Թրամփն էլ է դատի տալիս ԶԼՄ-ներին․ դատարանը կրկին մերժեց
Tue, 14 Apr 2026 12:30:53 +0400

Ֆլորիդայի շրջանային դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից The Wall Street Journal-ի հրատարակիչների դեմ ներկայացված 10 միլիարդ դոլարի զրպարտության հայցը, ըստ թերթի կայքում տեղադրված հաղորդագրության։
Հայցը վերաբերում է WSJ-ի 2025 թվականի հուլիսին հրապարակված հոդվածին․ այն վերաբերում էր Թրամփի կողմից, ենթադրաբար, սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստ, այժմ մահացած Ջեֆրի Էպշտեյնին բացիկ նվիրելուն։
2025 թվականի սեպտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները հրապարակեցին բացիկի լուսանկարը։ Բացիկի վրա պատկերված է մերկ կնոջ կոպիտ ուրվագիծ, որի վրա գրված է «Ջեֆրիի» և «Դոնալդի» երկխոսությունը։
WSJ-ի՝ բացիկի մասին հոդվածում նաև ընդգծվում է, որ Թրամփը հերքում է այն Էպշտեյնին ուղարկելը և սպառնում է դատի տալ թերթին։
Զրպարտությունն ապացուցելու համար, դատավորը նշել է, որ Դոնալդ Թրամփը պետք է ցույց տա, որ հրատարակությունը և դրա լրագրողները գործել են «չարամտությամբ», այսինքն՝ նրանք դիտավորյալ հրապարակել են կեղծ տեղեկատվություն կամ անզգուշորեն անտեսել են ճշմարտությունը։ «Թրամփը չի կարողացել ապացուցել, որ լրագրողները գործել են չարամտությամբ և որ նամակը կեղծված է եղել», – նշել է հրատարակությունը։
Հրապարակումը պատրաստելիս լրագրողները մեկնաբանություններ են խնդրել անձամբ Թրամփից, ԱՄՆ Արդարադատության նախարարության պաշտոնյաներից և Հետաքննությունների դաշնային բյուրոյից, ընդգծել է դատավորը։
Նրա խոսքով, Թրամփը կարող է փոփոխել իր հայցը և այն վերստին ներկայացնել մինչև ապրիլի 27-ը։ Թրամփի իրավաբանական թիմի խոսնակը հայտարարել է, որ նախագահը «հզոր հայց» կներկայացնի The Wall Street Journal-ի և մյուս մեղադրյալների դեմ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր