Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան

Mon, 16 Nov 2026 13:55:59 +0400


«Նախաքննական մարմինն ինձ զգուշացրել ա, որ չհրապարակեմ ոչ մի բան», «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց դատավոր Մասիս Մելքոնյանն՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։ Հարցին՝ իսկ իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, ասաց․ «Ես իմ մեղքը չեմ ընդունել, համարում եմ, որ հիմնավորված չի, նախաքննությունը կավարտվի դատարանում արդեն հրապարակային ձեւով կխոսենք, այսքանից ավել ոչինչ մի հրապարակեք, դա օրենքի պահանջ է»։

Իսկ հնարավո՞ր է «Չաղ Ռուստամին» պարբերաբար կալանքից ազատելն է հանգեցրել Ձեր նկատմամբ քրեական գործ հարուցելուն, Մասիս Մելքոնյանը արձագանքեց՝ «սահմանափակվենք այսքանով, լա՞վ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ դատախազությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը։ Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով, իսկ Գևորգ Պողոսյանի նկատմամբ՝ հանցակցություն կատարելու հատկանիշներով։ Երկու դատավորների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Խոսքն այն մասին է, որ Մելքոնյանը փոխել է մեղադրյալի խափանման միջոց բացակայելու արգելքը եւ նա մեկնել է երկրից ու վերադարձել։ Այս որոշման կապակցությամբ է հարուցվել վարույթը։

Նշենք, որ Մասիս Մելքոնյանը համարվում է իշխանությունների «սրտի» դատավորը։ Նա հայտնի է քաղաքական հնչերանգ ունեցող բազմաթիվ գործերով կայացրած կալանքի որոշումներով։ Մելքոնյանի որոշումներով կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և ուրիշներ: Բացի այդ, վերջին շրջանում դատավոր Մասիս Մելքոնյանի անունը պարբերաբար շրջանառվում էր քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուստամի» գործի շրջանակներում։ Մասնավորապես, Մելքոնյանը որոշումներ էր կայացրել վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը հետո բեկանում էր այդ որոշումները՝ կրկին կիրառելով կալանավորում։ Ենթադրվում էր, որ դա պետք է հիմք հանդիսանա դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար, սակայն բոլորովին այլ գործով եւ շատ ավելի անմեղ որոշումն է հանդիսացել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան Sun, 15 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով