Արցախի Անկախության օրն է…

Արցախի Անկախության օրն է…

Մեզ համար տարբերվող օր, երբ Մարտակերտում ալյուր չկա, հացի փուռերը չեն աշխատում։
Մնում է հարցնենք` առանց սպասելու պատասխանին, թե ովքեր մսխեցին մեր անկախությունը, երբ Արցախի Անկախության օրն է, իսկ արցախցիները` շրջափակման մեջ սոված։
Ինչու՞ մոռացան, որ 1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, իսկ երեք ամիս անց՝ դեկտեմբեր 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության 99, 89 տոկոսը արտահայտվեց Ադրբեջանից անկախանալու օգտին:
Նման հնարավորություն երևի թե երկրորդ անգամ չի ստանա մի երկիր, որն անկախացել էր 32 տարի առաջ։ Այսպիսի հետնահանջ հնարավոր չէր, որ մեզ մատուցեցին ու թողեցին այս աղետի առջև։
Մենք պատերազմներում անմահացած զոհեր ունենք, նրանց արյամբ ներծծված հող, որ կորստյան է մատնված, Արցախի անկախությունը` մատաղված։

Մաշեցին երկիրը, մաշեցին ժողովրդին, իր հայրենիքում կոտրեցին մեջքը արցախցիների, թե պիտի ձուլվես կամ հեռանաս երկրիցդ։ Այդ քիչ էր, այսքան ամիսների աղետալի հումանիտար թե էներգետիկ ճգնաժամը եկավ ազդարարելու, որ պիտի պինդ լինես, որ կարողանաս ապրել…
Սովի մատնեցին Արցախը, որ ցամաք հացի կռիվ մղի, երբ երկիր ենք կորցնում, երբ մեր տունն ենք կորցնում, երբ մեր հավատն ենք կորցնում, հիշատակը նախնիների, մշակույթը հինավուրց…
Մեր անունն ենք կորցնում, հա՛յ ազգ, մեր ազգանունն էլ կկորցնենք, ինչպես 32 տարի առաջ ձեռքբերած Արցախի անկախությունը։
Տե՛ր կանգնենք հայոց երկրին, տե՛ր կանգնենք Արցախին, տե՛ր կանգնենք մեր անկախությանը` մնալով հայրենիքում, երբ մեր առջև փակված դռները հավերժական չեն, մի օր պիտի բացվեն։
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տեսականորեն որքանո՞վ է հավանական, կամ ի՞նչը կարող է համոզել արցախցիներին վերադառնալ իրենց տները

Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի ԱԺ-ի կողմից ՀՀ ներկայացուցչությունում նիստ էր գումարվել: Արցախի ներկայացուցչությունում լրագրողների …