Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով

Tue, 21 Apr 2026 15:15:21 +0400


«Հրապարակ»-ի զրուցակիցն է «Մայր Հայաստան» խմբակցության Գյումրու ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանը։

– Պարոն Սիմոնյան, մեկ տարի է անցել այն պահից, երբ Գյումրիում ընդդիմադիր դաշտը համախմբվեց և առաջադրեց քաղաքապետի միասնական թեկնածու։ Թեպետ հետագա զարգացումները բոլորիս հայտնի են, և այսօր քաղաքապետը կալանավորված է, այնուամենայնիվ քաղաքային իշխանությունը շարունակում է մնալ ընդդիմության ձեռքում։ Գոհ ե՞ք այս ընթացքում կատարված աշխատանքից՝ արված և չարված քայլերից։

– Գոհը` գոհ չեմ։ Միշտ ակնկալել եմ առավելագույնը իմ քաղաքի համար։ Սակայն ճիշտ չէ ամեն ինչ միայն քաղաքային իշխանությանը վերագրել․ գործընթացները փոխադարձ են։ Այս լարված իրավիճակում մթնոլորտը առողջ չի կարող լինել, և դա վերաբերում է ոչ միայն Գյումրիին, այլ ամբողջ երկրին։ Ես կողմ եմ համախմբվածությանը, առանց որի դժվար է տեսանելի արդյունք ունենալ։

– Առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ, և այս ընթացքում նկատելի վերադասավորումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը բաժանվել է երկու մասի․ անդամների մի մասը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, միացել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմին և այդ ձևաչափով է պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Մինչդեռ Դուք, պարոն Սիմոնյան, ընդգրկվել եք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակում՝ 20-րդ համարում։ Ի՞նչով է պայմանավորված այս որոշումը, և արդյո՞ք դա չի խանգարի Ձեր գործունեությանը որպես «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ։

-Ես խոսեմ իմ մասով՝ ինչու «Հայաստան» դաշինք, ապա սա որևէ անակնկալ չէ։ Դեռ 2021 թվականին ես աջակցել եմ «Հայաստան» դաշինքին, Գյումրիում ղեկավարել եմ շտաբ։ Ինչ վերաբերում է «Մայր Հայաստան» խմբակցության կազմում ավագանու անդամ լինելուն, ապա մենք ընտրություններին մասնակցել ենք երկու կուսակցությունների ձևաչափով, ինչի արդյունքում էլ ձևավորվեց «Մայր Հայաստան» դաշինքը, և այդպես մասնակցեցինք ընտրություններին, որտեղ ես էլ առաջադրված էի որպես թեկնածու։
Այսօր, թեև ամենակարևորն այն է, որ երկու թևերն էլ գործում են ընդդիմադիր դաշտում։

– Անդրանիկ Թևանյանի և «Մայր Հայաստան» խմբակցության հետ համագործակցություը շարունակվո՞ւմ է, խնդիր չունե՞ք միմյանց հետ։

-Որևէ խնդիր չկա։ Գյումրիում մենք շարունակում ենք համագործակցել ՏԻՄ մակարդակով՝ ավագանու շրջանակում և քաղաքի խնդիրների լուծման ուղղությամբ։

– Վերադառնանք կրկին Գյումրու ավագանու գործունեությանը։ Վերջին շրջանում իշխանական շրջանակներից հաճախ հնչում են գնահատականներ, թե Գյումրիում առկա է կառավարման ճգնաժամ։ Ձեր կարծիքով՝ կա՞ արդյոք նման ճգնաժամ։

– Ֆորմալ առումով՝ ոչ։ Ավագանու նիստերը գումարվում են, կայանում են, քաղաքային իշխանությունը գործում է։ Այս իմաստով ճգնաժամ չկա։ Սակայն, երբ երկրի ղեկավարության և քաղաքային իշխանության միջև չկա շփում, իսկ քաղաքապետը կալանավորված է, ապա խորքային առումով, այո, կարելի է խոսել ճգնաժամի մասին։

– Գնում եք համապետական ընտրությունների, որից իրականում մեծապես կախված է բոլորիս ճակատագիրը։ Ի՞նչ հույսերով, ակնկալիքներով և սպասելիքներով եք մասնակցում այս ընտրություններին։

– Այո, գնում ենք այն հույսով, որ ի վերջո ժողովուրդը կհասկանա՝ որ ղեկավարն ու որ քաղաքական թիմն իրեն իրականում ինչ է տվել և ինչ կարող է տալ առաջիկայում։ Գործող իշխանությունը ութ տարի կառավարելով՝ միայն դառնություն է պատճառել հայ ժողովրդին։2018 թվականին նրանց լոզունգն էր՝ «սեր և համերաշխություն», սակայն շատ կարճ ժամանակ անց այդ սերն ու համերաշխությունը վերածվեց բաժանման՝ «սևերի» և «սպիտակների»։ Նույնիսկ ընտանիքներում քաղաքական հայացքների պատճառով առաջացավ փոխադարձ թշնամանք։Նրանց արկածախնդիր և անպատասխանատու հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, փաստացի առիթ տվեցին Ալիևին ագրեսիվ քայլերի գնալու։Այդ հայտարարությունները ծանր հետևանքներ ունեցան ժողովրդի համար՝ բազմաթիվ զոհերով և տարածքային կորուստներով։ Դրան հաջորդեց 2021 թվականը, երբ տեղի ունեցան հերթական ընտրությունները։ Այնուհետև կրկին հնչում էին հայտարարություններ, թե Արցախը ապագա ունի, Արցախը կա, սակայն 2023 թվականին Պրահայում Արցախը նրանց կողմից ճանաչվեց Ադրբեջանի մաս։
Սա արդեն երրորդ մեծ սուտն էր։ Մեր 90-ականների դաստիարակության մեջ ընդունված էր, որ տղամարդը մեկ անգամ ստում է, այլևս իմաստ չունի նրանով զբաղվել։ Եթե այս ամենից հետո, այսքան խոստումներից ու հայտարարություններից հետո ժողովուրդը կրկին իր ձայնը տա գործող իշխանությանը, ապա ես դժվարանում եմ ինչ-որ բան ասել։ Ես իրականում շատ եմ սիրում իմ ժողովրդին։Ես շատ եմ ճանապարհորդում և յուրաքանչյուր երկրում փորձում եմ ուսումնասիրել տվյալ ժողովրդի բնույթը։ Կարող եմ ասել, որ որևէ այլ ազգի ներկայացուցիչ բնիկ հայից որևէ առավելություն չունի՝ թե՛ մարդկային, թե՛ արժեհամակարգային տեսանկյունից։Հույս ունեմ, որ այս անգամ ժողովուրդը ընտրություններին կմասնակցի ոչ թե էմոցիաներով, սրտիկներով կամ ցուցադրական դրսևորումներով, այլ փաստերով՝ գնահատելով, թե որ ղեկավարի օրոք ինչ առաջընթաց և ձեռքբերումներ են եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է

Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է Tue, 21 Apr 2026 13:29:28 +0400 Երևանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով