Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Եթե ստեղծվի իրավիճակ, էդ ո՞ր ՔՊ-ականն է գլխից ձեռք քաշել, որ չմիանա ժողովրդին

Եթե ստեղծվի իրավիճակ, էդ ո՞ր ՔՊ-ականն է գլխից ձեռք քաշել, որ չմիանա ժողովրդին

Mon, 06 Apr 2026 21:15:26 +0400


«Նժար» սահմանադրական շարժումը և «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը օրերս հայտարարեցին միավորման մասին:

Այսօր «Նժարը» հայտարարություն է տարածել` հրավիրելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հետաքրքրված քաղաքացիներին մասնակցելու առաջիկա հանդիպում-քննարկմանը, որի նպատակն է «ներկայացնել շարժման ռազմավարական առաջնահերթություններն ու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ ճանապարհային քարտեզը»։

Հայտարարության մեջ ասված է.

«Այսօր, երբ քաղաքական դաշտը թվում է մասնատված, իսկ հանրային վստահությունը՝ սպառված, «Նժար» շարժումը հանդես է գալիս որպես նոր սահմանադրական բևեռ։ Մեր օրակարգն ընդգրկում է հետևյալ առանցքային հարցերը.

Ինչո՞ւ ենք մենք բոլորի դեմ. Մենք կպարզաբանենք մեր դիրքորոշումը գործող քաղաքական համակարգի արատների վերաբերյալ և այն պատճառները, թե ինչու կիսատ լուծումներն այլևս կենսունակ չեն։

Ինչո՞ւ ենք մենք միավորվել. Կներկայացվեն այն արժեքներն ու գաղափարախոսությունը, որոնք հիմք են հանդիսացել շարժման ձևավորման համար։

Իմպիչմենտի կոչ՝ որպես արդար ընտրությունների հնարավորություն. Մենք կհնչեցնենք իմպիչմենտի գործընթաց սկսելու մեր պահանջը»։

Իմպիչմենտի կոչը մեզ հետաքրքրեց` ընտրություններից 2 ամիս առաջ նման նախաձեռնությամբ հանդես գալ, երբ ՀՀԿ-ի շուրջ մեկ տարի ձգվող փորձերն ավարտվել են ձախողմամբ, տարակուսանքի տեղի տվեցին: «Հրապարակը» զրուցել է «Նժար» շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ:

– Իմպիչմենտի մասին արդեն մեկ տարուց ավելի խոսում է Սերժ Սարգսյանի թիմը, սակայն, թե ինչպես է հնարավոր դա, այդպես էլ պարզ չի դառնում, ուստի շատերը պնդում են, որ իմպիչմենտի գաղափարն իրատեսական չէր, հիմա առավել եւս իրատեսական չէ: Դուք վաղո՞ւց եք իմպիչմենտի կողմնակից, թե՞ այդ գաղափարը նոր է ծագել:Կարծում եք` հնարավո՞ր է Փաշինյանին անվստահություն հայտնել և հաջողության հասնել:

– Իրավիճակը անընդհատ փոփոխվում է: Ամեն հաջորդ օր լրիվ նոր իրավիճակ է ստեղծում: Այս ամենը հաշվի չառնել, հաշվի չառնել նաև Հայաստանի համար այս վտանգները` Նիկոլ Փաշինյանի վերարտադրության պարագայում, խիստ վտանգավոր են: Իմպիչմենտի իրականացման համար հարկավոր են ՔՊ-ականների ստորագրությունները, այդ պատճառով այն անցած էտապում չհաջողվեց իրականացնել, սակայն հիմա` ընտրություններից առաջ ես կարծում եմ, որ շատ ավելի իրատեսական է պրոցեսը:

– Երբ է այս գաղափարը ձեզ մոտ ծագել:

– Անկեղծ ասած, մի քանի ամիս է այս հարցը մենք քննարկում ենք շատ տարբեր ուժերի հետ, քննարկումներն անգամ այն թիմերի հետ են, որոնց հետ այլ իրավիճակներում հնարավոր չէր լինի համագործակցել, սակայն բոլոր ուժերի հետ մենք այժմ փորձում ենք այս հարցը քննարկել, որովհետև շատ կարևոր է բաց չթողել հնարավորությունը` ընտրություններն առանց Նիկոլ Փաշինյանի անցկացնելու: Սուպեր վարչապետական լիազորությունների շրջանակներում Փաշինյանն ունի մեծ հնարավորություններ, ռեսուրսներ, մենք պետք է կարողանանք այնսպես անել, որ այդ հնարավորությունները նրա համար հասանելի չլինեն: Պետք է գան ժամանակավոր իշխանության այնպիսի մարդիկ, ովքեր կկազմակերպեն ընտրությունները և պարզապես կհեռանան` առանց դրանց մասնակցելու: Սա շատ կարևոր է: Սկզբունքորեն այդ ճանապարհով կփոխվի իրավիճակ: Հասարակությունն այժմ մերժում է բոլորին, իսկ մենք առաջարկում ենք մի տրամաբանություն, ըստ որի` կառաջադրվի մեկը, ով մաքսիմալ նեյտրալ է: Պետք է նա լինի մեկը, ով հանրության շրջանում իշխանություն զավթողի տպավորություն չի թողնի:

– Բայց «Բոլորին դեմ եմ»-ը դեմ է բոլորին: Նրանք արդյո՞ք ցանկանում են համագործակցել այլ ուժերի հետ:

– Մենք զուգահեռաբար մի քանի պրոյեկտ ենք իրականացնում: Մեր միավորումը մնում է ուժի մեջ, սակայն դա չի խանգարում իմպիչմենտին որևէ կերպ: Միասնական ճակատ կազմելու հարցում ոչինչ մեզ չի խանգարում: Մենք շատերի հետ ընդհանուր ոչինչ չունենք, սակայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը, ընտրություններն արդար անցկացնելու ձգտումը մեզ մղում է միավորվել: Վստահաբար ընտրակեղծարարություններ լինելու են, լինելու են նաև բռնության դեպքեր, և որ ամենավատն է` ոչ դրսի դիտորդներն են այդ ամենն արձանագրելու, ոչ ներսի: Մենք փաստացի մնացել ենք ինքներս մեր հույսին, հետևաբար բոլոր հնարավոր գործիքները պետք է քննարկել զուգահեռաբար:

– Իսկ ՔՊ-ականների հետ զրուցե՞լ եք այս թեմայով: Առանց նրանց չի կարող իմպիչմենտ լինել: Ի դեպ` իմպիչմենտի ջատագովը երրորդ նախագահի թիմն է: Նրանց հետ չե՞ք քննարկել այս հարցը:

– Անշուշտ, բոլորի հետ էլ խոսել ենք և խոսելու ենք:

– ՔՊ-ականների հետ և՞ս:

– Եթե ստեղծվի իրավիճակ, որ 2018 թվականի նման բոլորը ստիպված լինեն ընդունել խաղի կանոնները, էդ ո՞ր ՔՊ-ականն է գլխից ձեռք քաշել, որ չմիանա ժողովրդին: Կա՞ այդպիսի ՔՊ-ական, ով այնքան է սիրում Նիկոլին, որ կարող է ժողովրդին ասել «ոչ»: Ինձ չի թվում, որ կա: Փաշինյանն ընտրվեց իրավունքի ուժով, գործողությունները սահմանադրությանը չէին համապատասխանում, սակայն այն իրականացվեց իրավունքի ուժով: Մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց, եթե հիմա էլ մեծ թվով մարդիկ փողոց դուրս գան, ՔՊ-ականները ոչ նվիրյալներ են, ոչ էլ գաղափարական ինչ-որ ձգտումներ ունեն: Բախտի բերմամբ պաշտոններ են ստացել, Փաշինյանի ոստիկաններն էլ կարողանում են իրենց անվտանգություն ՔՊ-ականները Նիկոլի վրա ցուցմունքներ են սկսելու գրել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ֊ականների եկեղեցին պառակտելու, հպատակեցնելու, ՔՊ֊ականեցնելու մեկ այլ պասիվ֊ագրեսիվ արար

ՔՊ֊ականների եկեղեցին պառակտելու, հպատակեցնելու, ՔՊ֊ականեցնելու մեկ այլ պասիվ֊ագրեսիվ արար Sun, 05 Apr 2026 09:15:12 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով