«Հրապարակ». Կուսակցությունների գրանցման ընթացքում կերեւա
Wed, 11 Mar 2026 09:45:22 +0400

ՔՊ-ի կցորդը դարձած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, փոխանակ արտաքին վտանգներն արձանագրի եւ իր բուն գործառույթներով զբաղվի, երեկ հայտարարություն տարածեց` «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։ Հայտարարության մեջ ասվում է. «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունը` ինչո՞ւ է Արտաքին հետախուզական ծառայությունը միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին: «Իմ կարծիքով` ինֆորմացիա են ստացել եւ հրապարակել են այն, այդ քայլով կանխարգելիչ նպատակ են հետապնդում կամ էլ այս ամենը հետագայում այլ նպատակներով են օգտագործելու, օրինակ` կուսակցությունների գրանցման ընթացքում այն կթողնի իր հետեւանքը»,- կանխատեսում է Համբարձումյանը:
Իսկ եթե անձը ՀՀ քաղաքացի է, բայց այլ երկրում է ապրում եւ ընտրություններին Հայաստան է գալու, ի՞նչ խնդիր կա այդտեղ, ո՞րն է ապօրինի գործողությունը։ «Իրենց խողովակներով տվյալներ են ստացել: Դրանք վերաբերում են Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, եւ այս ինֆորմացիան հրապարակում են պրոֆիլակտիկ նպատակներով, որպեսզի հետագայում կարողանան կանխարգելել: Անկեղծ ասած, այս հայտարարությունից ես տպավորություն չստացա, որ խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է: Իրենք խոսում են, որ ենթադրյալ երկրի հատուկ ծառայություններն ազդեցություն են թողնում գործարարների վրա` բացի ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց, իրենց հետաքրքրող ուժերին աջակցելու նպատակով: Թե ինչ աջակցությունների մասին է խոսքը, չեն նշում»,- ասում է մեր զրուցակիցը: Սակայն Հայաստանում չկա օրենք, որն արգելում է նաեւ ֆինանսական աջակցությունը՝ նկատեցինք մենք։ «Իհարկե, արգելված չէ, ենթադրում եմ, որ նկատի ունեն ստվերային ֆինանսավորումը: Կարծում եմ, որ ապագայում եւս կլինեն հայտարարություններ եւ գործողություններ՝ հաշվի առնելով տարածված հաշվետվությունն ու արդեն՝ նաեւ հաղորդագրությունը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր