Սյունիքը չի՛ ընտրի Նիկոլ Փաշինյանին․․․
Fri, 10 Apr 2026 15:15:42 +0400

Հրապարակը գրում է, որ Գյումրին չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս միտքը, որքան էլ պարզ թվա, ներսում մի ծանր, անհանգիստ ալիք է բարձրացնում։ Յուրաքանչյուրի մոտ, նայած, թե ո՛րն է իր ծննդավայրը, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է ընտրելու։ Սյունի՞քը, Արագածո՞տնը, Գեղարքունի՞քը, Լոռի՞ն, Տավու՞շը, Վայոց ձոր՞ը․․․ Իսկ գուցե Երևա՞նը․․․ Եվ այդ հարցը դառնում է ոչ միայն քաղաքական, այլ խորապես անձնական, գրեթե ցավոտ ինքնախոստովանություն։
Ու քանի որ իմ ծննդավայրը Սյունիքն է, ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչու՞ Սյունիքը պիտի ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Ինչպե՞ս կարող է սիրտը համաձայնել մի ընտրության, որը հիշողությունների հետ հակասության մեջ է։
Հիշում եմ Գորիսից Կապան տանող ոլորապտույտ ճանապարհները, որտեղ մեծ անտառ կար, ու միշտ գնում էինք վայրի մրգեր բերելու։ Այդ հիշողությունները հիմա թվում են ոչ թե պարզապես անցյալ, այլ մի կորած աշխարհ՝ խաղաղության, մանկության, վստահության աշխարհ։ Զարմանում էի, որ երբ գնում էինք, ծառի տակ կես մետր հաստությամբ քոլատանձ էր լինում թափած։ Այդ ո՞վ է թափել,-հարցնում էի հորս՝ աչքերիս մեջ մանկական հետաքրքրություն ու հիացմունք։ Ասում էր՝ արջը տանձ շատ է սիրում, առավոտ շուտ, երբ մարդ չի լինում՝ գալիս ու թափում է։
Արջն ինձ թվում էր բարության խորհրդանիշ, մի հեքիաթային կերպար, և մտածում էի՝ կհանդիպե՞մ մի օր նրան։ Աշխարհը բարի՜ ու խաղաղ էր թվում։ Մեր անտառը, մեր ճանապարհը։ Մերը՝ անվիճելի, անսասան, ինչպես մանկության հավատը։
Այսօր փակ է այդ ճանապարհը։ Եվ այդ փակված ճանապարհի լռության մեջ ոչ միայն անցյալն է կորսված, այլև ապագայի մի մասը։ Այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է ծածանվում։ Եվ այդ պատկերն արդեն ոչ թե պարզապես քաղաքական փաստ է, այլ անձնական ցավ, խորը ներսում նստած կորստի զգացում։ Ու ինչքան ճանապարհներ, դիրքեր են գրավված, ինչքան հիշողություններ են խեղդված այդ լռության մեջ։
Նիկոլ Փաշինյանի օրոք հակառակորդին հանձնվել է Սյունիքի 130 քկմ տարածք։ Գրավե՞լ են, հանձնվե՞լ է, հետ քաշվելու հրամա՞ն է եղել։ Երեքն էլ շրջանառվում են, երեքն էլ ցավոտ են, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Արդյունքը նույնն է՝ կորուստ, լռություն, դատարկություն։ Եվ այդ դատարկության մեջ մարդ սկսում է ոչ թե քաղաքական գնահատական տալ, այլ պարզապես հարցնել՝ ինչու՞։
Ու զարմանում եմ, երբ ասում են՝ Գյումրին չի ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Սյունիքը կընտրի՞։ Այդ հարցը հնչում է ոչ թե որպես վիճակագրություն, այլ որպես ներքին բախում։ Այնքան պարզ է ամեն ինչ, այնքան ցավալիորեն պարզ։
Գյումրին չի ընտրի Նիկոլ Փաշինյանին, որովհետև այնտեղ կա Վարդան Ղուկասյանը, որը բանտարկված լինելով, հենց իր գոյությամբ ավելի մեծ գործ է անում, քան որոշ ազատության մեջ գտնվողներ։ Եվ սա արդեն քաղաքականության ամենածանր հակասություններից մեկն է՝ երբ ազատությունը չի նշանակում ուժ, իսկ փակված լինելը չի խանգարում ազդեցություն ունենալուն։
Այ թե ինչու էր Փաշինյանը ողջ մարզերում տեր ու տնօրեն նշանակում իր նմաններին, ես կասեի՝ «տնեցիներին»։ Այ թե ինչու էր քրեական հետապնդումներով հնազանդեցնում մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետերին․․․ Սա միայն կառավարման մեխանիզմ չէ, սա վստահության ճգնաժամի պատմություն է, որտեղ իշխանությունը փորձում է վերահսկել ոչ միայն համակարգը, այլ մարդկանց կամքը։
Գուցե դուք էլ, նայած որ մարզից եք, մտածեք, թե ինչու՞ ձեր մարզը, քաղաքը, գյուղը պիտի ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Գուցե այդ հարցը ձեզ համար էլ դառնա ոչ թե քաղաքական ընտրություն, այլ ներքին դատավարություն։
Յուրաքանչյուրդ հիշեք ձեր տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշները։ Հիշեք ոչ միայն որպես փաստ, այլ որպես զգացողություն։ Յուրաքանչյուրդ հիշեք ձեր բաժին հայրենիքի հատվածը՝ տունը, սարը, դաշտը, առուն։ Հիշեք ոչ միայն աչքով, այլ սրտով։ Այս պարագայում համոզված եմ՝ Սյունիքը չի՛ ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Շատերիդ ձեռքը կդողա, երբ փորձի ընտրել այն մարդուն, ով իրեն իր տնից, հողից, հայրենիքի իր բաժնից զրկել է։ Եվ այդ դողացող ձեռքը, գուցե, կլինի վերջին սահմանը՝ մարդու և իր հիշողության միջև։ Քաղաքական գնահատականներն արդեն անզոր են ,,կորուսյալ մարդկանց,, փրկելու, գուցե հուզական գնահատականը ազդի շատերի լռած զգայաթելերի վրա․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր