Եթե Ղարաբաղյան շարժումը գերիների վերադարձն է, ուրեմն պետք է շարունակել այն
Sat, 21 Nov 2026 19:15:32 +0400

ԱԺ վերջին հարցուպատասխանը՝ այնտեղ գործող քաղաքական ուժերի դիրքորոշումների բացահայտման տեսակետից, իրոք որ մի նոր ու կարեւոր հանգրվան էր: Իհարկե, այդ հարցուպատասխանը չկարեւորվեց ո՛չ Նիկոլի կուրծք ծեծելուց եւ ո՛չ էլ ընդդիմության՝ իրեն ուղղված հարցերի վախվորած պատասխաններից: ԱԺ այդ հարցուպատասխանը կարեւորվեց նրանով, որ բացահայտեց Ղարաբաղյան շարժման մասին Նիկոլի ունեցած պատկերացումների ողջ սնանկությունն ու Ղարաբաղի եւ Ղարաբաղյան շարժման մասին մեր ընդդիմության մոտեցումների երկերեսանիությունը:
Այդ հարցուպատասխանն ապացուցեց, որ այս երկրում ինչպես ժամանակին չէին հասկանում, որ Ղարաբաղյան շարժումը Ղարաբաղի հայության ինքնորոշման համար չի սկսվել, այնպես էլ այսօր չեն հասկանում, որ Ղարաբաղյան շարժումը Ղարաբաղի տարածքի նկատմամբ հավակնություն ունենալու մասին չի եղել, որ դեռ մի բան էլ՝ դրանից հրաժարվելով կամ չհրաժարվելով, խաղաղության հասնել կամ չհասնելու հարց լուծենք: Ղարաբաղյան շարժումը հայության մի հատվածի, այս դեպքում՝ Ղարաբաղի հայության ցեղասպանությունը թույլ չտալու, նրան ցեղասպանվելուց փրկելու շարժում է եղել:
Եվ այսօր Հայաստանի ու հայության առջեւ դրված խնդիրը ոչ թե Ղարաբաղյան շարժումը շարունակել, թե չշարունակելն է, այլ՝ Նիկոլին այս պարզ ճշմարտությունը հասկացնելը, որ եթե Ղարաբաղյան շարժումը շարունակելը Ադրբեջանի կողմից օկուպացված 200 քառակուսի կիլոմետր տարածքը վերադարձնելն է, ապա Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է շարունակեն Ղարաբաղյան շարժումը։ Եթե Ղարաբաղյան շարժումը շարունակելը Բաքվի բանտում գտնվող հայ գերիների վերադարձն է, ապա Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է շարունակեն Ղարաբաղյան շարժումը։ Եթե Ղարաբաղյան շարժումը շարունակելը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սահմանադրությունում ամրագրված տարածքային հավակնությունները չեզոքացնելն է, ապա Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է շարունակեն Ղարաբաղյան շարժումը:
Մյուս հանգամանքը, որին ուզում եմ անդրադառնալ, Նիկոլի՝ «ում եք ուղարկում բայրաքթարների տակ զոհվելու» հարցադրմանն է վերաբերում: Ամեն անգամ, երբ Նիկոլից այս հարցադրումն եմ լսում, միանգամից հասկանում եմ, որ այս մարդն այդպես էլ չկարողացավ վարչապետ ու թերթի խմբագիր լինելու միջեւ եղած տարբերությունը հասկանալ: Որովհետեւ, եթե կարողացած լիներ, ապա հասկացած կլիներ նաեւ, որ վարչապետ, առավել եւս՝ երկրի ղեկավար չեն դառնում բանակին բայրաքթարներից հեռու պահելու կամ զինվորներին պատերազմի դաշտ չտանելու համար: Վարչապետ, առավել եւս՝ երկրի ղեկավար դառնում են երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելու, ինքնիշխանությունից եւ իրավունքներից չհրաժարվելու ու դրանք չզիջելու համար:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր