Հայաստանը փոքր երկիր է, ինչքան էլ պեռաշկի ու կուկուռուզ ուտեք, իսկ տանը ճաշի գդալով`սև խավիար, ոչինչ թաքցնել հնարավոր չէ
Sun, 01 Mar 2026 19:05:02 +0400

Եթե մեր երկրին այսքան վնաս ու ավեր բերած չլիներ Փաշինյանի իշխանությունը, լիքը բանի վրա կարող էինք աչք փակել և շատ բանի հանդեպ ներողամիտ լինել:
Ասենք, եթե Արցախը հայկական լիներ` թեկուզ 1988-ի սահմաններում ու կարգավիճակով, այնտեղ այսօր հայեր ապրելիս լինեին…5 հազար մատաղ կյանք «հանուն ոչնչի» հողին հանձնած չլինեինք: Եթե Հայաստանի տարածքում օտար զորք չլիներ ու մեր «ձյունոտ սարերն» էլ հայ զինվորները հսկելիս լինեին…Եթե 40 կիլոմետրանոց «անխոչընդոտ ճանապարհ», իմա` միջանցքի խոստում տված չլինեիք մեր թշնամուն… Եթե ժողովրդավարությունից այսքան հետնահանջ եղած չլիներ, և մեր եկեղեցին ու հոգևորականներն այսքան հալածանքների ենթարկված չլինեին, քննադատության համար էլ մարդիկ բանտում չլինեին…ո՞վ կնկատեր իրենց պեռաշկի ու կուկուռուզ ուտելը, ո՞վ կդատապարտեր թմբուկ զարկելն ու ռաբինի գլխարկ դնելը… կծիծաղեինք` կանցնեինք առաջ…
Հանրությանը բացարձակապես չէր հետաքրքրի` ամուսնանում են, բաժանվում, թե չորրորդ անգամ նշանվում…կասեին` իրենց անձնական կյանքն է, ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը. Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь – море рядом!
Մարդիկ առհասարակ չէին էլ նկատի, թե ինչ են հագնում-ուտում, որտեղ են ծնունդ ու կնունք նշում, ինչ հարաբերություններ ունեն միմյանց հետ: Չէին հետաքրքրվի անգամ իրենց գնած եռահարկ տներով ու ամառանոցներով, պետության հաշվին աշխարհաճանաչողական վոյաժներով, ու միլիոնների հասնող պարգևավճարներով:
Նույնիսկ իրենց կուսակցության` ՔՊ-ի խոհանոցը, ներկուսակցական քվեարկություններն ու մանդատակռիվը չէր հուզի մարդկանց, եթե երկրում այսքան տոքսիկ միջավայր ստեղծած չլինեին և իրենք բոլոր սահմաններն անցած չլինեին: Եթե իրենց քիթը խոթած չլինեին ուրիշների անձնական կյանք: ԱԱԾ-ով ու իրավապահներով տեռորի մթնոլորտ ստեղծած չլինեին: Եթե հայտարարած չլինեին, թե պայքարում են կոռուպցիայի դեմ և 8 տարում այնպես հիմնովին չթաղվեին կոռուպցիայի մեջ, որ անգամ նախկինները նախանձեին:
Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է` ոչինչ, այն էլ երկար ժամանակով, թաքցնել հնարավոր չէ, ինչքան էլ մարդկանց բերանը փակեք և ձեր ունեցվածքն էլ ուրիշների անունով ձևակերպեք: Ինչքան էլ պեռաշկի ու կուկուռուզ ուտեք, իսկ տանը ճաշի գդալով` սև խավիար…
ՀԳ. Արարատի սիմվոլից, Արևմտյան Հայաստանից, Արցախից ու ցեղասպանության հիշողությունից հրաժարված իշխանությունը իր «չորրորդ հանրապետության» սիմվոլ կարող է ընտրել պեռաշկին…չզարմանաք, եթե մի օր (եթե վերընտրվեցին) գերբի վրա այս նկարը տեսնեք` որպես աչքածակության, երեսպաշտության ու չքավորի հոգեբանության սիմվոլ, մարդկանց հիմարացնելով` իշխանություն պահելու խորհրդանիշ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր