ԱՊՀ երկրներում տուրիզմը շեշտակի աճում է, իսկ Հայաստանու՞մ․ նոր տվյալներ
Wed, 08 Apr 2026 17:55:46 +0400

Միջազգային զբոսաշրջության աճի տեմպերը ԱՊՀ երկրներում երկու-երեք անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը, որտեղ Ռուսաստանը, Ադրբեջանը և Բելառուսը առաջատար են կայուն զբոսաշրջության զարգացման ոլորտում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն IV Բելառուսա-ռուսական զբոսաշրջային կոնգրեսի բացման ժամանակ։
«Անցյալ տարի միջազգային զբոսաշրջությունն ընդհանուր առմամբ աճել է 4%-ով։ Այս ֆոնին ԱՊՀ տարածաշրջանը ցույց է տալիս ավելի բարձր աճի տեմպեր․ դրանք 2-3 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը։ Ներքին զբոսաշրջությունը աճի բացարձակ առաջատարն է։ Զբոսաշրջությունը, ինչպես ոչ մի այլ ոլորտ, ընդգրկում է տնտեսական գործունեության ավելի քան 50 տեսակ», – ասել է Պետրիշենկոն։
Նա հավելել է, որ ԱՊՀ-ում զբոսաշրջությունը ոչ միայն ակտիվ հանգստի արդյունաբերություն է, այլև տնտեսական և սոցիալ-մշակութային ինտեգրման կարևոր գործիք։
«Անցյալ տարվա արդյունքների հիման վրա Բելառուսը մտել է ԱՊՀ երկրների լավագույն եռյակ՝ կայուն զբոսաշրջության զարգացման առումով, որտեղ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Ադրբեջանը՝ երկրորդը», – պարզաբանել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն իր հերթին հայտնել է, որ այս տարվա մարտին ավելի քան 22 հազարով ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
«2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 129,887։ 2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)»,- նշում են կոմիտեից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր