50/50, բայց հօգուտ ո՞ւմ
Tue, 24 Nov 2026 18:45:13 +0400

Օրերս Փաշինյանը խոսում էր այն մասին, որ խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով փաշինյանական է, 50 տոկոսով՝ ալիեւյան: Հայ պողոսականությունը, իհարկե, սա ընդունեց որպես վերին ճշմարտություն եւ իրեն նեղություն էլ չտվեց հասկանալու, թե ինչ է նշանակում 50/50-ը Փաշինյան-Ալիեւ «մենամարտում»: Եթե ինձ հարցնեք, կասեմ՝ «տենց բան չի կարա ըլնի»: Ես ըմբշամարտով եմ զբաղվել եւ գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաշային տարբերությունը: 100 կգ կշռող մարզիկին չեն հանի 46 կգ-ի դեմ… Ամոթ է: Հիմա էս մարդը, որին Ալիեւը 2020 թվից «ծեծում» է, եկել է, թե` Ալիեւի հետ 50/50 խաղաղության պայմանագիր եմ ստորագրելու․ կեսը՝ փաշինյանական, կեսը՝ ալիեւյան:
Փաշինյանը, սակայն, Փաշինյան չէր լինի, եթե մյուս կողմից էլ ակամա չխոստովաներ, որ փչում է, եւ այդպիսի բան չկա: Պարզվում է, որ նա ուրիշ բան նկատի ունի, երբ ասում է 50/50: Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագիրը երկուսով են ստորագրելու՝ ինքը եւ Ալիեւը… Չեղա՞վ 50/50: Չոր հաշվով՝ այո, բայց ինչի՞ մասին է այդ փաստաթուղթը, որով Ադրբեջանը ստանում է ամեն ինչ, Հայաստանը` ոչինչ: Էհ, այդպիսի թուղթ ես կարող եմ ում հետ ասես ստորագրել. Սի Ծին Փինի, Պուտինի, Թրամփի, Մակրոնի, Մերցի, տո հենց Ալիեւի եւ Էրդողանի հետ: Ո՞ւմ ասես՝ արի, ինչ ունեմ-չունեմ, տամ, միայն թե ինձ հետ թուղթ ստորագրիր 50/50 ֆորմատով, որ չստորագրի: Ինձ թվում է՝ Փաշինյանը հենց այդպիսի լիրիկական զեղումի մեջ է Ալիեւի հետ.
Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դու չնեղվես, կռիվ չանես – բոլո՜րը քեզ…
Ալիեւին ուրիշ էլ ի՞նչ է մնում, եթե ոչ՝ 50/50 ֆորմատով Նիկոլի «կապիտուլյացիան» ստորագրելը: Ալիեւը, սակայն, չնայած Փաշինյանի աղաչանք-պաղատանքին, դա էլ չի ուզում անել: Նա շարունակում է նոր պահանջներ ներկայացնել, որոնք հնարավոր չի եղել ներառել խաղաղության պայմանագրի մեջ՝ սահմանադրությունը փոխեք, ատոմակայանը փակեք կամ տվեք մեզ, ԹՐԻՓՓ-ից հեռու խաղացեք, դեպի Ադրբեջան հոսող գետերի ջուրը չօգտագործեք… Էլ չասեմ, թե քանի գանգատ ունեն միջազգային դատարաններում, որոնցով փող է, որ պահանջում են մեզնից:
Երանի թե Փաշինյանի ասած 50/50 պայմանագրի մեջ 1 կետ լիներ այն մասին, որն Ադրբեջանին կպարտավորեցներ զորքերը հետ քաշել Հայաստանի գրավյալ տարածքներից՝ Գորիս-Կապան ճանապարհից, Ջերմուկի բարձունքներից, Սեւ լճից, Կիրանցից, Տավուշի, այսպես կոչված, անկլավներից: Էն Մհեր Գրիգորյանին հյուսիսից արագ հասցրին Մեղրի, որ ԹՐԻՓՓ-ի համար հողհատկացում անի, որ այս հատվածում սահմանազատում-սահմանագծումը չուշանա: Պարզվում է՝ Մհեր Գրիգորյանն էլ է 50/50 «գործ» անում Ադրբեջանի ներկայացուցչի հետ, թեեւ Հայաստանը ԹՐԻՓՓ-ում 50/50 փայաբաժին չունի եւ երբեք էլ չի ունենալու:
Առջեւում Պուտին-Փաշինյան 50/50 հանդիպումն է: Փաշինյանին կհաջողվի՞ «ֆռռացնել» Պուտինին եւ համոզել, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, այլեւս ԵՄ կամ ՆԱՏՕ չի գնում: Հազիվ թե: Բայց ինչ էլ լինի, այստեղ էլ արժե հիշել Չարենցին.
Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Աչքդ քաղցր, Պուտին քեռի – բոլո՜րը քեզ…
ՀԳ. Հիշեցնեմ հայ պողոսականությանը՝ 50/50-ի ժամանակ, մանավանդ եթե գյուղից մարդ չկա, ամեն ինչ էլ հնարավոր է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր