Ջահերով երթ, սգո օր եւ դրան հաջորդող տոնակատարություններ
Thu, 16 Apr 2026 16:15:27 +0400

Այս տարի 1915 թվականի հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Այս տարի նույնպես ապրիլի 23-ին՝ ՀՅԴ երիտասարդական թեւի նախաձեռնությամբ կկայանա ջահերով երթ, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Իսկ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը արդեն ավանդական դարձած երթը կանի դեպի հուշահամալիր։ Այս տարի ապրիլի 24-ը որոշակիորեն առանձնանում է նախորդ տարիներից, որովհետեւ ընդամենը մեկ ամիս անց Հայաստանում կարեւոր քաղաքական իրադարձություն է տեղի ունենալու՝ խորհրդարանական ընտրություններ են, ինչը նշանակում է, որ ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումը ոմանք օգտագործելու են քարոզչական նպատակներով։ Այս տարի ապրիլի 24-ը ուշագրավ է նաեւ նրանով, որ շուրջ մեկ տարի է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգվում է եւ պարզ չէ՝ այդ օրը ավարտված կլինեն աշխատանքները, թե ոչ։
Այս տարվա հիշատակի միջոցառումները մեկ այլ իրադարաձությամբ էլ են ստվերվում․ ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրվա հետ կապված իշխանությունը մեծ համերգ է նախատեսել Հանրապետության հրապարակում։ Հանդես են գալու Իվետա Մուկուչյանը և այլ արտիստներ «Խաղաղության ձայն» խորագրի ներքո։ Այս ամենը շատերը համարում են ոչ թե պատահական համընկնում, այլ մտածված դիտավորություն՝ հայոց արժեքները անարգելու համար։ Փաստացի անտեսում են ազգի ցավի, սգի օրը և փորձում են հաջորդ օրվա տոնախմբությամբ մոռացնել տալ Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ սեփական քաղաքական օրակարգն առաջ տանել։
Շուշան Սարիկյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր