Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Քրեական հոդվածներն ավելանում են

Քրեական հոդվածներն ավելանում են

Sat, 04 Apr 2026 18:45:29 +0400


Քրեական օրենսգրքի 452. հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա Մինասյան եղբայրներին, վերաբերում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն։ Արդեն քանի օր է՝ դրա դեմ բողոքելու հետ մեկտեղ ընդդիմությունը ձեռ է առնում իրավապահ համակարգին ու դրան հրահանգներ տվող անձին: Ես էլ որոշեցի իմ լուման ներդնել այդ գործում:

Որքան տեղյակ եմ՝ 2021-ին ընդունված օրենսգրքի գործող տարբերակը մշակվել է ՀՀ երրորդ նախագահի օրոք: Ինչպիսի վերաբերմունք էլ ունենայի (ունենայինք) վերջինիս նկատմամբ՝ հստակ է, որ իր օրոք օրենսդրությունը մշակվում էր ոչ անմեղսունակության կանխավարկածի հիման վրա: Տվյալ դեպքի առումով էլ պարզ է, որ օրենք մշակողները չէին կարող ենթադրել, որ որևէ պաշտոնատար անձ պետք է ծառայողական կամ քաղաքական գործունեություն իրականացներ եկեղեցում: Որպեսզի հետո էլ ծագեր դրան միջամտելու-չմիջամտելու խնդիրը:
Հատկապես որ եկեղեցում, նախ, պաշտոնատար անձինք ինքնուրույն այդպիսի գործունեություն իրականացնելու իրավունք չունեն: Հիշենք, որ պաշտոնատար անձը կարող է անել այն, ինչ թույլատրված է օրենքով: Իսկ ոչ մի օրենքում նման թույլտվություն դուք չեք գտնի: Որովհետև, կրկնեմ, նախկինների օրոք օրենքներ գրելուց չեն առաջնորդվել անմեղսունակության կանխավարկածով:

Երկրորդ, եկեղեցական արարողության ընթացքում թիկնապահների ջոկատով եկեղեցի մտնելն ու մարդկանց աջ ու ձախ բրդելն ինչ է, եթե ոչ գործընթացի խանգարում: Ու նույն ձևով էլ՝ արարողությունը չավարտված, եկեղեցուց դուրս գալը: Ինչը պատժվում է Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով: Նախ, հոդված 215-ով՝ «Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը» և ապա հոդված 297-ով՝ «Եթե արարողությունը խանգարելն ուղեկցվում է հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակության նկատմամբ կամ գույքի ոչնչացմամբ/վնասմամբ, ապա արարքը կարող է որակվել որպես խուլիգանություն»:

Այնպես որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ թե 18-ամյա Մինասյան եղաբայրներն ու Գևորգ Գևորգյանը, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա թիկնապահները: Հատկապես այն մեկը, որ հարվածել է եղբայրներից Դավիթի դեմքին: Բայց քանի որ մենք 2018-ից այս կողմ ապրում ենք շողուլից ընկած հասարակության և հատկապես պետականության միջավայրում, ապա, բնականաբար, ո՛չ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և ո՛չ էլ նրա թիկնապահներն այսօր պատասխանատվության չեն կանչվելու: Եվ ոչ էլ վաղը կամ դրա հաջորդ օրը. համենայն դեպս, մինչև հուլիս ամիսը: Այսինքն, մինչև Հայաստանում չիրականացվի իշխանափոխություն:

Ինչ մնում է հենց հուլիս ամսվան, ապա միայն այդ ժամանակ տեղի կունենա լիակատար իշխանափոխություն: Քանի որ մինչ այդ իրավապահ համակարգը դեռևս կգտնվի օդում կախված իրավիճակում: Ու չի իմանա, թե ինչպես արձագանքել հատկապես նախկինում (2018-ի մայիսից այս կողմ) կատարվածին: Իսկ դրանից հետո, ակնհայտ կլինի (նույնիսկ գրազ գալու կարիք չկա), որ այդ հոդվածներն ավելանալու են մնացած շատ ավելի խիստ հոդվածներին:
ՀԳ. Որպես հոդվածի «դեսերտ». Երբ նախորդ օրը լրագրողները Նիկոլին հիշեցրել են, որ տարիներ առաջ դատապարտվելով «տխրահռչակ» դատավոր Մացոյի կողմից, ինքն ասել է, թե Մացոյի փոխարեն դատարանում նստած է Սերժը: Ու հարցրել են, թե հիվանդ տղայի՝ Դավիթի առումով կալանավորման որոշում կայացնելիս ինքը նստած չէ՞ր այնտեղ, տվել է աշխարհի ամենատափակ արձագանքը: Այն է՝ ինքն այդ օրը տարբեր տեղերում է նստած եղել, բայց ոչ դատարանում: Այսինքն, Սերժի հագով կարված կոստյումը հագնելով՝ ինքը չի փոխարինել նրան: Թերևս դրան կարելի է համաձայնել՝ ապօրինությամբ ինքը ոչ թե փոխարինել է 3-րդ նախագահին, այլ գերազանցել է նրան տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՄՈՄԸ ԿԱ։ ԱՊԱՑՈՒՅՑԸ՝ ՉԿԱ. (Ինչպես «մոմ բռնողը» դարձավ ականատես, քննիչ ու դատավոր)

Մի բան ասեմ, որպեսզի հանկարծ այս գրածս չընկալվի որպես կաթողիկոսին պաշտպանելու փորձ։ Ես կաթողիկոսին քննադատել …