«Հրապարակ». Երբ որեւէ երկրի ղեկավարի գովաբանում են ուրիշ երկրների ղեկավարները, դա շատ վատ նշան է
Thu, 26 Nov 2026 09:45:35 +0400

Հարցազրույց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ
– Նիկոլ Փաշինյանը հանդիսավոր «ազդարարեց» TRIPP-ի գործարկումը: Նա ոսկե սարեր է խոստանում, ինչին նաեւ Թրամփը միացավ: Իսկապե՞ս TRIPP-ը գործարկվելու է, թե՞ այլ խնդիր են ուզում լուծել:
– Մեկ մեթոդաբանական ակնարկ. երբ ձեզ շատ ակտիվ փորձում են նույն բանի մեջ համոզել, ուրեմն չեն ակնկալում, որ դուք՝ ինքներդ այդ եզրակացությանն եք գալու: Այսինքն, երբ որ այդքան ոսկե սարեր են խոստանում, ուրեմն իրականությունն այդքան էլ այդպես չէ, ուրեմն այդտեղ ընկալումը լրիվ այլ է: Հետեւաբար, ոսկե սարեր խոստանալը հակառակ տրամաբանությունից պետք է ընկալել, որ դա խնդրահարույց է: Իսկ առհասարակ՝ երբ որեւէ երկրի ղեկավարի գովաբանում են ուրիշ երկրի ղեկավարները, ներկայացուցիչները, դա շատ վատ նշան է: Օրինակ, Խորհրդային Միության ղեկավարներից ամենաշատ գովաբանվողը եղել է Գորբաչովը, որը կործանել է այդ պետությունը, եւ այստեղ զուգահեռներն ուղիղ են, ես նույնիսկ չեմ ուզում մեղմացնել: Երկրորդը․ TRIPP-ի օգուտների մասով ոչ ոք ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել, հակառակը` ակնհայտ է, որ Հայաստանին դրանից ոչ մի օգուտ չի լինելու: Դա հայկական ճանապարհներին չի կցվում, դա ուղղակի Ադրբեջանից Ադրբեջան գնացող ճանապարհ է, որով ապրանքներ, այդ թվում չի բացառվում՝ նաեւ զենք է շրջանառվելու, հիմա ի՞նչ տնտեսական օգուտներ են դրանից լինելու, ինչի՞ մասին է խոսքը գնում: Այդ տնտեսական օգուտները վիրտուալ բան չեն՝ ի՞նչ ձեռնարկություններ են բացվելու, քանի՞ աշխատատեղ է ստեղծվում, ո՞վ է այդտեղ աշխատելու, ի՞նչ օգուտ է լինելու երկրին, ժողովրդին եւ այլն: Այսինքն, այդ ամբողջը սուտ է: TRIPP-ը գործարկվել է՝ ի՞նչն է գործարկվել… ոչ մի բան էլ չի գործարկվել, ֆիզիկապես TRIPP-ը չի գործում, եւ շատ վիճելի է, որ առհասարակ կգործի:
– Իսկ Թրամփն ասում է՝ Փաշինյանի խիզախության շնորհիվ հնարավոր եղավ նախագծի գործարկումը:
– Հիմա՝ խիզախության վերաբերյալ. Փաշինյանն ասում էր, որ ինքը պատրաստ է զոհվել Հայաստանի ու Արցախի համար, բայց զոհվել են 4000-5000 ուրիշ մարդիկ, ովքեր իսկապես երկրի համար զոհվել են: Փաշինյանը՝ հակառակը, անընդհատ ասում է, թե պատերազմ է լինելու. իր խիզախությունը ո՞րն է, եթե ինքը պատերազմից վախենում է, սրանից վախենում է, նրանից վախենում է, անընդհատ ասում է՝ ինձ ուզում են սպանել, էս անել, էն անել: Ինքը վախկոտ մարդ է, վախկոտ ղեկավար եւ իր վախը տարածում է երկրի վրա: Հետեւաբար, իր խիզախությունն արտահայտվում է իր՝ հայ ժողովրդի դեմ դուրս գալու կամ, ինչպես ամերիկացիք են ժամանակին ասել՝ պատմական կաղապարներից դուրս գալու մեջ: Ջոն Բոլթոնը, որը եղել է Թրամփի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը, 2018 թվականին եկել է Հայաստան եւ կոչ է արել Հայաստանին` հրաժարվել պատմական կաղապարներից: Այսինքն, հայկական պատմական ընկալումներից, հայկական ինքնությունից, այն ամեն ինչից, ինչ Փաշինյանն անում է «խիզախաբար»: Սա է իրականությունը…
– TRIPP-ի գործարկմանը յուրովի արձագանքել է նաեւ Ալիեւը՝ հայտարարելով, որ Զանգեզուրի միջանցքը թուրք-ադրբեջանական ներդրումների արդյունք է, ու այն ծառայելու է Հարավային Կովկասի շահերին: Ի՞նչ էր ուզում հասկացնել Ալիեւը մեզ կամ այլ երկրներին:
– Սա արդյունք էր իրենց՝ Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմին: Միասնաբար պատերազմել են մեր դեմ, միասին հաղթել են, հիմնականում միասնական ջանքով եւ միաժամանակ մեր բազմաթիվ սխալների պատճառով, հետեւաբար՝ հիմա գործարկում են դա, այդ թվում` պատերազմով վախեցնելով եւ այլն, եւ այլն… դա է՝ ուրիշ բան չկա:
– Իրանից կրկին արձագանքել են, ասում են՝ մեզ համար դա կարմիր գիծ է, եւ համապատասխան զարգացումների դեպքում միջոցներ կձեռնարկեն: Ի՞նչ է սա նշանակում:
– Այս պահի դրությամբ դա ոչ մի բան չի նշանակում, այսինքն՝ Իրանն այս հարցը թողնում է ապագային եւ քանի որ Իրանը հիմա շատ լուրջ ճնշման տակ է, ԱՄՆ-ի, Իսրայելի ռազմական ճնշման տակ է, ներքին խնդիրներ ունի: Այսպես կարելի է մեկնաբանել Իրանի դիրքորոշումը։ Առաջինը` Իրանում կան արեւմտամետ ուժեր, եւ այդ ուժերը փորձում են ուրիշ վարքագիծ տանել TRIPP-ի մասով։ Երկրորդը` այդ ուժերն այդքան ուժեղ չեն, բայց թույլ էլ չեն՝ բավականին ազդեցիկ են: Բայց մյուս կողմից կան նաեւ ուրիշ ուժեր, որոնք եւս մտադիր չեն այս պահին ուղղակի միջամտել: Եվ Իրանն ասում է` մեզ դուր չի գալիս այս նախագիծը, բայց այս պահի դրությամբ ուղիղ որեւէ կերպ չենք խառնվում, սակայն սա չի նշանակում, որ ապագայում դա եւս այդպես է լինելու: Եթե մեզ հետաքրքիր են Իրանի դիրքորոշումն ու կարծիքը, Իրանն ասել է՝ դա բացասական է: Բայց եթե մեզ հետաքրքիր է՝ անելո՞ւ է ինչ-որ բան Իրանը, թե՝ ոչ, ապա այս պահի դրությամբ չի անելու, իսկ ապագայում կարող է անել:
– Շատերի բնորոշմամբ՝ ալիեւյան սահմանադրության տեքստը հրապարակվեց, հետո TRIPP-ի մեկնարկը հայտարարվեց, պատահակա՞ն էին այս համընկնումները:
– Իհարկե՝ ոչ, եւ այդ համընկնումը եւ այն, որ դա միաժամանակ է տեղի ունենում, այդ համընկնումներն արտաքին թելադրված օրակարգեր են, առաջին հերթին` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, բայց ոչ միայն… հետեւաբար, դրանց համընկնումը մի փաթեթ է: Այսինքն, այդ փաթեթի կարեւոր բաղկացուցիչ մասը Փաշինյանի` ընտրություններում հաղթանակն է, առնվազն այդ հաղթանակի ֆիքսումը, երկրորդը` դրանք արդեն գործարք են, որ փաթաթեն մեր ժողովրդի վզին, այդ թվում՝ դրսից թելադրվող սահմանադրությունը: Հետեւաբար, մենք պետք է հասկանանք, որ այդ ամեն ինչը փոխկապակցված արտաքին նախագիծ է այս տարածաշրջանի համար, որտեղ Հայաստանի դերն ընդամենը անխոչընդոտ երթեւեկության տարածք լինելն է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր