Նոր Սանտա Բարբարա…

Նոր Սանտա Բարբարա…

Sat, 28 Feb 2026 18:15:19 +0400


1993 թվականի հունվարի 17-ին ԱՄՆ-ի NBC հեռուստաալիքով ցուցադրվեց «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի վերջին՝ 2137-րդ սերիան: Ռուսաստանում սերիալը ցուցադրում էր РТР հեռուստաընկերությունը` 1992 թվականի հունվարի 2-ից մինչեւ 2002 թվականի ապրիլի 17-ը: Այն սկսվեց 217-րդ սերիայից ու ավարտվեց 2040-րդով, այդ իսկ պատճառով շատերը, այդ թվում՝ եւ հայաստանցիներս, չիմացանք, թե ինչպես ավարտվեց սիրված «օճառային օպերայի» հերոսների ճակատագիրը: Բայց, ինչպես ասում են, հայերը թաց տեղ պառկողը չէին եւ 2002 թվականից այնքան սերիալներ նկարեցին, որոնք իրենց սյուժեով ու «խորքով» ոչ միայն չէին զիջում «Սանտա Բարբարային», այլեւ մի քանի գլխով բարձր էին:

Այդուհանդերձ, «Սանտա Բարբարայի» ազդեցությունն այնքան մեծ էր, որ այդ սերիալի անվանումը մեզանում «թեւավոր խոսքի» արժեք ստացավ, ու սկսեցինք սիրային պատմությունների մեջ հայտնված մարդկանց կյանքը երբեմն բնութագրել այդ արտահայտությամբ: Մեր գյուղում, օրինակ, գյուղապետը կապվել էր երկու երեխատեր մի կթվորուհու հետ, որն իր հերթին անտարբեր չէր կովերի բժշկի՝ անասնաբույժի հանդեպ: Էս կթվորուհու ամուսինն իմացել էր ու բաժանության հարց էր դրել, ինչին, սակայն, որքան էլ տարօրինակ է, դեմ էին եղել գյուղապետն ու անասնաբույժը: Էս կթվորուհու ամուսինը որ շատ է պնդում բաժանության վրա, հարցը դնում են գյուղխորհրդի լիագումար նիստին: Ամբողջ գյուղը, դաշտերն ու այգիները թողած, կովերին մոռացած, հավաքվում է, թե ոնց անեն, որ Վարդուշը մնա ամուսնու՝ Վաղոյի հետ, բայց միեւնույն ժամանակ գյուղապետ Սերգոն ու անասնաբույժ Վռամը չտուժեն:
– Վաղո, չհամաձայնես, որ արդեն դավաճանել ա քեզ, էլ տան կնիկ չի դառնա, բրախի, թող գնա,- կողքից բզբզում էին Վաղոյի ընկեր տղերքը:
– Ախչի Վարդուշ, ի՞նչ ես գտել էդ Վաղոյի մեջ, որ ոտդ կախ ես գցում, լավ էլ առիթ ա, բաժանվի, պրծի,- խորհուրդ էին տալիս կթվորուհի կանայք:
Հենց գյուղապետը մտավ նիստերի դահլիճ, խոսակցությունները դադարեցին: Սա ելավ ամբիոն եւ, ասես այս պատմությունն իր հետ կապ չուներ, մի երկար ճառ կարդաց ընտանիքի ամրության մասին՝ չմոռանալով ընդգծել, որ ընտանիքը գյուղի ամենաառաջնային օղակն է, կարելի է ասել՝ հիմքը:
– Ուստի,- նշեց նա,- մենք չենք կարող թույլ տալ, որ Վաղոն ու Վարդուշը բաժանվեն…
Շարունակե՞մ պատմել մեր գյուղի «Սանտա Բարբարան», թե՞ հոգնեցիք: Նկատի ունեցեք, որ դեռ 25-րդ սերիայի վրա ենք, իսկ սերիալը ձգվում է մինչ օրս:

Եվ, ուրեմն, տարիներ անց, երբ էս Վարդուշի երեխաներն արդեն մեծացած են լինում, իսկ գյուղում այֆոնի ու սամսունգի պակաս չկար, գյուղը մի օր արթնանում է Վարդուշի «լայվից», թե սիրելի համագյուղացիներ, իմ ու Վաղոյի ամուսնությունն ավարտվեց: Բայց այդ «լայվը» գյուղում հատուկ իրարանցում չառաջացրեց, այսինքն՝ էն էֆեկտը չունեցավ, որովհետեւ մարդիկ այս կամ այն չափով տեղյակ էին Վաղոյի եւ Վարդուշի տան անցուդարձին եւ, կարելի է ասել, պատրաստ էին իրադարձությունների այդպիսի զարգացման: Փոխարենը՝ բոլորը, այդ թվում՝ գյուղապետն ու անասնաբույժը, սրտատրոփ սպասում էին Վաղոյի «լայվին»՝ տեսնես ի՞նչ կասի… Այս նոտայի վրա էլ ավարտվում է 125-րդ սերիան:

Կարող եմ, իհարկե շարունակել, բայց դրա անհրաժեշտությունը, կարծես, չկա արդեն, որովհետեւ Հայաստանում նոր «Սանտա Բարբարա» սերիալ է սկսվել, այն էլ՝ կենդանի մարդկանց կենդանի կատարմամբ: Իմ հերոսների անունները, բնականաբար, պայմանական էին, որովհետեւ ես չէի կարող հարվածի տակ դնել իմ համագյուղացիներին ու մանավանդ՝ գյուղապետին: Նոր սերիալում դրա անհրաժեշտությունը չկա: Բոլորդ եք ճանաչում գլխավոր հերոսներին, որոնք որոշել են բաժանվել կամ «բաժանվել» ու այդ թեմայի շուրջ համախմբել ավելի լայն մասսաների, քան մեր գյուղի հասարակայնությունն է: Իսկ որտեղ կա շատ հանդիսատես, այնտեղ վխտում են նաեւ գովազդատուները… Ի՜նչ փողեր կարող են աշխատել ֆիլմի հեղինակներն ու դերասանները… «Օճառային օպերա»՝ իրական մարդկանցով… Կատա՞կ եք անում:

ՀԳ. Ասեմ, որ մեր գյուղի «Սանտա Բարբարան» լավ ավարտ ունեցավ, համարյա՝ երջանիկ: Վարդուշը զբաղեցրեց գյուղապետի ընդարձակ տան առաջին հարկի մի հատվածը, որի պատուհանից հրաշալի տեսարան էր բացվում դեպի անասնաբույժի այգին, իսկ Վաղոն լավ պաշտոն ստացավ գյուղապետարանում:

ՀԳ1․ Ի՞նչ ասել է «օճառային օպերա»: Դա անգլերեն ասած՝ soap opera-ն է, որ նշանակում է սերիալ, բայց անվանումն առաջացել է հեռուստաեթերում օճառային ընկերությունների գովազդների առատության պատճառով: Ինչ էլ լինի, ես կուզենայի, որ համապետական նշանակության այս «օճառային օպերան» եւս լավ ավարտ ունենար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով