Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Thu, 09 Apr 2026 12:20:52 +0400


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը: Այս մասին նշված է կազմակերպության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։

Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել դոկտոր Գզոյանին պաշտոնում և երաշխավորել ակադեմիական ազատության իրավունքը։ Ընդգծվում է, որ այն պայմաններում, երբ ցեղասպանությունների հիշողությունը ենթարկվում է ճնշումների, իսկ դրանց կանխարգելման գաղափարն ինքնին թուլանում է, գիտական հաստատությունների մտավոր անկախությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։

«Հայաստանի վրա ճնշում է գործադրվում մի շարք ազդեցիկ անձանց, պետությունների և լավ ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից՝ պարտադրելու ռևիզիոնիստական, փաստացի ցեղասպանությունը ժխտող ազգային նարատիվ՝ ավելի ուժեղ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության» խոստումների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ Ցեղասպանության ժխտման խրախուսումն ուժեղացնում է այն իրականացնողների դիրքերը։ Հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը կամ Թուրքիան փոխել են իրենց քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Որպես օրինակ բերվում է Իսրայելի հետ կապված իրավիճակը, որտեղ, հայտարարության հեղինակների կարծիքով, անպատժելիությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային ապակայունացման։

Բացի այդ, միակողմանի «կարգավորման գործընթացը» դիտարկվում է որպես պատմական ճշմարտության խարխլում, դավաճանություն ցեղասպանության զոհերի հիշատակին և խոչընդոտ՝ կայուն խաղաղության ճանապարհին։
Ինստիտուտը կոչ է անում այլընտրանքային մոտեցման՝ ստեղծել անկախ միջազգային գործընթաց Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճշմարտության հաստատման և հաշտեցման համար։ Նման գործընթացը, ըստ կազմակերպության, պետք է հիմնված լինի փաստացի տվյալների վրա և նպաստի տարածաշրջանում երկարաժամկետ քաղաքական ու հասարակական խաղաղության հաստատմանը։

Հակառակ դեպքում, ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, պահպանվում է բռնության նոր էսկալացիայի վտանգը, որի դեպքում հայերը կարող են կրկին հայտնվել առավել խոցելի վիճակում։

Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գլխավորել է 2024 թվականի փետրվարից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին Wed, 08 Apr 2026 11:53:46 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով