ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով
Sat, 14 Nov 2026 15:33:03 +0400

Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ԲԴԽ-ից։ Թե ինչ հիմքով են ներկայացվել միջնորդություններ, ԲԴԽ-ն չի մանրամասնում։
Գլխավոր դատախազությունը ևս տեղեկություններ չի տրամադրում. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- Հրապարակ-ի հետ զրույցում նշեցին Դատախազությունից։
Հիշեցնենք, որ հատկապես Մասիս Մելքոնյանն իշխանական հրահանգներ կատարող դատավորներից է, որի որոշումներով մեծ թվով քաղաքական գործիչներ են կալանավորվել ու դատվել: Սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ անաչառ է դատավորներին պատժելու հարցում, դատավորներն էլ հետևություններ կանեն, որ իշխսնության թիրախներին պատժելն իրենց չի ապահովագրում, իշխանական ապօրինի հրահանգներ կատարել չի կարելի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր