Ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում. այ սա շատ հավանական է
Tue, 07 Apr 2026 12:40:02 +0400

Գրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստ է մեկնարկել:
Օրակարգում ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը նախատեսվում է քննարկել արագացված՝ 24-ժամյա ռեժիմով։
Նախագիծը ներառում է մի շարք փոփոխություններ, որոնցից մեկով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ:
Ընդդիմադիրների գնահատմամբ, սա միտված է սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ուղղված է կոնկրետ գործիչների դեմ։
«Կարող է արդյոք ՀՀ-ում ընտրություններին մասնակցել՝ «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե չէ. հիմա էս հարցն է քննարկվում»,- հայտարարել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:
«Ուժեղ քաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում, շատ հավանական է»,- արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր