Ահա թե ինչու են դիմում կտրուկ գործողությունների
Tue, 07 Apr 2026 12:44:23 +0400

«Ընտրական գործընթացում անհրաժեշտ է ապահովել բոլոր քաղաքական ուժերի հավասար հնարավորություններն ու արդար մրցակցությունը»,- այս մասին Ազգային ժողովի շենքի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից ներկայացված փոփոխությունների նախագիծը հրապարակվել է ընդամենը մեկ օր առաջ՝ երեկոյան ժամերին, ինչը, ըստ նրա, բավարար ժամանակ չի տալիս այն լիարժեք քննարկելու համար։ Մելոյանը նշեց, որ առաջարկվող տեխնիկական փոփոխությունների մեջ կա առանցքային կետ, որը սահմանափակում է դաշինքների կողմից կոնկրետ անվանումների օգտագործումը։
Նա ընդգծեց, որ այդ կարգավորումը ուղղված է իրենց քաղաքական ուժի դեմ, քանի որ վերջերս ձևավորված դաշինքը կրում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումը։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունները փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունը ներառել դաշինքի անվանման մեջ։
Մելոյանը նաև հիշեցրեց, որ դաշինքը ձևավորվել է երեք կուսակցությունների ստորագրությամբ, և արդեն դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ էլեկտրոնային հաշվեհամար բացելու և պաշտոնական հարթակներում գործողություններ իրականացնելու համար։
Վերջում նա կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունները, իրենց դիրքերը պահպանելու նպատակով, առաջնորդվում են վախերով և այդ պատճառով դիմում են կտրուկ և սահմանափակող քայլերի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր