Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը
Tue, 21 Apr 2026 14:23:21 +0400

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է Հայաստանի առաջնության մասին։ Նա նշել է, որ այս փուլում քիչ է հետևում Հայաստանի առաջնությանը՝ նշելով պատճառների մասին։
«Այո, հիմա քիչ եմ հետևում, քանի որ երեխաներիս հետ եմ այս պահին զբաղված։ Երկրորդն էլ՝ չեմ կարող հետևել այն առաջնությանը, որտեղ ամեն ակումբում միայն երեք հայ ֆուտբոլիստ է հանդես գալիս։ Ինձ թվում է, որ դա պետք է փոխվի, որովհետև այդպես ոչ մի տեղ չենք գնա։ Իմ ցանկությունն այն է, որ ավելի շատ հայերին հնարավորություն տրվի խաղալու, ինչպես որ եղել է իմ ժամանակ, երբ հանդես էի գալիս Հայաստանի առաջնությունում»,- ասել է Մխիթարյանը։
«Երբ ես էի խաղում Հայաստանի առաջնությունում, այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, միայն 3-4 օտարերկրացի ֆուտբոլիստ կարող էր հանդես գալ խաղադաշտում միաժամանակ։ Պատկերացնու՞մ եք՝ որքան հայ ֆուտբոլիստ կար այդ ժամանակ տարբեր թիմերում, դա շատ լավ էր։ Ինձ թվում է, որ հիմա Հայաստանի առաջնությունը ավելի շատ օտարերկրացիների առաջնություն է դարձել, քան Հայաստանի առաջնություն։ Թեպետ այո, ես էլ եմ հիմա Իտալիայում օտարերկրացի խաղացող համարվում, բայց հասկանում եք, որ այստեղ այդ ամենը շատ ավելի ուրիշ է»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր