Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Դիլիջանի համայնքապետը չի կարողանում իր թիմակիցներին նիստին բերել

«Հրապարակ»․ Դիլիջանի համայնքապետը չի կարողանում իր թիմակիցներին նիստին բերել

Tue, 14 Apr 2026 12:45:17 +0400


Ապրիլի 10-ին նշանակված՝ Դիլիջան համայնքի ավագանու հերթական նիստը, քվորումի բացակայության պատճառով, չի կայացել։ Այդ նիստին համայնքի ավագանու 21 անդամից ներկա է եղել 8-ը։ Դիլիջանի ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 13 անդամ, ապրիլի 10-ի նիստից բացակայել են ոչ միայն համայնքի ավագանու «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում» խմբակցությունների անդամները, այլ նաեւ՝ ՔՊ խմբակցության 5 անդամ։ Ավագանու ապրիլի 10-ի նիստի օրակարգում համայնքի համար կարեւոր 10 հարց էր ընդգրկված՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 108/1 հասցեի 11,1 քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու, Դիլիջանի բազմագործառույթային քոլեջի շենքի հիմնանորոգման վերաբերյալ նախնական համաձայնություն տալու, Դիլիջան քաղաքում մի քանի հողամաս անվանակոչելու, Խնձորկուտ հանդամասում գտնվող մի հողամասի հողատեսքի փոփոխությունը հաստատելու, Թեղուտ գյուղում մի հողամաս օտարելու համաձայնություն տալու, Դիլիջանի ավագանու 2025թ․ նոյեմբերի 7-ի որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու, Դիլիջան համայնքի 2026թ․ տեղական բյուջեում փոփոխություն կատարելու մասին եւ այլ հարցերը։

Դիլիջանի համայնքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ Դիլիջանում հողամասերի կադաստրային ծածկագրերի հետ կապված՝ խառնակ վիճակ է, դրանք ճշգրտելու կարիք կա։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նաեւ «Քաղպայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարն է։ Նա մարտի 30-ին Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ դրանց կից գրել. «Այսօր տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի խորհրդի եւ նախաձեռնողի նիստերը, որոնց ներկա էին խորհրդի նախագահը, խորհրդի անդամները եւ կուսակցականները։ Քննարկվեցին օրակարգային հարցերը: Տեղի ունեցավ նաեւ հանդիպում ՔՊ կուսակցությանը հայտ ներկայացրած դիմումատուների հետ»։

Դավիթ Սարգսյանը չի կարողանում ավագանու ՔՊ խմբակցությունն արդյունավետ ղեկավարել, ապահովել այդ խմբակցության անդամների մասնակցությունն ավագանու նիստին, ինչպե՞ս է ղեկավարում իշխող կուսակցության տարածքային կառույցը։ Դիլիջանի համայնքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ ավագանու անդամների մի մասը խիստ դժգոհ է համայնքապետի կոպիտ վարվելակերպից, նա ավագանու անդամների հետ խոսում է այնպես, ինչպես կոլխոզի բրիգադիրը՝ բանվորների հետ։ Մինչդեռ ՏԻՄ օրենքով համայնքի ավագանին է որոշումներ ընդունում, վերահսկում համայնքապետարանի եւ համայնքապետի գործունեությունը։ Համայնքապետարանում դժգոհ են, որ նախկինում բենզալցակայանում բենզին լիքավորող աշխատած, անձնական գործում «սեռ» բառի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը համայնքապետարանում իրեն շրջապատել է ոչ գրագետ կադրերով: Ասում են, որ համայնքապետարանում որոշումների կայացման գործում մեծ է համայնքի ղեկավարի երիտասարդ խորհրդական Նոնա Գրիգորյանի դերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բոլոր խնդիրները գալիս են ձեր կոալիցիայի ժամանակից. Մարտուն Գրիգորյանի որդին` ՔՊ֊ին

Բոլոր խնդիրները գալիս են ձեր կոալիցիայի ժամանակից. Մարտուն Գրիգորյանի որդին` ՔՊ֊ին Mon, 13 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով