Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Լա՞վ եք մտածել

Լա՞վ եք մտածել

Mon, 20 Apr 2026 18:15:34 +0400


Մի ժամանակ զարմանում էի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի գործողություններից ու խոսույթից: Այնուհետև հասկացա, որ դա անիմաստ «զբաղմունք» է: Դա նույնն է, թե նորմալ մարդը զարմանա անմեղսունակ մեկի վարքի վրա: Ուղղակի պետք է ի գիտություն ընդունել այն հանգամանքը, թե ում հետ գործ ունես: Ու եթե վերջինիս անադեկվատությունը սպառնալիք է դառնում հասարակության ու պետության համար, մնում է սեփական հնարավությունների սահմաններում պայքարել այդ անձի և նրա գործունեության դեմ: Ինչը և անձամբ կատարում եմ 2019 թվականից այս կողմ: Իսկ մին այդ, ինչպես ասել եմ բազմիցս, անընդհատ փորձել եմ օգտակար լինել իշխանությանը տնտեսական ոլորտի իմ իմացությամբ: Միաժամանակ քննադատել եմ «տնտեսական հեղափոխություն» կոչված անհեթեթությունը: Ինչի մասին այսօր չի հիշում անհեթեթ գաղափարի հեղինակ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:
Ինչևէ, հիմա էլ եկել է ընդդիմության վրա զարմանալու հերթը: Ընդդիմության շարքերը, սովորաբար, լրացնում են ադեկվատ անձնավորություններ: Իհարկե, կան նաև այլ տեսակի անձինք, բայց դրանք մեծամասնություն չեն կազմում: Բայց այս օրերին սկսել եմ կասկածել ընդդիմության ադեկվատության վերաբերյալ դատողության ճշմարտացի լինելուն: Փորձեմ հիմնավորել. ընդդիմադիրները, նախ, հասկանում են, որ Նիկոլի վերարտադրվելու դեպքում երկրի ապագայի վրա կարելի է խաչ քաշել: Երկրորդ, հասկանում են, որ պետք է գործադրել ամեն ճիգ դրան խոչընդոտելու համար: Երրորդ, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ մարդիկ գոնե ժամանակավորապես դադարեցնեն միմյանց միս կրծելը: Նման բան ասելն, իհարկե, հաճելի չէ, բայց, այն, դժբախտաբար, իրականության արտացոլումն է:
Եվ, վերջապես, չորրորդ. նախընտրական ժամանակաշրջանում նրանք պետք է միավորվեն եթե ոչ մեկ, ապա գոնե երկու-երեք դաշինքում: Երևի հենց երեք, քանի որ ուղղակի այդպես է ստացվել. դրանք են «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու «Հայաստան» դաշինքը: Որպես բացառություն կարող եմ ավելացնել միայն Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ին: Եթե մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերն իսկապես ցանկանում են վերջ դնել երկրի անդունդ գլորվելուն, պետք է ներառվեն այդ չորսի կազմում: Ներառվեն՝ դաշինք կազմելով, կամ որպես անհատներ ներառվեն դրանց կուսակցական ցուցակներում:
Ներառվողների համար, բնականաբար, ավելի հարմար կլիներ դաշինքային տարբերակը: Բայց այդ դեպքում ստիպված են հաղթահարել ԱԺ մուտք գործելու ավելի բարձր շեմը՝ 8 տոկոսը: Ինչը կարող է անհաղթահարելի խնդիր լինել իրենց համար: Բայց դա, միաժամանակ, նշանակում է, որ մնացածներն այդ չորս ուժերին օբյեկտիվորեն ֆորա (առավելություն) են տալու ապագայի առումով: Ինչն, իհարկե, քաղաքական ուժի համար համարյա թե ինքնասպանության պես բան է: Սակայն դա միակ տարբերակն է ձայները չփոշիացնելու ու վարչապետի աթոռից կառչած անձին հրաժարական պարտադրելու առումով: Որովհետև եթե դա չհաջողվի այս անգամ, ապա մեծ հավանականությամբ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կարող են կայանալ այնպես, ինչպես կայացել են ավտորիտար համակարգեր ունեցող երկրներում: Երբ իշխանությունը եղել է կառավարող մեկ ուժի ձեռքում, իսկ մնացածները ծառայել են որպես ֆոն ապահովողներ: Եթե, իհարկե, Հայաստանը շարունակի գոյություն ունենալ որպես անկախ ու ինքնիշխան պետություն:
Իսկ հիմա զարմանալու պահը: Եթե այս ամենը գիտակցում են ընդդիմադիր բոլոր գործիչները, ապա ինչո՞ւ են որոշել, որ ԱԺ ընտրություններից առաջ պետք է շարունակեն միմյանց հոշոտելը: Ու ընտրությւններին մասնակցեն առանձին-առանձին: Հասկանում են, չէ՞, որ ԱԺ մուտք գործելու իրենց հնարավորությունն այդ պարագայում կլինի նվազագույնը: Ու իրենք նպաստելու են պարտության խորհրդանիշ, Բաքվի կողմից անընդհատ ստորացվող, հայկականության թշնամի անձի իշխանության պահպանմանը: Ու այդ դեպքում նշանակություն չունի, որ դաշինք կազմելու նրանց փորձերը տապալվել են: Խոսքն ասենք, «Լուսավոր Հայաստան»-ի, ՀԱԿ-ի և այլ ուժերի մասին է: Դրանք, իհարկե, ասում են, որ անպայման հաղթահարելու են ԱԺ մուտք գործելու շեմը: Սակայն ասելը հեշտ է, դժվարը դա կյանքի կոչելն է, որ կախված է ոչ միայն իրենց կամքից ու ցանկությունից: Իսկ Աժ մուտք չգործելու դեպքում նրանց հավաքած ձայները փոշիացվելու են: Նրանք դա գիտակցում են, բայց չեն ցանկանում հաղթահարել սեփական ամբիցիաները:
Այդ բոլոր ուժերին առաջարկում եմ միավորվել ու գոնե Երևանում անց կացնել հեռախոսային սոցհարցում: Դա թանկ միջոցառում չէ, ու, կախված դրանում ներառված հեռախոսային զրուցավարների թվից, կարող է տևել առավելագույնը մեկ շաբաթ: Դա որպես նախկինում սոցհարցման խմբի համակարգող եմ ասում: Երևանյան պատկերը ցույց կտա առավելագույն ճանաչվածությունը, քանի որ մարզային բնակավայրերում ու հատկապես գյուղերում այն շատ ավելի ցածր կլինի: Ու այդ պատկերից կերևա, թե որքան է կազմում ԱԺ մուտք գործելու իրենց հնարավորությունը: Իսկ եթե առանձին գնալու փոխարեն միանան խոշորներին, ավելի մեծ շանսեր կլինեն Նիկոլին հեռացնելու առումով: Իսկ ԱԺ-ում իրենց գործունեությամբ կարող են ճանաչելի դարձնել նաև իրենց քաղաքական ուժը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանի» անդամների տներն են խուզարկում

«Ուժեղ Հայաստանի» անդամների տներն են խուզարկում Mon, 20 Apr 2026 16:29:46 +0400 Քիչ առաջ գրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով