«Հրապարակ»․ Միայն Տավուշից երկու տարում 1100 արցախցի է հեռացել
Sat, 18 Apr 2026 11:45:08 +0400

2025թ․ օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի արծարծումը համարել է վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն եւ հավելել․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։
Արցախի հայաթափումից անցել է 2 տարի 7 ամիս, եկեք տեսնենք, թե Արցախից բռնագաղթածներն ինչպես են Հայաստանի իշխանության եւ միջազգային աջակցությամբ տնավորվել ՀՀ-ում։ Այդ գործընթացը դիտարկենք Տավուշի մարզի օրինակով։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2023թ․ աշնանը Արցախից բռնագաղթածներից Տավուշում բնակություն է հաստատել 2 հազար 970 անձ (780 ընտանիք): 2025թ․ սկզբին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել այդ ժամանակ Տավուշում բնակվող արցախցիների թվի վերաբերյալ։
Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում 2025 թվականի հունվարի 8-ի դրությամբ կա ԼՂ-ից բռնի տեղահանված 564 ընտանիք (1920 անձ)»: 2024թ․ դեկտեմբերին մարզպետարան հարցում էի կատարել նաեւ Տավուշում արցախցիների աշխատանք ունենալու վերաբերյալ։ Այն ժամանակ մարզպետարանից հայտնել էին, որ Տավուշում բնակվող, բռնագաղթած արցախցիներից աշխատանք ունի ընդամենը 36-ը։ 2024թ․ դեկտեմբերի դրությամբ Արցախից բռնագաղթածներից ոչ մեկը Տավուշում սեփականության իրավունքով բնակարաններ չէր գնել։
2026թ․ ապրիլի 6-ին մարզպետ Հ․ Ղալումյանին տեղեկատվական նոր հարցում եմ արել․ «Ապրիլի 6-ի դրությամբ Տավուշի մարզում Արցախից բռնագաղթած քանի անձ է բնակվում, քանի ընտանիք, նրանցից քանիսն է պետական բնակարանային ապահովման ծրագրով բնակարան ձեռք բերել մարզում, որ համայնքներում՝ քանի բնակարան»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում բնակվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1860 անձ (527 ընտանիք)։ Պետական բնակարանային ապահովման ծրագրով բնակարան ձեռք բերած ընտանիքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմնին»։ Մարզպետ Ղալումյանը չի հայտնել, թե որն է այդ խնդրով պետական լիազոր մարմինը: Տավուշի մարզպետն ու մարզպետի աշխատակազմն իրենց ոչ արդյունավետ աշխատանքի համար պետբյուջեից միլիոնավոր դրամների պարգեւավճարներ են ստանում, սակայն մարզպետը չգիտի կամ չի ցանկացել հայտնել, թե քանի բռնագաղթած արցախցի ընտանիք է Տավուշում բնակարանային ապահովման ծրագրով բնակարան ձեռք բերել:
Կամավոր Արցախ մեկնելու, մարտնչելու Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչի հաջորդ օրը՝ 2020թ․ հոկտեմբերի 22-ին, Արցախ, մարտնչելու համար կամավորագրվելու կոչ արած, այդ նպատակով «Իջեւան» կամավորական ջոկատ հավաքած, սակայն այդպես էլ Արցախ` պատերազմին մասնակցելու չմեկնած Հայկ Ղալումյանն այժմ, իր սանիկ Նիկոլ Փաշինյանի նման, վախենում է «Արցախ» բառն օգտագործել, փոխարենը նշում է՝ Լեռնային Ղարաբաղ։ Նախկինում Տավուշի մարզպետարանից տեղեկացել էի, որ ընդամենը արցախցի 10 ընտանիք է պետական բնակարանային ապահովման ծրագրով բնակարան ձեռք բերել Տավուշի Նոյեմբերյան եւ Իջեւան համայնքներում:
2025թ․ մարտի 25-ին ԱԺ-ում պատասխանալով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ Ն․Փաշինյանը հայտարարել է․ «Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված՝ մենք չպե՞տք է ասենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում, այսինքն՝ մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ. դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ: Ինչի իրենք Ղարաբաղին լո՞ւրջ են վերաբերվել, ո՛չ, լուրջ չեն վերաբերվել»:
Հիմա նույն հարցը վերադարձնենք իրեն` իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է վերաբերվում արցախցիներին. մետրոյում լեզվակռիվ է անում արցախցի զոհված հերոսի աղջկա հետ, արցախցիներին անվանում է փախածներ, մեկ օր հետո կրկնում է իր միտքը` դասալիքներ, փախածներ անվանելով բոլոր արցախցիներին։ Նա պարբերաբար ատելության խոսք է հնչեցնում արցախցիների հասցեին, ինչն արագ տարածվում եւ ընդօրինակվում է իր թիմի ու իր համակիրների կողմից:
Եվ բնական է, որ Արցախի հայաթափումից, 2023թ․ սեպտեմբերից հետո Հայաստանում հանգրվանած շատ արցախցիներ պետք է հեռանային Հայաստանից: Միայն Տավուշում հաստատված 1 110 արցախցի է (253 ընտանիք) հեռացել Հայաստանից։ Ահա, այսպես է իշխանությունը «տնավորում» այդ նույն իշխանության մեղքով հայրենիք, հարազատներ, տուն, ապրուստ, հարազատների գերեզմանները կորցրած ու հարկադրաբար Հայաստանում բնակություն հաստատած արցախցիներին, որ նրանք, բնակարան ու աշխատանք չունենալով, հեռանում են երկրից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր