Կործանման կամ վերհառնելու ճանապարհին…

Կործանման կամ վերհառնելու ճանապարհին…

Արցախի սուբեկտայնությունը օրեցօր նվազում է, պետականությունը՝ կասկածի տակ դրվում…
Արցախում պետական համակարգի ու ինստիտուտների խարխլման, իշխանությունների ապալեգիտիմացման պրոցեսի մեկնարկը տրված է:
Այս համատեքստում էլ հրաժարականների շքերթը շարունակվում է:
Եթե Ալիևի պահանջով Ռուբեն Վարդանյանի հրաժարականն Արայիկ Հարությունյանը բավարարեց, հետո իր ցանկությամբ ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Արթուր Թովմասյանը, ապա այսօր՝ ներքին որոշումների արդյունքում Արցախի նախագահն իր ու պետնախարարի հրաժարականները ներկայացրեց:
Շատերը կարծում են, անգամ ուրախանում, թե նման հրաժարականներով բան է փոխվելու կամ հարց է լուծվելու…
Բնավ…
Այն որ նա պարտության սիմվոլ է ու պետք է հեռանա՝ փաստ է:
Այն, որ նա որպես բանակցող սպառված է՝ դժվար է չհամաձայնել:
Այն որ, նա թե՛ իմ և թե՛ շատ-շատերի աչքի լույսը չէ՝ փաստ է:
Այն, որ իր փայ մեղքերն արդարացիորեն ընդունելով ու պարզապես ժողովրդից ներեղություն խնդրելով՝ գնալու է հանգիստ ու խաղաղ, արժանի թոշակի՝ դա էլ իր համար ճոխ կլինի…
Բայց այն, որ նման բեկումնային իրավիճակում երկրի ղեկավար չունենալը շատ լուրջ ու վտանգավոր խնդիրներով է հղի՝ ևս փաստ է:
Այստեղ ցանկալի է իմանալ, թե ի՞նչն է ստիպել կամ ո՞վքեր են պարտադրել, դրդել նրան գնալ այդ քայլին:
Կա՞արդյոք արտաքին ճնշում, միջամտություն կամ ներգործություն, թե՞ այն բացառապես ներքին որոշումների ու հաշվարկների արդյունք է:
Համենայն դեպս, ՀՀ իշխանությունների կողմից նման առաջարկ կամ պահանջ չի եղել, ՌԴ-ից կարծում եմ՝ ևս:
Հարությունյանը վստահեցնում է, որ դա ներքին որոշման արդյունք է և բացառապես իր ցանկությունն է:
Իսկ ո՞վ է նրան փոխարինելու:
Ո՞վ է լինելու այն ենթադրյալ քաղաքական ֆիգուրը, որն Արցախում հեղինակություն է, համաժողովրդական հարգանք ու վստահություն է վայլելում, որի նշանակումն այս ծանր պահին ավելի նպատակային է:
Եվ որ ամենակարևորն է.
մարդ, ով ոչ թե շարքային բախտախնդիր-պոպուլիստ է, որը հերթական պաթոսով ու արկածախնդրությամբ «ջառմա» է դառնալու ժողովրդի գլխին, այլ ունի՝ տիրող քաոսային ու ողբերգական իրավիճակը փոխելու արժանահավատ տեսլական, խելամիտ առաջարկներ ու ռեալ հնարավորություններ…
Եթե անկեղծ՝ նման որակներով կերպար, ցավոք ես Արցախում չեմ տեսնում…
Սակայն որոշակի ակնածանք ունեմ Ռուբեն Վարդանյանի հանդեպ:
Ինչևէ, կապրենք, կտեսնենք…
Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանը մի քանի ամիս առաջ սահմանադրական փոփոխությունների պրոցես էր նախաձեռնել, որը հնարավորություն է տալիս ԱԺ-ին այսպիսի իրավիճակում նախագահ ընտրել:
Հետևաբար՝ ընտրողը ոչ թե ժողովուրդն է լինելու, այլ Ազգային ժողովը:
Շատ հավանական է, որ նա պարզապես սեփական կամքով է գնացել այդ քայլին:
Այսպիսի օրհասական ու ծանր պահին նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելը շատերին ցանկալի չէր լինի:
Դա ծանր փորձություն է և բեռ, որի տակ ամեն մարդ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի մտնի…
Համենայն դեպս, ով էլ այդ պատասխանատվությունը ստանձնի՝ պետք է նրա շուրջ հանրային համախմբում և կոնսեսուս ապահովել:
Այս պահին դա է հրամայականը…
Ի դեպ, Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել:
Լենցովին այժմ էլ եկել է փոխարինելու գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը:
Տեսնենք՝ նրանից ինչ կարելի է սպասել…
Հարգելի հայրենակի՛ց, վաղը սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի անկախության օրը:
Շնորհավորե՛ք միմյանց հատկանշական օրվա կապակցությամբ:
Հրաժարվե՛ք ամբիցիաներից, տարաձայնություններից ու զորավիգ եղեք Արցախին ու արցախահայ մեր քույր ու եղբայրներին:
Հիշե՛ք՝ «եթե մենք կորցնեք Արցախը, մենք կշրջեք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»…
Դա լոկ խոսքեր չեն:
Թույլ մի՛ տվեք մեզ բնորոշ՝ հաջորդ ճագատագրական ու անդառնալի սխալը…
Թույլ մի՛ տվեք պատմությունն ևս մեկ կարմիր էջով ներկել…
Սերունդները մեզ չեն ների…
Մենք, հույսը դնելով միայն մեր վրա, պետք է շարունակ պայքարենք, քանզի դա հայ ժողովրդի լինելիության պայքարն է:
Մեր բոլորի ճակատին, ցավոք դա է գրված…
մինչև չփոխենք պատմության անիվը…
Ի հեճուկս թշնամուն, տառապանքի, զրկանքների, կորստի, աղետի և ցավի մենք ունակ ենք վեր հառնելու, արարելու՝ ի փառս հայրենիքի…
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,
Ղարաբաղը ծառ է իմ արմատի վրա,
Ղարաբաղը սեր է իմ հավատի վրա,
Ղարաբաղը տեր է իմ կարոտի վրա,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին….

Դավիթ Կարապետյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վազգենի 65-ամյակին

Սովորաբար մարդկանց հոբելյանը շնորհավորելիս կամ այդ առթիվ խոսք ասելիս ընդունված է նախ մի փոքր ներկայացնել …