Այսպես սահուն երկիրը թողնել, հեռանալը ի՞նչ է նշանակում…

Տեսնում եմ, որ վերջին օրերին կոչեր են հնչում, որ թշնամին հումանիտար ճանապարհ տա` Արցախից դուրս գալու համար։

Այսպես սահուն երկիրը թողնել, հեռանալը ի՞նչ է նշանակում`
-մեր երեխաներին սովից փրկե՞լ,
-ծանր իրավիճակից փախչե՞լ,
-թշնամու պահանջը կատարե՞լ,
չափահաս տարիքից սկսած` արական սեռի մեր հարազատներին թողնել -թշնամու դեմ հանդիմա՞ն։
Ի՞նչ անել…
Ինչ էլ ընտրելու լինենք, դարերով անցած հինավուրց երկիրը մի՞թե պատրաստ ենք մեր թեթև ձեռքով թողնել թշնամուն։
Ցանկանում եմ տեսնել մեկ այլ իրավիճակ։ Արդյո՞ք բոլոր արցախցիներն ունեն
-Արցախից դուրս ապրելու պայմաններ,
հնարավորություն, որ կկարողանան աշխատանք գտնել, բնակարանի վարձավճար տալ,
– գտնել մի այնպիսի միջավայր, որտեղ տեղահանվածներին տեղ կտան, ֆինանսական աջակցություն, իսկ դա չի լինի երբեք, մոռանալ է պետք։
-այնպիսի կյանք ստեղծել, որ կարողանան հաղթահարել կարոտախտը հայրենիքի հանդեպ։
Աշխարհում ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր իրավիճակ է փոխվում, մենք չգիտենք, թե վաղը ինչ է սպասվում մեզ, չնայած կանգնած ենք մեծագույն աղետի առջև։
Մենք ցանկանում ենք փրկել մեր անձը, մեր երեխաներին, բայց մեկ ուրիշ դժբախտ ընտանիք չի կարողանում վթարից մահացած իր դստեր դին ադրբեջանական անցակետով տեղափոխել Արցախ, որ նա հանգչի հայրենի հողում։
Մենք ցանկանում ենք այդ անցակետով անցնել` մոռացած օրեր առաջվա Արցախի բնակչի առևանգումը, ում Բաքվի դատարանը շուտով կդատապարտի` ընտանիքը թողնելով սպասման մեջ, անիծելով այն օրը, երբ դուստրը հորը ցանկանում էր տանել սրտի վիրահատության։
Մենք փախչում ենք հերթերից, երբ չգիտենք, թե Արցախից դուրս մեզ ուրիշ ինչ հերթեր են սպասվում։
Մենք մեր տարիներով ստեղծածը, որ մեր երեխաների համար է, թողնում ենք թշնամուն` չիմանալով, թե մեզ ինչ ճակատագիր է սպասվում հայրենիքից դուրս։
Չգիտեմ` իշխանավորները ինչ են մտածում, բայց ուզում եմ` լավ մտածեն և շատ խորը, երբ ես և ինձ նման հազարավորներ չենք ուզում անեծքի արժանանալ սերունդների կողմից, որ հացի հերթերից հոգնած` նրանց թողեցինք անհայրենիք։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Երևանից Ստեփանակերտ գիտենք ովքեր մեզ հասցրին այս վիճակին

Երևանից Ստեփանակերտ գիտենք ովքեր մեզ հասցրին այս վիճակին։ Թող չհոխորտան, չմեծամտեն այն բոլոր հուդաները, որ …