Կա՛մ իշխանություն, կա՛մ ոչինչ

Կա՛մ իշխանություն, կա՛մ ոչինչ

Wed, 18 Mar 2026 18:15:24 +0400


Ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ… Իսկ այն, որ «Հայաստան» դաշինքի ձեւաչափի եւ վարչապետի թեկնածուի անունը հանրայնացնելուց հետո ՔՊ-ն պետք է ընկներ հիստերիայի մեջ, ինձ համար բոլորովին անսպասելի չէր:
Արցախյան ազատամարտի փուլերից մեկում, իսկ ավելի ստույգ՝ Շուշիի եւ Քարվաճառի ազատագրման միջեւ, Նախիջեւանից փախեփախ էր սկսվել: Իրանի Իսլամական Հանրապետության տարածք փախչող թուրքերը վայնասուն էին բարձրացրել՝ ամա՜ն, փախեք, հայերը գլուխ կտրելով գալիս են… Այդպիսի բան չկար, իհարկե, պարզապես լեղաճաք էին եղել:

Այսօր ՔՊ-ն է այդ վիճակում, ես գիտեի, որ «Հայաստան» դաշինքի ձեւաչափի եւ վարչապետի թեկնածուի անվան հանրայնացումից հետո թթվածինը չի բավարարելու իշխող կուսակցությանը: Ահավասիկ, անցել են իրենց պլան «Ֆ»-ին՝ ձեռքերը փրփուրներին գցելուն: Վարչապետի աշխատակազմը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանն ընդդիմության միասնական թեկնածուն է: Սրանք այսքան բան են հասկացել «Հայաստան» դաշինքի հանդիսավոր պրեզենտացիայից: Մոռացել են, որ 2021 թվականից հետո իրենց ձախավեր կառավարման եւ շարունակական պարտությունների արդյունքում Հայաստանում ձեւավորվել է առնվազն եւս երկու խոշոր ընդդիմադիր «բլոկ»՝ ի դեմս «Ուժեղ Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի», որոնց առաջնորդները պակաս «ամբիցիոզ» չեն Հայաստանն այս հիմար վիճակից դուրս բերելու հարցում: Ինչո՞ւ է, ուրեմն, ՔՊ-ին թվում, որ քաղաքական դաշտում ինքը մնացել է մեն-մենակ «Հայաստան» դաշինքի դեմ:

Բայց եկեք մի պահ մտածենք, որ ՔՊ-ի պլան «Ֆ»-ն հանճարեղ է… Ինչ-որ տեղից «կպցրել» են կամ ինչ-որ մեկին հավար են գցել, որ իրենց օգնության հասնեն: Ի՞նչ է ստացվում, ՔՊ-ն վախենո՞ւմ է «Հայաստան» դաշինքից: Նույն ժողովուրդը չի՞ դրսում, որ իրենց 680 հազար ձայն է տվել: 680 հազար ձայն ունեցող ուժն այդքան վախկոտ կլինի՞: Իսկ գուցե, այնուամենայնիվ, բա՞ն է փոխվել՝ ժողովրդի մեջ կամ ՔՊ-ում: Դե, գիտեք, նախընտրական ժամանակահատվածում ընտրազանգվածները, սովորաբար, փորձում են կողմնորոշվել, իսկ ՔՊ-ն առանձնապես բան չի արել, որ դեպի իրեն բերի որեւէ ընտրազանգված: ՔՊ-ն մնացել է 2021 թվականում, մինչդեռ դրանից անցել է 5 տարի, եւ այդ ընթացքում ՔՊ-ն միայն իր պարտությունների քանակն է ավելացրել՝ կրելով ավելի դաժան պարտություններ: Անկախ հարցումների արդյունքներն ուղղակի «լացելու» են իշխանությունների համար. մնացել են իրենց խմբակի եւ ընտրակեղծիքների հույսին: Եվ, ահա, գործի են դրել իրենց պլան «Ֆ»-ն՝ որ կարող ա պատահի՝ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետեւորդների մի մասը ձայն տա ՔՊ-ին՝ չուզենալով, որ հաջորդ վարչապետը լինի Ռոբերտ Քոչարյանը: Այլապես ինչո՞ւ պիտի ափաշկարա ստեին, թե Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն «ֆակտոր» չեն եւ սատարում են Ռոբերտ Քոչարյանի միասնական թեկնածությանը:
ՔՊ-ն, ձեռքը փրփուրներին գցած, փորձում է պառակտել ընդդիմությանը: Վարչապետի կաբինետը հասկացել է, հավանաբար, որ ընդդիմությունը` լինի մեկ անձով, թե առանձին խոշոր բլոկներով, ընտրություններին ընդառաջ միավորվելու է մեկ պահանջի շուրջ՝ իշխանափոխություն: Հենց դրա դեմ է պայքարում իշխանությունը… Պահել աթոռները՝ ինչ գնով էլ լինի, խառնակչություն անել, նսեմացնել ընդդիմության համախմբող իմիջը, թույլ չտալ իշխանափոխության միասնական օրակարգ ձեւավորել: Ուրիշ անելիք չունեն հիմա, ամեն ինչ փորձել են՝ չի օգնում: Հակաեկեղեցական արշավն այնտեղ մեռավ, «ուրախ ավտոբուսին» ավելի խայտառակ վախճան է սպասվում, ժողովուրդը չի գալիս, մնացել են փոքրիկ խմբակով, իրենք՝ իրենց էշ խելքը:

Հայտնի ճշմարտություն է, որ իշխանափոխություններից հետո կյանքը կանգ չի առնում: ՔՊ-ի մոտ միանգամայն հակառակ համոզմունքն է ձեւավորվել՝ իշխանություն չեղան՝ կորած են: Իսկ դա գալիս է իրենց վախերից՝ Արցախի կորստի, Արցախի հայաթափման, հազարավոր զոհերի, հայրենական տարածքների կորստի, շեն երկիրը քանդելու համար պատասխանատվության են ենթարկվելու բոլորը: Մինչդեռ պատասխան տալ չեն ուզում: Կա՛մ իշխանություն, կա՛մ ոչինչ… Սա է ՔՊ-ի այսօրվա կարգախոսը: Իշխանափոխությունից հետո իշխանական փոքրիկ խմբակը, քանի տոկոս ձայն էլ հավաքած լինի, խորհրդարան չի գալու: Որ օրը կորցրին վարչապետի աթոռը, այդ օրն էլ ՔՊ-ն փչելու է իր վերջին շունչը:

ՀԳ. Հոդվածի սկզբում նշել էի, որ ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ: Բանից պարզվում է, սակայն, որ ՔՊ-ն կարող է այնպիսի բաներ անել, որ իմ մտքով չէր էլ անցնի: Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին հոսանքազրկելը: Նման բան կարող էր անել միայն Ռոմանոսը, այն էլ՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի համագումարին մասնակցեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը: Ես տպավորություն ստացա, որ ՔՊ-ն արդեն որոշել է ընդդիմության միասնական թեկնածուին՝ Սամվել Կարապետյան: Երկար մտածեցի այս ուղղությամբ, բայց ի վերջո հոգնեցի: Ինչպես «դասականն» է ասել՝ իմ էշ խելքը, որ ՔՊ-ի խուճապային քայլերի մեջ տրամաբանություն եմ փնտրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հայաստան-Թուրքիա կարգավորման հեռանկարները» խորագրով քննարկում է տեղի ունեցել

«Հայաստան-Թուրքիա կարգավորման հեռանկարները» խորագրով քննարկում է տեղի ունեցել Mon, 07 Sep 2026 16:15:15 +0400 Թուրքիայի…

15 րոպե ago

Ռուսները շրջափակել են շուրջ 1700 ուկրաինացի զինվորականի․ ինչ է կատարվում

Ռուսները շրջափակել են շուրջ 1700 ուկրաինացի զինվորականի․ ինչ է կատարվում Mon, 07 Sep 2026 16:00:28…

29 րոպե ago

Եկեղեցու «բարենորոգիչները»

Եկեղեցու «բարենորոգիչները» Mon, 07 Sep 2026 15:50:46 +0400 Latest news from Secure News Portal ©…

39 րոպե ago

Ողբամ ձեզ, ու՞մ եք «ջհաննամ» ուղարկում․․․

Ողբամ ձեզ, ու՞մ եք «ջհաննամ» ուղարկում․․․ Mon, 07 Sep 2026 15:45:01 +0400 Գեներալ Նորատ Գրիգորյանի…

45 րոպե ago

Թրամփի փեսային դուր է եկել Պուտինի հետ շփումը

Թրամփի փեսային դուր է եկել Պուտինի հետ շփումը Mon, 07 Sep 2026 15:30:55 +0400 ԱՄՆ…

59 րոպե ago

Ինչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում․ Կրեմլը մանրամասնում է

Ինչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում․ Կրեմլը մանրամասնում է Mon, 07 Sep 2026 15:10:11…

1 ժամ ago