«Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը` ընտրական կաշառք
Fri, 17 Apr 2026 16:15:17 +0400

Գյումրիի ամենահայտնի պատմական կառույցներից մեկի՝ «Մեր մանկության տանգոյի» շենքի վերականգնումը հայտնվել է անորոշության մեջ։ Պատճառը ոչ թե ֆինանսների բացակայությունն է, այլ նոր օրենսդրական կարգավորումները, որոնք բարեգործությունն ու նախընտրական կաշառքը դիտարկում են նույն հարթության վրա։
Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն իր տարեկան հաշվետվության ժամանակ մտահոգիչ տեղեկություններ հայտնեց քաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Ըստ նրա՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցման աշխատանքները պաշտոնապես դադարեցվել են համապատասխան գերատեսչությունների կողմից։
Խնդրի առանցքում վերջերս ընդունված այն օրենքն է, որը խստացնում է նախընտրական շրջանում իրականացվող ցանկացած աջակցություն կամ խոստում։ Քանի որ սպասվում են քաղաքական գործընթացներ, ներդրողի կողմից իրականացվող այս անշահախնդիր ծրագիրը որակվել է որպես նախընտրական կաշառք։
«Շինարարությունը սկսվել էր, սակայն այս պահին դադարեցվել է, քանի որ, ըստ վերջին տխրահռչակ օրենքի, դա դիտվելու է որպես նախընտրական կաշառք»,- նշեց Ավետիս Առաքելյանը։
Ավետիսյանի խոսքով` նման մոտեցումը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե բարերարը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել քաղաքի խորհրդանիշը և այն նվիրել համայնքին՝ առանց որևէ կոմերցիոն ակնկալիքի, սակայն բախվում է իրավական արգելքների, դա կարող է հուսահատեցնել նաև այլ պոտենցիալ ներդրողների։ Խնդիրը տարածվում է նաև սոցիալական աջակցության վրա։
Պարզվում է՝ նույն օրենսդրական կարգավորումները կաթվածահար են արել նաև քաղաքապետարանի սոցիալական աշխատանքը։ Տասնյակ գյումրեցիներ, ովքեր դիմում են քաղաքապետարան՝ ծայրահեղ անհրաժեշտ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, մերժվում են, քանի որ ցանկացած դրամական հատկացում ևս կարող է մեկնաբանվել որպես ընտրողների ձայների հավաքագրում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր