Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Էքսպերիմենտալ երաժշտության հայազգի պրիմադոննան

Էքսպերիմենտալ երաժշտության հայազգի պրիմադոննան

Wed, 25 Nov 2026 21:00:10 +0400


Հայազգի ամերիկացի երգչուհի Քեթի Բերբերյանի մասին Հայաստանում գուցե շատերը չգիտեն։ Մինչդեռ նա 20-րդ դարի երաժշտական ավանգարդի ամենանշանավոր երգչուհիներից է։ Նրան անվանել են էքսպերիմենտալ երաժշտության պրիմադոննա, համեմատել ողջ նվագախմբի հետ։ Նա նույն հմտությամբ ե՛ւ հին օպերային արիաներ էր երգում, ե՛ւ ժամանակակից կոմպոզիտորների գործերից, ե՛ւ Beatles-ների երգացանկից կատարումներ ուներ։ Կարողանում էր վերարտադրել կենդանիների ձայներ՝ սովորական խոսքը դարձնելով երաժշտություն։

Քեթրին Անահիտ Բերբերյանը ծնվել է 1925 թվականին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում՝ ցեղասպանություն վերապրած հայ գաղթականներ Երվանդ եւ Լուիզա Բերբերյանների ընտանիքում։ Մանկուց շրջապատված է եղել հայկական երաժշտությամբ, զբաղվել է ժողովրդական պարերով, մասնակցել Նյու Յորքի ֆոլկլորային համույթի աշխատանքներին։ Օպերայի հանդեպ հետաքրքրությունն ի հայտ է եկել վաղ տարիքից։ Տարվել է Ռոսինիի, Դելիբայի եւ այլ դասականների գործերով։ 1948-ին մեկնել է Փարիզ՝ վոկալ ուսանելու, մեկ տարի անց՝ Միլանի Ջուզեպե Վերդիի անվան կոնսերվատորիա։ Այնտեղ էլ ծանոթացել եւ 1950-ին ամուսնացել է երիտասարդ կոմպոզիտոր Լուչիանո Բերիոյի հետ։ Ամուսնություն, որը դարձել է նշանակալի երաժշտական համագործակցություն։ 50-60-ականներին երգչուհին հայտնվել է եվրոպական երաժշտական ավանգարդի կենտրոնում։

Համագործակցել է Ջոն Քեյջի, Իգոր Ստրավինսկու, Բրունո Մադերնայի եւ այլ նշանավոր դեմքերի հետ։ Կատարել է նաեւ ամուսնու ստեղծագործությունները։ Երեք օկտավայի ձայնի դիապազոնով նա կարողացել է մեկ կատարման ընթացքում բացարձակապես տարբեր մի քանի վոկալային պատկեր ներկայացնել։ Երգչուհու հետաքրքրությունը չի սահմանափակվել միայն ակադեմիական եւ փորձարարական երաժշտությամբ։ 67 թվականին թողարկել է Beatles Arias հավաքածուն, որտեղ հայտնի խմբի երգերը ներկայացրել է օպերային կատարումների ոգով։ Բացի կատարողական արվեստից, նաեւ բեմական կոստյումներ է ստեղծել։ Կարեւորել է բեմական գրիմը, ժեստերն ու միմիկան։ Նրա կարծիքով՝ ձայնի միջոցով պետք է փոխանցել մարդկային հույզերի, ապրումների, էմոցիաների ողջ պալիտրան։ Հրաժարվել է ժանրային խիստ սահմանափակումներից, բայց պահպանել է սերտ կապը հայկական միջավայրի եւ հայկական մշակույթի հետ։ Հայկական երգեր է ձայնագրել` նվիրված Կոմիտասի 100-ամյակին։ Մահացել է 57 տարեկանում, Հռոմում, 1983-ին՝ սրտի տագնապից։ Լուչիանո Բերիոն 1984 թվականին նրան է նվիրել Requies: in memoriam Cathy Berberian ստեղծագործությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես է դասավորվել «Երկաթյա լեդիի» զավակների կյանքը

Ինչպես է դասավորվել «Երկաթյա լեդիի» զավակների կյանքը Mon, 23 Nov 2026 23:30:15 +0400 Մեծ Բրիտանիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով