«Հրապարակ»․ Իմ դիտարկումներով, «Արեւմտյան Ադրբեջան» արտահայտությունն ավելի քիչ են սկսել կիրառել

«Հրապարակ»․ Իմ դիտարկումներով, «Արեւմտյան Ադրբեջան» արտահայտությունն ավելի քիչ են սկսել կիրառել

Wed, 15 Apr 2026 09:15:07 +0400


Նիկոլ Փաշինյանի աջակիցներից կազմված «քաղհասարակության» բոլորին հայտնի ներկայացուցիչներն օրեր առաջ կրկին մեկնել էին Ադրբեջան: «2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկկողմանի կլոր սեղանի քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը եւ անմիջական փոխազդեցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ։ Ըստ APA-ի, այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանազատված հատվածը եւ անցել սահմանային եւ անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը»,- գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ադրբեջան էր մեկնել նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ի դեպ, քաղաքացիական հասարակության անվան տակ, այս էլ որերորդ անգամ, Ադրբեջան են մեկնում իշխանամետ քաղաքագետներ, այլ ոչ թե քաղհասարակության, այսինքն` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հրապարակը» զրուցել է Բորիս Նավասարդյանի հետ:

– Հավանաբար, Դուք էլ եք բազմիցս լսել, որ Հայաստանում Ձեզ մեղադրում են Ադրբեջան մեկնելու համար, մանավանդ որ որեւէ առանցքային հարցի չեք անդրադառնում, օրինակ` գերիների հարցին եւ այլն:

– Ես չեմ թվարկի, սակայն կասեմ, որ բոլոր այն հարցերը, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապ ունեն, մենք քննարկել ենք: Ինչ վերաբերում է լուծումներին, ապա դրանք միայն մեզնից չեն կախված, եւ ժամանակ է պետք:

– Իսկ կոնկրետ հայ ռազմագերիների հարցը քննարկվե՞լ է այս անգամ:

– Այդ հարցը քննարկվում է միշտ, ասեմ ավելին` այն ամենահաճախ ու խորքային քննարկվող հարցերից է:

– Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն ի՞նչ կարծիք ունեն գերիների հարցի մասին:

– Տարբեր: Այնպես չէ, որ նրանք՝ բոլորը, նույն կարծիքն ունեն: Այդ հարցի լուծումը, ամեն դեպքում, առաջին հերթին իշխանություններից է կախված, այլ ոչ թե քաղաքացիական հասարակությունից:

– Ադրբեջանի իշխանությունները չեն դադարում խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, ավելին` օրերս մի ազերի փորձագետ էր խոսում, թե Հայաստան պետություն գոյություն չունի, որ «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի հարցը մշտապես եղել է իրենց օրակարգում, սակայն քանի որ 1988-ին Արցախի հարցն առաջացել է, այդ պատճառով «Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգը հետին պլան է մղվել, իսկ այժմ, քանի որ Արցախի հարցը լուծված է, իրենք հետեւողականորեն զբաղվում են «Արեւմտյան Ադրբեջանն» «ազատագրելու» ծրագրով: Ի՞նչ կարծիք ունեք այս զավթողական քաղաքականության մասին, դուք խաղաղության մասին եք խոսում` հանդիպումները կայացնում եք խաղաղության դրոշի տակ, իսկ ադրբեջանական կողմը նման հայտարարություններով է հանդես գալիս:

– Միշտ քննարկվում է նաեւ այս հարցը: Առհասարակ, բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են հայկական եւ ադրբեջանական կողմերին, քննարկվում են անպայմանորեն:

– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, ստացվում է, որ ձեր քննարկումներն անիմաստ են:

– Իմ դիտարկումներով, կան որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, «Արեւմտյան Ադրբեջան» բառակապակցությունը, իմ դիտարկումներով, համեմատաբար քիչ են սկսել կիրառել, քան առաջ, դա ինչ-որ տեղ փոխըմբռնման գործընթացի արդյունք է:

– Բայց հնչում է այդ եզրույթը:

– Այո, պարզ է, որ միանգամից չի կարող հարցը լուծվել, քանի դեռ շատ այլ հարցեր լուծված չեն, այս հարցը եւս, բնականաբար, մնում է առկա:

– Սահմանազատումների հարցերը քննարկո՞ւմ եք:

– Այո, բոլոր հարցերը քննարկվում են խորքային, սակայն չեմ կարող մանրամասներ նշել:

– Ամեն անգամ, երբ գնում եք Ադրբեջան, հայ հանրության մի մեծ զանգված քննադատում է ձեզ, այդ հանգամանքը ձեզ չի՞ մտահոգում:

– Ցանկալի կլիներ, որ մարդիկ ավելի ըմբռնումով մոտենային այս նախաձեռնությանը, սակայն գիտակցում եմ, որ մեր հասարակությունը կարեւոր հարցերի շուրջ ունի շատ տարբեր կարծիքներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Այդ բոլոր ձայնագրությունները զերծ են քրեորեն պատժելի հանցակազմերից

«Հրապարակ»․ Այդ բոլոր ձայնագրությունները զերծ են քրեորեն պատժելի հանցակազմերից Fri, 17 Apr 2026 09:15:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով