Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

Հայաստանը մտցրել ես ճահճի մեջ, ամփոփել մի ծռտի քարտեզում

Հայաստանը մտցրել ես ճահճի մեջ, ամփոփել մի ծռտի քարտեզում

Wed, 08 Apr 2026 18:45:20 +0400


Երբ դու ռուսական հողերը հետ բերող Պուտինի առաջ նստում ես քո ծռտի քարտեզով ու մի բան էլ հայտարարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթիի հռչակագրով ու ԽՍՀՄ փլուզման պահի քարտեզներով, Պուտինը սկսում է մտածել, որ դու խառնել ես այցիդ աշխարհագրությունը եւ, օրինակ, Կիեւ գնալու փոխարեն եկել ես Մոսկվա: Գնայիր, Զելենսկուն բացատրեիր, որ պետք է վերականգնվեն ԽՍՀՄ փլուզման պահի քարտեզները՝ Պուտինը կհասկանար քեզ, կմտածեր, որ դու եւ Զելենսկին մի տնից չեք, բայց մի օրի եք՝ պարտվել եք, տարածքներ կորցրել, հազարավոր զոհեր տվել, ու այս ամենի պատասխանատվությունը ձեր ուսերին է: Ես նույնիսկ չեմ էլ բացառում, որ Պուտինի հետ խոսակցությունը թարս գնաց հենց այդ հիմար քարտեզի պատճառով: Ոնց որ Պուտինին Մոսկվայում մեղադրես Ղրիմի, Դոնբասի, Լուգանսկի, Աբխազիայի, Հարավային Օսիայի համար: Լավ, դու քաղաքագիտությունից ինչքա՞ն ես հեռու: Վրաստանն էլ վարչապետ ունի… Իսկի տեսե՞լ ես, որ նա Վրաստանի «ծռտի» քարտեզ կպցնի դոշին ու գնա «ստեղ-ընդեղ», առանց հասկանալու, թե ում դուր կգա կամ ում դուր չի գա դա:

Մարդը հայտարարել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձի համար արյուն չեն թափելու` փորձելու են դա անել խաղաղ, բանակցությունների ճանապարհով: Ասել է թե՝ չեն հրաժարվել իրենց հողերից եւ, միեւնույն ժամանակ, դրանք այլ պետության տարածքային ամբողջականության մեջ չեն դիտարկում: Դրա համար էլ Վրաստանի վարչապետին հարգում են թե՛ Մոսկվայում, թե՛ Կիեւում, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Բրյուսելում, թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում… Ամենուր: Եղբայր, մեզ շան տեղ չեն դնում քո հիմար քարտեզի, քո վարած արտաքին քաղաքականության, կապիտուլյանտի քո էության, քո ապազգայնության, վերջապես՝ քո անձի պատճառով: Գնա, էլ մի սպասիր ընտրություններին: Քո պատճառով ՀՀ քաղաքացին այլեւս կանգնած է սեփական իշխանությունը ձեւավորելու դժվարության առաջ՝ կա՛մ պիտի Արեւմուտքի սիրեցյալին ընտրի, կա՛մ Պուտինի: Քաղաքական դաշտը քո փոքրիկ խմբակով խառնել ես իրար, քո սուտ խաղաղությամբ, որ ավելին չէ, քան Հայաստանի վերջնական կործանումը, տիրել ես բոլոր բութ ուղեղներին ու նրանցով գնում ես ընտրության: Վերջ տուր այս խայտառակությանը, դրսում 21-րդ դարն է, պետություններն առաջ են քայլում… Դու՝ ձախողվածդ, Հայաստանը մտցրել ես ճահճի մեջ, ամփոփել մի ծռտի քարտեզում, որ ի՞նչ անես:

Դուք ձեզ մի պահ դրեք Պուտինի կամ Թրամփի տեղն ու ասեք՝ ի՞նչ կանեիք, եթե որեւէ օկուպացված երկրի ղեկավար նստեր ձեր առջեւ, մեղադրանքներ կարդար ձեր գլխին ու օկուպանտ երկրին հայտարարեր իր անվտանգության երաշխավոր: Այո, մի պարզ հարց կտայիք՝ հո դու է՞շ չես, արա, էս ինչե՞ր ես խոսում: Եթե չգիտեք, թե անվտանգության երաշխավորն ինչ է կամ ով, գոնե մի անշառ երկրի անուն տայիք, ասեիք՝ Հոնդուրասն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Պուտինն ու Թրամփը միանգամից կհասկանային, որ դուք գժանոցի ապրանք եք: Բայց այսպե՞ս… Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Արա, այ ավլածներ, գերտերությունները մարդ են ման գալիս որ երաշխավոր կանգնեն, դուք թրքոտ Ադրբեջանի՞ն եք երաշխավոր դարձնում… Թե բա՝ անկախ ենք, ինչ ուզենանք, կասենք, ինչ ուզենանք, կանենք: Բայց հենց Պուտինը գազի թանկացումից է խոսում, տնով-տեղով փախնում, մահճակալների տակ եք մտնում: Սա չի՞ ձեր անկախության ու ինքնիշխանության նշաձողը:

Անվտանգության երաշխավորի մի լավ կողմն էլ այն է, որ դժվարությամբ է հրաժարվում իր հովանավորյալից, անընդհատ ժամանակ է ձգում, համոզում է, երբեմն էլ խիստ է խոսում հետը, որ սա իր մոտից չփախչի ու գլխին մի փորձանք չբերի: Պուտինը, օրինակ, մեռավ Նիկոլի գլխին ավետարան կարդալով՝ մենք լավ ու զարգացող հարաբերություններ ունենք, արտահանում, ներմուծում, մենք ե՞րբ ենք ձեր հավին քշա ասել… Նիկոլն այդ ամենին գլխով էր անում, մեկ էլ դիվոտում է, երբ Պուտինը խոսում է Պրահայում իր հայտարարության մասին: Պուտինին հակադարձում է, թե բա՝ դուք եք Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում: Լավ, էլի, չկարողացա՞ր քաղաքագիտորեն մոտենալ այդ հարցին: Էդ նույն էշությունը, որ ամեն անգամ տալիս ես հայ ժողովրդի ճակատին՝ փախել եք, ճողոպրել եք, դիզերտիր եք, չեք կռվել, մի՞թե կարելի էր շպրտել այն մարդու դեմքին, որ մինչեւ ճակատագրական նոյեմբերի 9-ը եւ Շուշիի հանձնումը, առնվազն երեք անգամ քեզ առաջարկել է կանգնեցնել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից: Եվ կամ՝ դու չգիտե՞ս, թե ինչի շնորհիվ ես 21 թվին մնացել իշխանության: Փորփրիր հիշողությունդ, մեկ անգամ էլ կարդա Արցախին ու արցախցիներին վերաբերող խոստումներդ եւ դրանք համեմատիր այդ հարցերում Ռուսաստանի ավանդական դիրքորոշման հետ:

Բայց Մոսկվայից գանք Հայաստան: Դուք ասում եք՝ 21 թվին ժողովուրդն է ձեզ ընտրել: Չեմ հավատում, բայց ընդունենք, որ մեր ժողովուրդը սխալվեց: Իսկ դուք ընդունո՞ւմ եք, որ ժողովուրդը կարող է նաեւ ձեզ չընտրել: Ես ի՞նչ իմանամ, 5 տարի է անցել, իսկ այդ 5 տարում հազար ու մի զուլում եք բերել ժողովրդի գլխին: Հանկարծ վերցնի ու ձեզ չընտրի: Կընդունե՞ք: Ասեմ՝ իմանաք… Դուք ժողովրդին դրել եք մի վիճակի մեջ, որ ձեզ չընտրի: Հայտնի առած կա, ասում է՝ խեղդվողի փրկությունը առաջին հերթին խեղդվողի սուրբ գործն է: Ի՞նչ պետք է անի նա… Օգնություն կանչի, ձեռքերն ու ոտքերը թափահարի, հենց գլուխը հայտնվի ջրի երեսին՝ օդ շնչի, մի խոսքով՝ պայքարի: Մեր ժողովուրդն այդ վիճակում է հիմա: Ավելին ասեմ՝ 21-րդ դարում մենք միակն ենք, որ մեր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով հայտնվել ենք այդ վիճակում: Ուկրաինացիների վիճակն ավելի լավ է այս իմաստով: Նրանք գոնե լողալ գիտեն, էշ-էշ հայտարարություններ չեն անում եւ գիտեն ումից անվտանգության երաշխիքներ պահանջել: Մեր վիճակն օրհասական է՝ ո՛չ լողալ գիտենք, ո՛չ կողմնորոշում ունենք, ո՛չ էլ կողմնորոշվելու ունակություն: Մնում է մի բան՝ ինքնապահպանության բնազդը: Հենց այդ բնազդով էլ, առաջին անգամ մեր պատմության մեջ, մենք պետք է գնանք ընտրությունների: Տեսնենք՝ ինչ կլինի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդկանց հիմնականում հուզում է երկու խնդիր` անվտանգության և տնտեսական

Մարդկանց հիմնականում հուզում է երկու խնդիր` անվտանգության և տնտեսական Tue, 07 Apr 2026 21:45:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով