Հայաստանը Եվրոպայից իրեն պետք եղածից ավելին չի վերցնի
Fri, 20 Nov 2026 19:15:39 +0400

Անկախ նրանից, թե ինչ մտադրություններով ու ինչի համար է Հայաստան ժամանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, անկախ նրանից, թե Եվրոպայում եւ հատկապես Գերմանիայում ինչն են համարում տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացում եւ ինչը չեն համարում, միեւնույն է, Հայաստանն այլեւս այն երկիրը չէ, որի համար Եվրոպայից հնչող ցանկացած գնահատական Սուրբ գրքից արված մեջբերման նշանակություն ունի:
Ինչպես Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի այսօրվա տնտեսական պատժամիջոցներն ու Հայաստանի տնտեսության վրա դրանց հետեւանքները, այնպես էլ Հայաստանի նկատմամբ նոր եւ ավելի զգայուն պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի դրսեւորած վճռականությունը ստիպում է, որ Հայաստանը լուրջ վերապահումներով վերաբերվի ինչպես տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացում թույլ չտալու կարեւորության մասին եվրոպական գնահատականին, այնպես էլ այսօրվա եւ վաղվա ռուսական պատժամիջոցների հետեւանքները մեղմելու եվրոպական խոստումներին:
Դա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանի համար այլեւս կարեւոր չեն, ավելի ճիշտ՝ Հայաստանի համար այլեւս զրոյական են Եվրոպան ու եվրոպականը: Ոչ, իհարկե՝ ոչ: Հայաստանն ինչպես «շատ բան» է վերցրել, այնպես էլ կշարունակի «շատ բան» վերցնել Եվրոպայից: Սակայն, ի տարբերություն նախորդ Հայաստանի, այս Հայաստանն արդեն լավ գիտի, որ կա մի բան, որն ինքը չի կարող եւ երբեք չպետք է վերցնի Երոպայից: Եվ այդ անթույլատրելին Եվրոպայից Հայաստանին պետք եղածից ավելին վերցնելն է:
Այս իմաստով, ինչպես Եվրոպայում եվրոպացիները, այնպես էլ Հայաստանում Հայաստանի օրվա իշխանավորները պետք է հասկանան, որ այնքան, ինչքան Հայաստանն իրեն Եվրոպային՝ Եվրոպայի թույլ տվածից ավելի պակաս մոտ գտնվելը չի կարող թույլ տալ, այդքան էլ չի կարող թույլ տալ Ռուսաստանից՝ նրանից ունեցած իր տնտեսական եւ անվտանգային կախվածության թույլատրելիից ավելի հեռու գտնվել:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր