Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

«Հրապարակ». Աշխարհում նման դեպք չի եղել, որ մարդիկ ընտրեն սպառնացող իշխանություններին

«Հրապարակ». Աշխարհում նման դեպք չի եղել, որ մարդիկ ընտրեն սպառնացող իշխանություններին

Fri, 17 Apr 2026 11:45:44 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

– Նախընտրական պրոցեսներն ավելի հստակ են դառնում, ներքաղաքական մթնոլորտն օրեցօր շիկանում է։ Նախորդ շաբաթ օրը Սամվել Կարապետյանը հանդես եկավ ուղերձով, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շարունակում են սպառնալ պատերազմով եւ խոստանալ խաղաղություն։ Ի՞նչ սպասելիքներ ունեք Դուք քաղաքական ուժերից:

– Ցավով պետք է արձանագրենք, որ ընտրապայքարն ընթանում է Նիկոլի թելադրած օրակարգով։ Նիկոլն այդ առումով պրոֆեսիոնալ է եւ կարողանում է ընտրապայքարն առաջ տանել շանտաժի լեզվով։ Նա սպառնում է պատերազմով, բայց խնդիրը գիտե՞ք որն է․ նորմալ հասարակություն ունենալու պարագայում որեւէ քաղաքական ուժ եթե իր ընտրողին սպառնար պատերազմով, հասարակությունը ոչ միայն կմերժեր այդ ուժին, այլեւ՝ կպատժեր։ Մենք գործ ունենք դասական շանտաժիստի հետ։ Մարդ, որը հասարակությանը վախեցնում է պատերազմով։ Որպես հասարակության մի մասնիկ, ես հարց ունեմ պատերազմով սպառնացող իշխանությանը․ եթե այսօր ինձ վախեցնում եք պատերազմով, ապա վաղը Ադրբեջանը Նիկոլի միջոցով պատերազմով կսպառնա, եթե փոփոխության չենթարկվի Սահմանադրությունը։ Ընդամենը որոշ ժամանակ անց նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Ադրբեջանի պատվերով, նոր պատերազմի մասին է գուժելու, եթե 300-400 հազար ադրբեջանցի չվերաբնակեցվի Հայաստանում։ Ու այդպես շարունակ։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ շանտաժիստին չի կարելի կուլ գնալ։ Աշխարհի երեսին չկա նման երեւույթ, որ մարդիկ գնան ու ընտրեն սպառնացող իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը դասական հանցագործ է։ Նա այնքան հանցանք է գործել հայության դեմ, որ սա արդեն նրա համար կյանքի ու մահվան հարց է, այլ ոչ թե՝ քաղաքական պայքար։ Նիկոլ անհողը դասական քաղաքական հանցագործ է։ Օրինակ՝ Հունգարիայում Օրբանը մոտ 20 տարի իշխանավարելուց հետո իշխանությունը շատ հանգիստ հանձնեց ընդդիմությանը, Նիկոլը, ի տարբերություն Օրբանի, ատում է իր պետությունը, նա հակահայ դավաճան է եւ այդքան հեշտ, կարծում եմ, իշխանություն չի հանձնելու։ Նա գիտակցում է, որ ամեն անգամ հասարակության մի մասին խաբելով, թե իբր ինքը խաղաղություն է բերել, իսկ Արցախը հանձնել են նախկին իշխանությունները, այդ ամենն իրականում բացահայտվելու է, եւ ինքը դրա համար պատասխան է տալու։ Նա կենաց-մահու կռիվ է տալիս իշխանության համար, եթե նա իշխանություն չունեցավ, չի կարողանալու հանգիստ ապրել երկրագնդի ցանկացած մասում։

– Իսկ ի՞նչ անելիքներ ունի այս փուլում ընդդիմությունը։

– Նախ ուզում եմ շեշտել, որ նորմալ հասարակություն ունեցող երկրի քաղաքացին գուցե կուրախանար, որ իր երկրում թոշակներ են բարձրացվում, սակայն Նիկոլի արածը սոցիալական դեմագոգիա էր։ Ես ինչքան էլ որ ուրախանամ թոշակների բարձրացմամբ, ինձ մոտ հարց է առաջանում․ մարդ, որը 2025 թվականի դեկտեմբերին դոշ էր ծեծում, որ անգամ հազար դրամով հնարավոր չէ թոշակների բարձրացումը, քանի որ այն թանկ կարող է նստել պետության վրա, այժմ հարց է առաջանում, թե որտեղից այդ փողը ծլեց։ Նիկոլին, հավանաբար, այդ փողը տվել են թուրքերն ու ադրբեջանցիները, որի համար Նիկոլը պետք է վճարի, սակայն ոչ թե սեփական գրպանից, այլ՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի հաշվին։ Սոցիալական դեմագոգիայով հրճվող մասսան պետք է հաշվի, թե նույն ապրիլի 1-ից որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Նիկոլը վերջերս մի մարդու ասաց՝ ապրիլի 1-ից կկարողանաք միս ուտել, բայց գիտե՞ք, թե նույն միսը որքան է թանկացել։ Նիկոլ անհողն ասում է՝ այսքան տարի միս չեք կերել, հիմա կուտեք, բայց ինչպե՞ս, եթե միսը նույնպես ահագին թանկացել է։ Մսի գինը եթե մինչեւ ապրիլի 1-ն արժեր, օրինակ, 4 հազար դրամ, այժմ արժե 5 հազար 500 դրամ։ Մյուս սննդամթերքների մասին էլ չխոսենք։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ես չեմ ցանկանա հիմա քննադատել նրանց, սակայն Նիկոլը նրանց բազմաթիվ սխալներից միայն շահում է։ Իրենց ցուցակներից սկսած, վերջացրած քարոզարշավներով․․․․ չեմ ուզում ասել ավելին։ Չեմ ուզում Նիկոլի ջրաղացին ջուր լցնել, բայց հույս ունեմ, որ մեր հասարակությունը կհասկանա, որ շատ ընդդիմադիրներ ուղղակի ձայներ փոշիացնողներ են։

– Ասում են, որ Ռուսաստանը կարող է գազի սակագինն ավելացնել։

– ԱԺ փոխնախագահ ճղճղանն ասում է, որ վստահ է, որ ՌԴ-ն գազը չի թանկացնի։ Գյումրիում մի լավ ասացվածք կա՝ էշի երեսին են ուղիղ խոսքն ասում։ Եթե Վլադիմիր Պուտինի ակնարկները՝ գազի գնի հետ կապված, Նիկոլի համար մեսիջ չեն, ապա ես ի՞նչ ասեմ, միայն կարող եմ ասել, որ խղճում եմ իրենց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի պահվածքը մեմերի առիթ է դարձել

Փաշինյանի պահվածքը մեմերի առիթ է դարձել Wed, 13 May 2026 22:15:03 +0400 Այսօր՝ մայիսի 13-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով