Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք

Sat, 28 Nov 2026 23:10:55 +0400


Մենք` հազարավոր մարդիկ, հայ հասարակությունը չկարողացավ 8 տարում մեկ մարդու վրա ազդել` ստիպել, որ օրենքի շրջանակներում գործի, հանրային շահի դեմ չաշխատի, անհեթեթություններ դուրս չտա…Ինքը` մեն մենակ մի ամբողջ հասարակության կյանքը դժոխքի վերածեց, իր կամքը թելադրեց, բեսպրեդելը դարձրեց նորմա, այլասերեց ու չեղարկեց լիքը ավանդույթներ ու արժեքներ, մեզ հաշտեցրեց ապօրինությունների հետ:

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք, թե ինչպես են ամենատարբեր մարդկանց ունեցվածքը խլում, զրկում սեփականությունից: Եթե առաջ գոնե ստիպում էին, որ սեփականատերն իբր կամովին հանձնի ունեցվածքի մի մասը (Վիվասելի, ԶՊՄԿ-ի, Ամուլսարի, Արմենտելի 20 կամ ավելի % փայաբաժինները) օրենքով էին փորձում խլել անհատ անձանց ունեցվածքը (ապօրինի գույքի բռնագրավման օրենք, քննություն, դատաքննություն), ապա վերջին փուլում այլևս օրենք, դատարան գոյություն չունի. ՀԷՑ, Կոնյակի ու ցեմենտի գործարաններ, մարզասրահ, կենդանիներ, կտավներ` կապ չունի ինչ, «բռնապետն» ուզեց` խլում են ու վերջ:

Հաշտվեցինք նրա հետ, որ պետության ղեկավար կոչված անօրենը հրապարակներում անվախ հայտարարի` Պողոսը, Պետրոսը.. նստելու են և հրոսակախմբի վերածված իրավապահները` դատախազի, Քննչականի ու Հակակոռուպցիոնի պետի, ԱԱԾ տնօրենի, շարքային քննիչ- դատավորների կազմով շտապեն կատարել նրա քմահաճույքները:

Հաշտվեցինք, որ ընտրության մասնակցած, իրենց սահմանադրական իրավունքներից օգտված մարդիկ ընտրությունից առաջ կամ հետո բանտարկվեն և ուղղակի ֆիզիկապես հեռացվեն ասպարեզից: Իսկ թե առողջությունը կկորցնեն բանտում, կամ` նույնիսկ կյանքը, սրան չի հետաքրքրում, չի հուզում, ինչպես չհուզեց հազարավոր լույս տղաների մահը….Մինչդեռ անգամ իր ենթակա դատարանը չկարողացավ օրինական տեսք տալ Մամիկոն Ասլանյանի 2 տարի 7 ամսվա կալանքին ու արդարացրեց, քաղաքական հետապնդման կնիքը խփելով այդ գործի վրա: Բայց Վանաձորում իշխանությունը 4 տարի առաջ խլել են ու կրիմինալի հետ վայելել, ոչինչ էլ հետ չես բերի ու ապօրինի կալանքի համար էլ ոչ ոք չի պատժվի:

Հաշտվեցինք, որ քննադատական խոսքի, մի անմեղ գրառման, մարդկային բնական զայրույթի, անեծքի համար մարդկանց դեմ գործեր հարուցեն, դատեն, նստացնեն, իսկ արցախցիների, ընդդիմության, հոգևորականների, իսկական հայերի հասցեին վայրահաչողներն ու ատելություն տարածողները խրախուսվեն:

Ընդամենը 15 օր առաջ մի համայնքապետ` իր համայնքում հարգված կարգին հայ տղամարդ բանտում մահացավ, քանի որ հորինված, նողկալի մեղադրանքով բանտ էր նետվել, որ ՔՊ-ն այդ համայնքում իշխանություն զավթի: Հիմա նորից նման մի նողկալի որոշմամբ մեկ այլ համայնքապետի են ընտրություններից առաջ բերդ տանում: Ոչ մի բանից դաս չեն քաղում, որովհետև չեն պատժվում:

Սրանք որ ամոթ, ինքնասիրություն, մի գրամ պարկեշտություն ու խիղճ չունեն նորություն չի, բայց ի՞նչ են մտածում վճռաբեկի քրեական պալատի այն 7 դատավորները, որոնք ընտրությունից 10 օր առաջ ափալ-թափալ որոշում կայացրին ու Դավիթ Համբարձումյանին ուղարկեցին բանտ: Դրա՞նք էլ ամոթ, թասիբ, նամուս, մի գրամ մարդկություն չունեն…

Ուզում եմ անունները գրել, որ դրսում տեսնելիս թքեք դրանց երեսին, գոնե հանրային պարսավանքի արժանանան…
• Համլետ Նորիկի Ասատրյան — Քրեական պալատի նախագահ
• Լիլիթ Զելիմի Թադևոսյան — Դատավոր (նաև Վճռաբեկ դատարանի նախագահ)
• Արթուր Վլադիմիրի Պողոսյան
• Սերժիկ Սերգեյի Ավետիսյան
• Հայկ Մկրտիչի Գրիգորյան
• Արմեն Համլետի Դանիելյան

ՀԳ. Հայկ Գրիգորյանը չի մասնակցե, որովհետև ժամանակին քննել է գործը, ինչը ինքնաբացարկի պատճառ է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինձ առաջարկեցին հանդես գալ պետության պաշտպանի դերում

«Հրապարակ». Ինձ առաջարկեցին հանդես գալ պետության պաշտպանի դերում Fri, 20 Nov 2026 13:15:23 +0400 Մեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով