Ռուսաստանից մեծ կախվածության մեջ գտնվող Հայաստանի պես պետության համար այն համարելով ռիսկային։ Ահա` 2024 թվականի մարտի 7-ին «Արմեն Գրիգորյանը զարմացրել է ՔՊ-ականներին» վերտառությամբ մեր հոդվածում մանրամասներ էինք հրապարակել ՔՊ-ական պատգամավորների եւ գործադիրի անդամների մասնակցությամբ փակ նիստից, որի օրակարգում Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի դեպքում Հայաստանին սպասվող վտանգներն ու արտոնություններն էին, ինչպես նաեւ՝ պետության անվտանգային հարցերը։ Գրել էինք. «Գրիգորյանն ընդունել է, որ ՀՀ-ն պորտալարով կապված է ՌԴ-ի հետ, եւ իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջեւ, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Այն հարցերին, թե Արեւմուտքը պատրա՞ստ է «դիվերսիֆիկացնել» մեր խնդիրները, Գրիգորյանն ասել է, որ նման պատրաստակամություն չեն հայտնել… Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽՔ-ն ոչ միայն կողմ չէ Հայաստանի ԵՄ հայտին, այլեւ, ճիշտ հակառակը արեւմտամետ պաշտոնյան դեմ է եւ ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ։ Ասել է նաեւ, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում»։
Նախկին ՔՊ-ական, ԵՄ անդամակցության հայտի շուրջ փակ քննարկումներին մասնակցած Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ Գրիգորյանը փակ ֆորմատով քննարկումների ժամանակ քննադատել է ԵՄ-ին անդամակցելու շտապողականությունը։ «2024 թվականի փետրվարի սկզբներին մենք խմբակցության նիստ ունեցանք` Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, եւ քննարկեցինք ԵՄ-ին հայտ ներկայացնելու հարցը: Միակ մարդը, որ դեմ խոսեց այդ նիստի ժամանակ, ես էի, ես չեմ ասում՝ միակ մարդը, որ դեմ էր, բայց որ խոսեց, դա ես էի։ Վերջում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա որոշում է, այնպես որ՝ դիրքորոշվեք։ Նիստի ավարտից 7 րոպե հետո ստացանք հաղորդագրություն, որ մի շաբաթ հետո նորից նույն օրակարգով քննարկում է լինելու, ,այս անգամ՝ ընդլայնված. կառավարություն, Արմեն Գրիգորյան, վարչություն եւ այլն: Եվ չկար մեկը, բացի Նիկոլ Փաշինյանից, որ կողմ արտահայտվեր հայտ ներկայացնելու իմաստով, եւ նույնիսկ Արմեն Գրիգորյանը մոտավորապես իր հրապարակած հոդվածի բնույթի ելույթ ունեցավ։ Ես հարց տվեցի վարչապետին՝ ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր եւ ԱԽՔ-ի տեսակետները տարբեր են, ասաց՝ հա, տարբեր են։ Եվ, փաստորեն, ինքը մնաց մեկ հոգի, որ կողմ էր։ Ինձնից հետո նա այդ խաղաքարտն օգտագործեց, թե իբր եվրոպամետ ուժերի նախաձեռնությունն էր, եւ մի տարի հետո այդ օրենքի նախագիծն ընդունեց»,- մեզ պատմեց Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը չի բացառում, որ Արմեն Գրիգորյանին հենց այդ «դեմ» դիրքորոշման համար է Փաշինյանն ազատել, ինչպես նաեւ չի բացառում, որ արտաքին ուժերը Գրիգորյանի վրա խաղադրույք են կատարել եւ փորձելու են նրան Փաշինյանի ընդդիմություն դարձնել․ «Ես կարծում եմ, որ այդ ինչ-որ կենտրոնները հասկացնում են, որ Փաշինյանը մանեւրում է, չի ուզում կոնկրետացնել ԵՄ գնալու գործընթացը, ու եթե նրանից դժգոհ են, հո չե՞ն գնալու Ռոբերտ Քոչարյանին պաշտպանեն, բնականաբար, տրամաբանական է, որ այդ շրջանակներից մի քիչ ուրիշի վրա են կանգ առել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր