Ժամանակն է, որ խոհանոցում փակցնենք Նիկոլի նկարը
Fri, 06 Nov 2026 20:15:37 +0400

Մինչ ՀՀ կառավարությունը՝ վարչապետից սկսած, անդադար պնդում է, թե Հայաստանում տնտեսական բարձր աճ կա, և մարդիկ ավելի լավ են ապրում, քան առաջ, իրականությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։ Այսօր Հայաստանում նույնիսկ նվազագույն կարիքները հոգալը ամսվա կտրվածքով դարձել է իսկական հերոսություն։ Չես հասկանում՝ ավելի շատ հարկե՞ր ես վճարում, թե՞ սնունդ գնում։ Աշխատավարձդ դեռ չես հասցրել ստանալ, բայց այն արդեն հասցրել է մի բաժանվել՝ հարկերի, կոմունալ վճարների, վարկերի ու խանութի պարտքերի միջև։
Փողի արժեքը կորցրած, բյուջեից 6-7 նիշանոց աշխատավարձեր ստացող իշխանություններին հանրության վիճակը չի հետաքրքրում: Նրանք այլևս չեն կաշկանդվում խոսել տուգանքների, հարկերի բարձրացման կամ ծառայությունների թանկացման մասին։ Ինչ ուզում են՝ թանկացնում են, որքան ուզում են՝ բարձրացնում։ Իսկ հետո այդ ամենը գեղեցիկ փաթեթավորմամբ, փիառով ու տնտեսական ցուցանիշների լեզվով ներկայացնում են որպես հերթական հաջողություն, բյուջեի մուտքերի աճ։
Միայն թե այդ հաջողության ամենակարևոր բաղադրիչը՝ շարքային քաղաքացու կաշին քերթելն է, նրա աշխատավարձը թողնելով նույնը։ Ծառայությունները թանկանում են, շուկայում որոշ մթերքներ շատերի համար դառնում են անհասանելի, իսկ գազի, էլեկտրաէներգիայի և ջրի վարձերը լուրջ բեռ են դարձել մարդկանց համար, մանավանդ` ձմռան ամիսներին եւ սա դեռ վերջը չէ, օդում կախված է հերթական անախորժ անակնկալը…
Այս ամենի ֆոնին միանգամայն բնական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ պետք է ուտի շարքային քաղաքացին, ինչպես գոյատեւի։ Ես առաջարկում եմ միանգամայն կրեատիվ, տնտեսող ու, ինչու ոչ` ժամանակակից լուծում. բոլորս մեր խոհանոցներում փակցնենք Նիկոլ Փաշինյանի նկարը։ Նրանք, ովքեր սիրում են, հիացած են` դրական էմոցիաներ կստանան եւ կբավարարվեն իրենց սիրելի պատկերին նայելով, նրանք, ովքեր ատում են, զզվում են` պատկերից կկշտանան եւ ուտելու ցանկությունը կմարի:
Իսկ խնայված գումարով կկարողանանք վճարել Նիկոլի իշխանության օրոք բարձրացած հարկերը, թանկացող ծառայություններն ու կոմունալ ծախսերը։ Թե չէ՝ մարդը մեզ համար այնքան «բարիք» է ստեղծում, իսկ մենք դեռ ուտելիք ենք ուզում։
Մի խոսքով՝ փակցնենք Նիկոլի նկարը, գոտիներս ամուր ձգենք ու շարունակենք ապրել` գոհանալով պապոյանների նկարագրած աննախադեպ տնտեսական աճի մասին հեքիաթներով, որը ոչ մեկը չի զգում, բացի մի քանի հարյուր մարդուց։ Որովհետև, ինչպես երևում է, այս իշխանության օրոք մենք պիտի այնքան խնայենք, որ կարողանանք վճարել այն ամենի համար, ինչն իրենք թանկացնում են, իսկ իրենք պիտի այնքան լավ ապրեն, որ մեզ ուտելու հերթը չհասնի։
Լուսանկարը պատրաստված է ԱԲ-ի միջոցով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր