«Հրապարակ»․ Եթե համաձայն չեն կառավարության հետ, պետական տեղ պետք է չաշխատեն

«Հրապարակ»․ Եթե համաձայն չեն կառավարության հետ, պետական տեղ պետք է չաշխատեն

Sat, 18 Apr 2026 10:45:24 +0400


ՔՊ-ականները՝ վարչապետից մինչեւ մանկապարտեզի դաստիարակ, ամբողջ երկրով մեկ անթաքույց նախընտրական քարոզչությամբ են զբաղված, իսկ այլ կուսակցությունների անդամներին նույնիսկ թույլ չեն տալիս իրենց կուսակցության նախընտրական շտաբ մտնել` ազատում են աշխատանքից, դա համարելով քարոզչական գործունեությամբ զբաղվել: Արդեն հայտնել ենք, որ Ծառուկյանի շտաբ գնալու համար Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխարհագրության եւ ռազմագիտության ուսուցիչ Արտակ Մնացականյանին հորդորել են ազատման դիմում գրել այն բանից հետո, երբ նրան նկարել են «Առաջարկ Հայաստանին» ուժի նախընտրական շտաբ մտնելիս:

Թե ինչ զարգացումներ են եղել դրանից հետո, տեղեկացանք Արարատի բնակիչներից, որոնցից շատերը համակրում են ուսուցչին: Մնացականյանի ընկերները պատմում են, որ նա դպրոցում քարոզչություն չի արել, հարցը զուտ քաղաքական է: ԲՀԿ-ական ուսուցչի հետեւից վաղուց են ընկած եղել: Դպրոցի կոլեկտիվում այլ ընդդիմադիրներ էլ կան, բայց ՔՊ-ականներին հատկապես զինղեկ Մնացականյանն է «խանգարել», քանի որ նա նոր է ընդդիմադիր դարձել: Նախկինում եղել է զինվորական ու չի զբաղվել քաղաքականությամբ: Մոտ երկու ամիս նրան հետեւել են իսկական շպիոնաժի կանոններով ու վերջապես «կեղտ» են գտել: Անցած հինգշաբթի Արտակ Մնացականյանը հրավիրված է եղել «Առաջարկ Հայաստանին» ուժի ժողովին, հաջորդ՝ ուրբաթ օրը, գնացել է ԲՀԿ գրասենյակ, ՔՊ-ի «շպիոնները» բռնացրել են զինվորականին, նկարել, սարքել մատի փաթաթան, մարդուն ստիպել են, որ կա՛մ զեկուցագիր գրի, կա՛մ դուրս գա դպրոցից: Նա էլ նախընտրել է ազատման դիմում գրելը: Մի դիմում ուրբաթ օրն է գրել, մյուսը՝ երկուշաբթի:

Ասում են՝ «Զինղեկ» օպերացիային մասնակցել են ե՛ւ մարզպետը, ե՛ւ դպրոցի տնօրենը:
Վերջին՝ կոշտ խոսակցությունը եղել է տնօրեն Մակիչ Փանոսյանի կաբինետում: Նա Արտակ Մնացականյանին ասել է․ «Դուրս արի սենյակիցս, վերջ, դու հեռացված ես»:

Հետաքրքիր է, որ դպրոցի տնօրեն Մակիչ Փանոսյանը ՀՀԿ անդամ է, բայց ասում են՝ արդեն «լողացող» անդամ է, ՔՊ-ականների հետ կիրակի օրերին եկեղեցի է գնում եւ այլն: Մակիչ Փանոսյանը «Հրապարակի» հետ զրույցում հրաժարվեց խոսել միջադեպի մասին: Միայն ասաց. «Դպրոցում աշխտանքային ժամերին քարոզչություն իրականացնելն օրենքով է արգելվում, ես ի՞նչ պետք է ասեմ՝ ճիշտ է կամ սխա՞լ»: Շտաբ գնալը համարվում է քարոզչությո՞ւն: «Դա թող իքն ասի»,- ասաց տնօրենը:

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի հետ հետաքրքիր զրույց ստացվեց` խոստովանություններով լի, թեեւ սկզբում պնդում էր, թե բացարձակ տեղյակ չէ ուսուցչի ազատումից:

– Նրան ազատել են ԲՀԿ-ական լինելո՞ւ համար:

– Ես տեղյակ չեմ, սկի չեմ էլ ճանաչում` ում մասին է խոսքը: Բայց բացառում եմ, որ անտեղի բան արած լինեն:

– Նա ասում է, որ դպրոցում քարոզչություն չի արել, ընդամենը իր կուսակցության շտաբ է այցելել:

– Եթե համաձայն չեն կառավարության հետ, կարծում եմ, պետական մի որեւիցե տեղ պետք է չաշխատեն ու չզբաղեցնեն որեւիցե պաշտոն: Զանգեք տնօրենին, հարցրեք:

– Ձեր դպրոցներում այլ կուսակցություններին անդամակցելու համար ազատո՞ւմ են աշխատանքից:

– Ես տենց բաներով չեմ զբաղվում, գոյություն ունի կրթության վարչություն, դպրոցի տնօրեն, իրենք են զբաղվում նման հարցերով:

– Մարզպետին չի՞ ենթարկվում աշխատակազմը, կրթության վարչությունը: Դուք չե՞ք ղեկավարում այդ վարչությունը:

– Ցավդ տանեմ, ի՞նչ է հետաքրքիր: Որեւիցե մեկը դպրոցում որեւիցե շարժ, մի հատ հանգամանք, որ մենք նկատեցինք` քաղաքական բաներ է անում, մի րոպե չի մնալու դպրոցում:

– Բայց «քաղաքական բանը» ո՞րն է: Ինչո՞ւ են ասել՝ դիմում գրի, գնա:

– Ձեր կարծիքով, ինչ որ տեղի է ունեցել, տենց պատահական մարդուն ասել են՝ բան արա՞: Խնդրում եմ, տնօրենի հետ: Ինչ որ տեղի է ունենում, ձեզ ոչ մի բան չի հետաքրքրում, էս զապիսները, մի հոգի դուրս է եկել, դա է մենակ հետաքրքրում:

Խոսեցինք նաեւ Արարատի վարչական ղեկավար Էլեն Գասպարյանի հետ, որը, լսելով Արտակ Մնացականյանի անունը, սարսափահար անջատեց հեռախոսը, ասելով․ «Կարծիք չունեմ, հաջողություն»:

Արարատի բնակիչները մարզպետին այնքան էլ չեն մեղադրում: «Մարզպետը շատ լավ տղա է, բայց ՔՊ-ական է»,- ասում են նրանք: Համայնքապետի մասին էլ ասում են` նա ի՞նչ կարա անի: «Էսօր էդ համայնքապետեր, վարչական ղեկավարներն էնքան իմպոտենտ կառույցներ են: Իրանք Նիկոլի քարտեզը հազիվ դոշներին խփած ման են գալիս: Էն, որ մեր բակի Հրանտը, որ ախրաննիկի ռացիան է կպցնում, ման գալիս, ասում են՝ էս ի՞նչ թիթեռ ա նստել ձեր դոշին, հիմա սրանք են: Չնայած, ավելի լավ էր՝ թիթեռ խփեին դոշներին, քան մեր հայրենիքը պղծեին»,- այսպիսի արարատցիներ էլ կան, որոնք իրենց անունով չեն խոսում:

Արտակ Մնացականյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ի պաշտոնե մինչեւ 16:00-ն պետք է լինի դպրոցում, ինքը միշտ ժամը 4-ից հետո է գնացել շտաբ: «Մի անգամ եմ ընդամենը մինչեւ չորսը գնացել, տնօրենին էլ ասել եմ, դա սարքել են բոլոլա: Ինձ չեն խնդրել դիմում գրել, բայց ոչ պաշտոնական խողովակով տեղյակ են պահել, որ հեռանամ»: Ասաց, որ շատ ակտիվ է, շատ հայրենասեր, երբեք չի վախեցել երեխաներին ասել՝ Մասիսը մերն է, Արագածի ցավն էլ տանեմ: Ինչով է զբաղվելու` դեռ չգիտի: Երազում է, որ հունիսի 8-ից հետո զարթնենք նոր Հայաստանում, բայց քաղաքականությամբ չի զբաղվել դպրոցում, բարձր դասարանցիներին էլ ասել է՝ ինձ քաղաքական հարցեր չտաք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այդպես էլ չիմացանք՝ դիմե՞ց, թե՞ չէ․․․ Ինչ որ տեսանք, դա Ալիևի ավելի ագրեսիվ ու վտանգավոր բառամթերքն էր

Այդպես էլ չիմացանք՝ դիմե՞ց, թե՞ չէ․․․ Ինչ որ տեսանք, դա Ալիևի ավելի ագրեսիվ ու վտանգավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով