Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Ի՜նչեր չես անի ու ինչ տխմարություններ չես ասի` հանուն քվեի

Ի՜նչեր չես անի ու ինչ տխմարություններ չես ասի` հանուն քվեի

Wed, 11 Mar 2026 23:09:28 +0400


Մի կարծեք, թե իշխանության ներկայացուցիչները հստակ ծրագիր ունեն և ստույգ գիտեն ինչ անել, որ ընտրողներին իրենց կողմը գրավեն: Ինչպես բոլոր հարցերում են սրանք ապաշնորհ, այնպես էլ, համոզված եղեք, փիառի ու քարոզչության: Որովհետև խելքը, կազմակերպվածությունը, ծրագրով ապրելն ու գործելը չի կարող մի հարցում դրսևորվել, մյուսում` ոչ: Այնպես որ նախընտրական քարոզչության հարցերում էլ են խարխափելով, մոտավոր աշխատում: Հույսով, որ կխփեն 10-ին, բայց 10-ից 9-ում վրիպում են: Ինչպես եղավ եկեղեցու դեմ արշավի, Ուրախ ավտոբուսի և այլ դեպքերում:

Պարզ է, որ խորհրդատուներ ունեն և միլիոններ են ծախսում փիառի վրա, բայց դրսից եկած կազմակերպությունները պետք է նաև հայի հոգեբանությունը հասկանան: Եվ մի մոռացեք, որ անհավասարակշիռ ու անկառավարելի էակի հետ գործ ունեն, ով ամեն ինչում չի որ ենթարկվում է և շատ բան նաև իրեն քննադատողների ինադու է անում:

Այդքան թքեցին, մրեցին Ալիևին շնորհակալություն հայտնելու համար, ինքը գնաց ու Ստրասբուրգում մի անգամ էլ շնորհակալություն հայտնեց այդ հրեշին: Կամ` կուկուռուզ ու պեռաշկի ուտելը քննադատեցին, գնաց Եվրոպայում ցուցադրաբար` հայերի ինադու, խնձոր կրծեց: Երևի մտածում է` մեկ էլ տեսար` ալիևասերների կամ խնձորը պոչով ու կորիզով կլլողների մի խումբ գնաց ու իրեն ձայն տվեց:
ԵԽ բարձր ամբիոնից ելույթն էլ այդ տրամաբանությամբ էր կառուցել: Ասում են` հանգիստ թող եկեղեցուն, գնում է Ստրասբուրգում հայ հոգևորականներից է բամբասում: Ասում են` Արցախի էջն իրավունք չունես փակել, արցախահայերի վերադարձի թեմային Եվրոպան դեմ չէ` կաջակցի, պետք է այդ հարցը բարձրացնել, գնում` հայտարարում է, թե արցախահայերն առհավետ պետք է հաստատվեն Հայաստանում…

Բայց ամենաուշագրավը էս ողորմելի իշխանամոլների սպառնալիք-զգուշացումներն են` մենք չլինենք, խաղաղություն չի լինի, մենք չլինենք` Թրիփ չի լինի: Այսօր էլ ֆեյքեր աշխատացնող հայտնի «վիրուսը» մի աշխարհացունց «միտք» է երկնել, թե`«Հայաստանի վարչապետին ճանապարհեցին ծափահարություններով: Ահա այսպես են ընդունում անկախ ու ինքնիշխան պետության ղեկավարին» և իր ճարպակալած ուղեղով` իբր զգուշացրել է, կամ կատակ արել, թե ինչ կլինի «եթե ձևիստների թեկնածուն վարչապետ դառնա` նրան չեն ընդունի Եվրոպական խորհրդարանում»:

Այս տգետները 8 տարի իշխանության լինելուց հետո տարրական բաներ չեն հասկացել, կամ հանրությանն են հայտնի կենդանու տեղ դնում:

Աշխարհն ընդունում է բոլոր նրանց, ում ընտրում է տվյալ երկրի ժողովուրդը: Աշխարհը նույնիսկ նրանց է ընդունում, ում չի ընտրում տվյալ ժողովուրդը, այլ ովքեր դեպքերի բերումով հայտնվում են իշխանության ղեկին (ինչպես 18-ին իր դեպքում եղավ): Աշխարհը նույնիսկ մարդասպաններին է ընդունում, ում գլխի համար դրանից առաջ փրկագին էին առաջարկել և պատերազմի հանցագործ հռչակել` ինչպես Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ Շաարան է:

Ի՜նչեր չես անի ու ինչ տխմարություններ չես ասի` հանուն քվեի…

ՀԳ․ Սիրիայի զինյալների ղեկավարը` առաջ և հետո…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ո՞վ պաշտպանի ադրբեջանական տեղանունները մերժող պատմաբաններին, եթե իրենք իրենց չեն պաշտպանում

«Հրապարակ». Ո՞վ պաշտպանի ադրբեջանական տեղանունները մերժող պատմաբաններին, եթե իրենք իրենց չեն պաշտպանում Wed, 11 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով