Միքայել Մինասյանի եղբոր վտանգավոր նախաձեռնությունը

Գրիգոր Մինասյանի գլխավորած Արդարադատության նախարարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որով պատրաստվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց ազատել պատասխանատվությունից գործուն զղջման հիմքով: Որպես հիմնավորում է բերվում ցանկությունը՝ նվազեցնելու իրավապահ համակարգի ծանրաբեռնվածությունը:

Մի շարք իրավապաշտպաններ ու իրավաբաններ արդեն հասցրել են տալ իրավական գնահատական Արդարադատության նախարարության այս նախաձեռնությանը՝ հստակորեն մատնանշելով այն լրջագույն մարտահրավերները, որոնք առաջ են գալու նախագծի ընդունման դեպքում:
Եթե մեկ բառով կամ հակիրճ սահմանենք այդ մարտահրավերների էությունը, ապա կարող ենք ասել, որ եթե իսկապես կյանքի կոչվի նախարարության այս մտայնությունը, ապա Հայաստանում արդարադատության, արդար հատուցման, օրենքի գերակայության մասին կարելի կլինի ընդմիշտ մոռանալ: Սա, ըստ էության, կանաչ լույս է վառելու տարբեր մաստի հանցագործների առաջ և վերացնելու է նրանց՝ պատժվելու, արարքների համար պատասխանատվություն կրելու վերաբերյալ մտավախությունը: Թե ինչպիսի Հայաստան, ինչպիսի հասարակություն կունենանք դրանից հետո, միայն երևակայել կարելի է:
Բայց հարցը կամ մարտահրավերը, անկակսած, միայն իրավական կամ իրավաբանական հարթության մեջ չէ, քանի որ խորքում այս նախաձեռնության նպատակը կրկին իշխանությունների քաղաքական շահերի սպասարկումն է և ահա թե ինչպես:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ, Միքայել Մինասյանի եղբայրն էլ շատ լավ հասկանում են, որ ՔՊ-ական իշխանությունը չունի սոցիալական հենարան, ավելին՝ հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունները, օրինակ, փաստում են, որ շատ քչերն են ցանկանում իրենք իրենց ասոցացնել հեղափոխության հետ, իսկ շատերն էլ ուղղակի ամաչում են, որ մասնակցություն են ուենցել 2018-ին տեղի ունեցածում: Սա նշանակում է,որ իշխանությունների միակ հենարանը մնացել են ուժայիններն ու օրենսդրական դաշտը, որը նրանք հաջողությամբ կարող են մանիպուլացնել: Եվ ահա վերոհիշյալ նախագիծը հենց ուղղված է այդ մանիպուլացմանը:
Եթե ստեղծվեն հիմքեր՝ ցանկացած հանցագործի արդարացնելու կամ չպատժելու միայն այն հիմքով, որ չարագործը զղջացել է, ապա վաղը, երբ պետք լինի ընդդիմության դեմ ուժ կիրառել, իսկ ցուցարարներին էլ՝ ուժով ցրել, ուժայիններին կամ մերձիշխանական խուժանին դժվար չի լինի բիրտ ուժի գործադրմամբ լուծել իր առաջ դրված խնդիրը: Կարող են տալ-սպանել կամ ասենք մարմնական լրջագույն վնասվածքներ պատճառել մարդկանց, հետո հայտարարել, որ զղջում են ու հենց այդ հիմքով էլ արդարացվել, խուսափել ճաղերի հետևում հայտնվելուց: Արդյունքում հանրության ներսում կմեռնի հույսը՝ ցույցերի կամ խաղաղ բողոքների միջոցով քաղաքական փոփոխության հասնելու, ինչն էլ, բնականաբար, կամրապնդի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Եթե կյանքի կոչվի Գրիգոր Մինասյանի մտքի թռիչքի արգասիք հանդիսացող այս նախաձեռնությունը, Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվելու, և է՛լ ավելի է մեծանալու երկրից արտագաղթողների թիվը: Առանց այն էլ մարդկանց մոտ խոր հիասթափություն է տիրում, և եթե սպանվի արդարության հասնելու հույսը, ապա այլ բան չի մնալու, քան ուղղակի լուծարել Հայաստանի Հանրապետությունը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…

Մեկնաբանելով Տավուշի 4 գյուղերի հանձման հետ կապված ՔՊ-ական իշխանության ունեցած պլանները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը …